«ՌԴ-ԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԽՈՒՄ ՈՒՆԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ժամանակաշրջանում բավական ակտիվորեն խոսվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու ու Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններին հրաժեշտ տալու մասին: Ռուսաստանին «հրաժեշտ տալու» ցանկություն ունեցողները, սակայն, մոռանում են, որ Հայաստանը, բացի քաղաքական ու ռազմավարական կապերից, ՌԴ-ի հետ նաեւ տնտեսական ակտիվ կապեր ունի: Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

 

-Պարո՛ն Պարսյան, այսօր հասարակության մի ստվար զանգված խոսում է Ռուսաստանի հետ կապերը խզելու, ՀԱՊԿ-ի հետ անդամակցությունը դադարեցնելու եւ հայացքը դեպի Արեւմուտք ուղղելու մասին, բայց որեւէ մեկի մտքով չի անցնում,  թե դա Հայաստանի վրա ինչ կարող է արժենալ տնտեսական առումով: Եթե հաշվարկելու  կամ թվարկելու լինենք այն տնտեսական վտանգները, որոնք կարող են գալ Ռուսաստանից, ապա դրանք ի՞նչ տեսք կունենան:

-Հայաստանը Ռուսաստանի հետ ոչ միայն ռազմական, քաղաքական սերտ կապեր ունի, այլ նաեւ տնտեսական: Հիշեցնեմ, որ Հայաստանը 2014թ-ից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ երկիր: Մինչեւ այդ Հայաստանը կնքել է մի շարք տնտեսական պայմանագրեր Ռուսաստանի հետ՝ ազատ առեւտրի, մաքսային եւ այլ պայմանագրեր: Այդ ամենն իր ազդեցությունն է թողել մեր առեւտրային շրջանառության վրա: Ռուսաստանը մեր թիվ 1 առեւտրի կենտրոնն է: Նշեմ, որ այս տարի՝ 7 ամիսների ընթացքում, արտահանումը դեպի Ռուսաստան կազմում է 762 միլիոն դոլար, նախորդ տարվա համեմատ արտահանումը վելացել է շուրջ 70 տոկոսով: Բացի այդ,  Ռուսաստանը հանդիսանում է արտաքին տրանսվերտների կարեւոր երկիր, այնտեղից է գալիս Հայաստան եկող գումարների մեծ մասը: Ռուսաստանից հայաստան է եկել շուրջ մեկուկես միլիարդ դոլար, որը, անցած տարվա համեմատ, կրկնակի ավելի շատ է: Այս ամենը հիմք է, որ հասկանանք, որ Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի ռուսական կողմից եկող դրամական հոսքերից: Այս դրամական օգնությունները եթե չլինեն, ապա Հայաստանը լուրջ ֆինանսական խնդիրներ կունենա: ԵԱՏՄ-ը անդամ լինելով՝ Հայաստանը ունի GSP, GSP+ համաձայնագրեր, ազատ առեւտրի իրավունք մի շարք արեւմտյան երկրների հետ:

-Կպարզաբանե՞ք՝ որոնք են GSP, GSP+ համաձայնագրերը, որ Հայաստանն ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ:

-Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որ ունի նման համաձայնագիր, որը թույլ է տալիս, որ Հայաստանը դառնա կամուրջ  տնտեսական առումով, այսինքն՝ Հայաստանից կարող ենք ապրանք արտահանել ե՛ւ ԵՄ, ե՛ւ Ռուսաստանի Դաշնություն: Հայաստանի համար կարեւոր է նաեւ տնտեսական շարժը, այսինքն՝ միգրացիայի հարցը: Բոլորի համար գաղտնիք չի, որ բազմաթիվ հայեր մեկնում են այնտեղ աշխատանքի եւ անգամ իրենց ընտանիքներն են տեղափոխում տվյալ երկիր, եւ, փաստորեն, Ռուսաստանի տնտեսական իրավիճակը ազդում է նաեւ Հայաստանի բնակչության  եւ ընտանիքների կենսամակարդակի, բարեկեցության ցուցանիշների մակարդակի վրա: Ռուսաստանը մեզ համար նաեւ էներգակիր հումքի երկիր է: Հայաստանը գազ է ներկրում  Ռուսաստանի Դաշնությունից ներքին սպառման համար տարեկան 2 միլիարդ դոլարի չափով: Սահմանի վրա մենք գազի համար վճարում ենք 175 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի հաշվով այն դեպքում, երբ Եվրամիության երկրները վճարում են 2000 եվրոյից ավել: Ռուսաստանից ենք ստանում նաեւ բենզինը, դիզելային վառելիքը եւ այլ էներգակիրներ: Այս ամենը Հայաստանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներ են,  քանի որ մենք չունենք այստեղ:

