Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին և ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոնին:
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.
«Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում Ձեզ շատերն են ճանաչում, ձեր գործունեությանը ծանոթ են, առավել ևս, որ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում դուք մեծ դեր եք ունեցել ճշմարտությունը ներկայացնելու առումով: Վերջին 30 տարում, պատերազմների ընթացքում միշտ մեկ խնդիր է եղել՝ ճշմարտությունը ներկայացնելը: Այն ինչ-որ մենք ենք ցանկացել որ ներկայացվի աշխարհին ու մարդկանց շատ դեպքերում չի հաջողվել՝ հատկապես ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում, բայց հետագայում այդ աշխատանքները մի քիչ հեշտացան: Արդեն կայիք դուք, 90-ականների ձեր նախորդները, մեր գործընկերները, որոնք մեզ հնարավորություն տվեցին անշահախնդիր ձևով ներկայացնել իրականությունը»:
Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման բանակցություններից, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանի ակնկալիքներից ու միջազգային դիտորդական խմբի տեղակայման շուրջ առկա խոչընդոտներից և հնարավորություններից: Նախագահ Խաչատուրյանը մանրամասներ ներկայացրեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և շեշտեց, որ նմանօրինակ առաքելությունները յուրօրինակ մեխանիզմներ են ռազմական էսկալացիանների կանխման համար:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության «Երախտագիտության մեդալով» պարգևատրեց Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին և Սիլվեն Տեսսոնին: