ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսկ ինչի՞ց է սկսվել պատմությունը:

2021 թվականի օգոստոսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի հոդված էր հրապարակել այն մասին, որ, որպես առողջապահության փոխնախարարի, շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների» օրոք երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում` որպես բաժնի պետ եւ, որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Հիշեցնենք, որ երկար տարիներ ՊԱԳ-ում էր աշխատել Արսեն Թորոսյանի կողմից փոխնախարար նշանակված Արսեն Դավթյանը, որը վերջերս դատապարտվեց 7 տարվա ազատազրկման առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Այս հոդվածը ամբողջությամբ, իսկ վիճարկվող մասը հատկապես հիմնված է պաշտոնական տեղեկության եւ գնահատողական դատողության վրա, որը էլի հիմնված էր պաշտոնական տեղեկությունների վրա: Այսինքն՝ Առողջապահության պետական գործակալությունը իրապես եղել է Հայաստանի ամենակոռումպացված համակարգերից մեկը եւ շարունակում է մնալ, ինչի մասին բոլորովին վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նաեւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը: Իսկ կոնկրետ Սամվել Խարազյանի մասով տեղեկությունը, որ նա ձերբակալված է եղել եւ անցել է մի քրեական գործով, հիմնված էր ՀՀ իրավապահներից ստացված պաշտոնական տեղեկության վրա, բայց հայցվորը, առանց մեզ հերքման պահանջ ներկայացնելու, միանգամից դատարան է դիմել:

Հիմնազուրկ դատավճիռը

Եւ, ահա, Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը 13.04.2022-ին կայացրել է դատավճիռ. «Պարտավորեցնել պատասխանող «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը հրապարակային ներողություն խնդրել հայցվորի վերաբերյալ կատարած վիրավորական արտահայտությունների համար («…Oրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների» օրոք երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ եւ, որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով (այդ թեմային «Ժողովուրդը» մի քանի անգամ անդրադարձել է)։ …. Հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը), որոնք հիմնված չեն փաստերի եւ բավարար փաստակազմի վրա: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ջանիբեկի Խարազյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ջանիբեկի Խարազյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»: Ի՞նչ է ստացվում. լրագրողը հրապարակել է նյութ՝ բացառապես հենվելով ՀՀ քննչական կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկությունների վրա, եւ դատավոր Լիզա Գրիգորյանը վճռել է, թե անհիմն վիրավորանք է հնչեցվել: Հետաքրքիր է, թե փաստական ինչ հանգամանքներ է ուսումնասիրել դատավոր Գրիգորյանը, որ զրպարտություն է համարել ակնհայտ ճշմարտությունները:

Իսկ ո՞վ է հայցվորը:

«Ասիական զարգացման բանկ»-ի բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սամվել Խարազյանն է հայցվորը, որը աշխատել է Հայաստանի իսկապես ամենակոռումպացված համակարգերից մեկում եւ անցել մի քրեական գործով՝ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով. ձերբակալվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկրից չբացայակելու վերաբերյալ: Այնուհետեւ վերաորակվել է այս գործը` որպես պաշտոնական անփութություն: Վերաորակվել է, քանի որ Սամվել Խարազյանը զղջացել է կատարած հանցավոր արարքների համար, պետությանը հասցված վնասը վերականգնել է, ինչի հիմքով էլ քրգործը կարճվել է:

Կցում ենք նաեւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրված պաշտոնական պատասխանը: ՀՀ քննչական կոմիտեի պատասխանի բովանդակությունը թույլ է տալիս գնահատել, որ դատավոր Լիզա Գրիգորյանը ակնհայտ ոչ օրինական եւ կողմնակալ վճիռ է կայացրել, որի բողոքարկման ժամկետը օբյեկտիվ պատճառներով բաց ենք թողել (պատերազմական իրավիճակով պայմնավորված):

Հ. Գ. Սամվել Խարազյանը փաստաբան Տիգրան Եգորյանի ձեռքով եւս մեկ հայց է ուղարկվել դատարան՝ դարձյալ նույն հիմքով, թե ինչու ենք հիշեցնում՝ ով է եղել նախկինում Սամվել Խարազյանը, որն իրեն այսօր անկախ փորձագետ է ներկայացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ գնալու է մինչեւ վերջ: Մենք պետք է մեր բնականոն գործունեությունը կարողանանք վերականգնել եւ ազատ տիրապետել մեր ֆինանսական միջոցներին: Մեզ արգելանքներով չե՛ք կարող վախեցնել:

«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրություն

 

 

 

