2021 թվականի սեպտեմբերի 29-ին հիվանդանոցում մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյանը): Մեկ տարի անց Հայկոյի ընկերներն իրեն նվիրված նոր երգ եւ հոլովակ են ներկայացրել հանրությանը:
«Դու գնացիր վերեւ» երգը ներկայացնում են Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Արամ mp3-ն, Գրիգոր Աղախանյանը, Րաֆֆի Ալթունյանը, Միհրան Ծառուկյանը: Երգի երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, խոսքերի հեղինակը՝ Գեւորգ Ալթունյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Հրաչ Քեշիիշյանը:
Սիրո հավերժ երգչի մահվան տարելիցին նվիրված գրառումներ են արել իրենց սոցիալական էջերում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները:
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը գրել է. «Մեկ տարի՝ առանց քեզ… Այսօրվա պես հիշում եմ՝ ոնց ափսեն ձեռքիցս ընկավ, երբ իմացա այդ լուրը: Չէի հավատում ու չէի կարողանում ընկալել՝ ինչ է կատարվել, մինչեւ չտեսա քեզ: Ասես քնած լինեիր, ում մենք բոլորս այցի էինք եկել: Ննջի՛ր խաղաղությամբ, իմ ավա՛գ ընկեր…
Մեկ տարի սրտումս կիսատ մնաց երազանքս՝ քեզ հետ դուետը, բայց երեւի արդեն կերգենք վերեւում միասին»:
Կոմպոզիտոր Արա Թորոսյանը գրել է. «Ասացիր՝ կապ չունի, թե ինչ կանես, մենակ դու բեմի վրա մեջքիս կանգնած եղիր, ու ես հանգիստ «կուտեմ բեմը» Նույնիսկ չքննարկվեց, թե ինչ ու ոնց եմ անելու, որովհետեւ դու Հայկոն ես: Մեկ տարի….»:
Նշենք, որ Հայկոն 1987 թ. ավարտել է Երեւանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը եւ ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի Big Apple երգի փառատոնին եւ դարձել հաղթող։ 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. եւ 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թ. Հայաստանի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ եւ զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. եւ 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին «Մի՛ վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաեւ «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։
2021 թ. սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից թոքերի 80% ախտահարմամբ։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՂԱՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԵԼ Է
Դերասան Աղաս Մանուկյանը, անդրադառնալով հայկական շոուբիզնեսի ներկացուցիչներին, քննադատության կիզակետում պահելուն սոցիալական ցանցի իր էջում վրդովված գրառում է կատարել.
«Բոլորս էլ հասկանում ենք երկրի ծանր վիճակը, ցավն ու տրամադրությունը, բոլորս էլ մարդ ենք, անզգա չենք, բոլորիս էլ մայր ա բերել լույս աշխարհ, բայց խնդրում եմ մի քննադատեք մեզ, էն մարդկանց, ովքեր պետք է զբաղվեն իրենց հիմնական գործով, նկարահանվեն, խաղան ներկայացումներ՝ փորձելով բոլորիս մի պահ կտրել առօրյայից: Նստելն ու միշտ սգի մեջ մնալը մեզ չի ուժեղացնելու»,-նեղսրտաց գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերվանից սկսած ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետանային գնդակոծության է ենթարկել հայկական բանակի դիրքերը, ինչպես նաեւ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերը։ Տարբեր ինտենսիվությամբ մարտեր էին ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար, Ներքին Հանդ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմից զոհվածների եւ անհետ կորածների թիվը 207 է, զոհվածների թվում կա երեք խաղաղ բնակիչ։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 7 խաղաղ բնակիչ։ Առնվազն 20 զինվորական գերի է ընկել։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլեւս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։
Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ եւ բարձր պրոֆեսիոնալիզմ դրսեւորելու համար:
Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգեւելով երկրպագուներին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը եւս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար եւ նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի արեւմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022թ. գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ Դատին իր համեստ աշխատանքը նման բարձր գնահատանքի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ կշարունակի անմնացորդ ծառայել հայրենիքին եւ պետությանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։