-Ի՞նչ կասեք հացահատիկի հետ կապված:

-Պարենամթերքի զգալի մասը գալիս է Ռուսաստանից՝  մոտ 60 տոկոսի չափով: Հայաստանը տարեկան սպառում է մոտ 350 000 տոննա հացահատիկ,  որի 99 տոկոսը անցած տարի  ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից եւ այս  տարի նույնպես շարունակվելու է: Մենք այլընտրանքային մատակարար այս պահին չունենք. եթե փորձենք անգամ գտնել, դա ավելի թանկ է, քան ռուսական հացահատիկը: Այնտեղից ենք ներկրում շաքարավազ, ձեթ, տարբեր առաջին անհրաժեշտության  ապրանքներ, որոնք  Հայաստանի համար այս պահին ավելի մատչելի են, քան  այլ երկրների համար: Հայաստանի համար Ռուսաստանը համարվում է թիվ 1 ներդրողը:  Հիմնական ներդրումները  կատարվել են ռուսական ընկերությունների կողմից, եւ սա պետք է գնահատվի եւ կարեւորվի: Հիմնական խնդիրը Ռուսաստան-Հայաստան  առեւտրատնտեսական հարաբերությունների  զարգացման  լոգիստիկ խնդիրն է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԿՆՔՎԵԼ Է «ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ» ՀՈՒՇԱԳԻՐ

Հայ դատի Գլենդելի հանձնախմբի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում՝ սեպտեմբերի 28-ին, ԱՀ արտգործնախարարության եւ Գլենդելի քաղաքային խորհրդի հետ ստորագրվել է Գլենդելի եւ Մարտունիի միջեւ «քույր քաղաքային» հարաբերությունների հաստատման մասին հուշագիր։

 

Հուշագրի նախագիծը Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի կողմից քաղաքային խորհրդին ներկայացվել էր դեռեւս օգոստոսի 23-ին եւ միաձայն ընդունվել:

Հուշագրի ստորագրման առթիվ Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը նկատել է. «Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի ներկայությամբ, Գլենդելի եւ Մարտունիի միջեւ «քույր քաղաքների» համաձայնագրի ստորագրմամբ, մենք մեր հավատարմությունն ենք հայտնում արցախահայության ինքնորոշման իրավունքին եւ հայտարարում՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար: Կոչ ենք անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան, կիրառելու Բաքվին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակումները եւ շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի՝ վտանգի տակ գտնվող բնակչությանը»։

Երկու քաղաքների միջեւ կապերը խթանելու նպատակով Հայ դատի Գլենդելի հանձնախումբը հայտարարել է «Գլենդել-Մարտունի քույր քաղաքների ասոցիացիայի» աշխատանքների մեկնարկի մասին՝ երկու քաղաքների միջեւ դյուրացնելու մշակութային, կրթական եւ մարդասիրական փոխանակումները:

Իր հերթին Հայ դատի Գլենդելի հանձնախմբի նախագահ Լյուսի Պետրոսյանը նշել է. «Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ներկայությամբ ստորագրելով այս համաձայնագիրը՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը համերաշխության եւ հույսի հզոր ուղերձ է հղում արցախահայությանը, որը շարունակում է բախվել գոյութենական սպառնալիքին»։

Ավելին՝ սեպտեմբերի 23-ին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները համատեղ ստորագրությամբ նամակներ են ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ հանդես գալով Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային օժանդակության դադարեցման եւ 907-րդ բանաձեւի վերականգման օգտին։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հանդիպում է ունեցել Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի եւ հոլանդական «D66» կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Մայես Բոսի հետ։

«Խոսեցինք Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում բնակիչների ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու, կրթության իրավունքների ոտնահարման, մինչ օրս Ադրբեջանի կողմից պահվող գերիների, անհետ կորածների մասին։

Անդրադարձ կատարեցի արցախյան հակամարտությանը եւ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը։

Գործընկերներիս ներկայացրի համապարփակ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների եւ ռազմական հանցագործությունների մասին»,- հայտնում է Թագուհի Թովմասյանը:

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ

«Ժողովուրդ»օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ Արցախի պաշտպանության նախկին  նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք  են տվել նաեւ Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների  ծնողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների  համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց  առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների  20 ծնողներ եւ  կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե  ովքեր են  պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագի համաձայն՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ: Ի դեպ, Ցորի  զորամասի  զինվորների  մահվան  դեպքով կա կալանավորված. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է, որի  գործն արդեն դատարանում է:

 




Լրահոս