ԱՆՎԱՎԵՐ 5 ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

ՔՊ կուսակցության վստահված անձինք՝ Գարիկ Ամիրջանյանը, Խաժակ Մելքումյանը, ավագանու թեկնածուներ Էմանուել Ուզունյանը, Կորյուն Չոբանյանը, Արթուր Ծատուրյանը, Սեւակ Բադալյանը դիմումներ են ներկայացել թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ պահանջելով Բերդի 38/04, 38/05, 38/07,38/08, 38/15 եւ 38/21 ընտրական տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել։ Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ սեպտեմբերի 27-ին վերահաշվարկվել են ընտրական 3 տեղամասերի քվեաթերթիկները, վերահաշվարկի արդյունքում 2 հատով պակասել է «Զորավոր համայնք»   դաշինքի օգտին քվեաթերթիկների թիվը, 1-ով՝ ՔՊ-ի օգտին քվեաթերթիկների քանակը, այդ 3 քվեաթերթիկներն անվավեր են համարվել։ Սեպտեմբերի 28-ին մնացած 3 ընտրական տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում «Արժանապատիվ սերունդ»    դաշինքի օգտին քվեաթերթիկների թիվը 2-ով պակասել է, դրանք անվավեր են համարվել:

 

 

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 1966թ.-ին  ծնված  Հովհաննես Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի պետի տեղակալի պաշտոնը , 2019թ. մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպել եւ  հսկել  է ենթակա աշխատակիցների կողմից մաքսային կետի խորը զննման անգար մուտք եղած ավտոմեքենաների ու դրանցում առկա բեռների զննման, կշռման, հաշվառման եւ  ձեւակերպման ողջ գործընթացը: Ներկրված բեռների մաքսային հսկողության ընթացքում Հ. Մարաբյանը դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ամբողջ ծավալով չի կշռել եւ չի հաշվառել անգարում առկա բեռները, ներկրողները բեռնատար ավտոմեքենաներում բեռնել են չհայտարարագրված եւ  անգարի ելքի դռան մոտ կուտակված 13191,89 կգ քաշով ապրանքներ, որոնք մաքսային հսկողության տարածքից դուրս են բերվել՝ օգտագործելով որոշ ապրանքների ձեւակերպման փաստը հաստատող թվով 4 հայտարարագրերը, սակայն դրանց տեղափոխումը Երեւան  խափանվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխտակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում։ Ա. Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով։ Նրա  նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է  չհեռանալու մասին ստորագրությունը։ 2021թ. սեպտեմբերի 21-ին Հ. Մարաբյանը մահացել է։ Դատավոր  Զոյա Զաքինյանը համարել է, որ Հ. Մարաբյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ, անորոշ է,  2022թ. մայիսի 11-ին վճռել է Հ. Մարաբյանին արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով։ Այդ  դատավճռի դեմ  մեղադրող Ա. Գեւորգյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով   խնդրել է բեկանել  Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի կայացրած վճիռը, Հ. Մարաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  եւ նրան ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից: Սույն քրեական գործով վերաքննիչ դատարանում նիստեր են կայանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱԲՍՈՒՐԴ Է

Կառավարությունն իր երեկվա՝ սեպտեմբերի 29-ի նիտում հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ եւ, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:

«Կրթությունը մարդուն հնարավորություն է տալիս, որ նա ստիպված չլինի աշխատել 75 հազար դրամով։ Եթե մարդը աշխատում է ամսական 75 հազար դրամով կամ աշխատանք չունի, դա նշանակում է, որ նա պատշաճ կրթություն չի ստացել, ընդ որում՝ խոսքը միայն բարձրագույն կրթության մասին չէ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդծելով, որ կրթությունն անկյունաքարային նշանակություն ունի բոլոր ոլորտներում։

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցել է ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանի հետ:

«Այդ որ իրենք բարձր աշխատավարձ են ստանում, լավ կրթություն են ստացե՞լ, հա՞: Կարծում եմ՝ սա աբսուրդի ժանրից է: Իհարկե, ես հասկանում եմ, որ Հայաստանը աբսուրդի երկիր է, բայց ա՞յս մակարդակի: Ուսուցչի, դասախոսի, դոցենտի պաշտոնը զբաղեցնելու համար կա հատուկ սահմանված կարգ,  դրույքաչափ, եւ եթե դու դրան չհամապատասխանես, լավ կրթություն, ստաժ, պաշտպանություն չունենաս, քեզ պարզապես աշխատանքի չեն վերցնի: Ամեն աշխատանք ենթադրում է պարտադիր պայմաններ. վարչապետի պաշտոն չէ, որ սահմանված չէ, թե ինչ կրթություն պետք է ունենա, ինչ գիտական այլ ծառայություններ ունենա»,-նշեց նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գարեգին Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի պողոտա 31ա/2) եւ պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ եւ անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամասի տարբեր տարածքներ կանխելու համար:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 




Լրահոս