ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 104

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- այս մասին դեռեւս 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում հայտարարում էր այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ըստ երկրի առաջնորդի՝ սարսափելի բան չկա, որ գերիները մեկ, երկու ամիս ավելի կարող են անցկացնել հակառակորդի բանտերում ու կտտանքների ենթարկվել նրանց կողմից: Այսօր, սակայն, երբ հասարակությունը պարզապես ցնցված է՝ ինչպես են ադրբեջանցիները վարվում հայ գերիների հետ՝ գնդակահարելով նրանց, Փաշինյանի՝ վերոնշյալ խոսքերն է՛լ ավելի ցավեցնող են դառնում: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պարզվում է, այժմ փոխել է դիրքորոշումը կամ հասկացել է, որ զգայուն այդ թեմայից հնարավորիս քիչ պետք է խոսի: Օրերս՝ սեպտեմբերի 30-ին ունեցած հարցազրույցի ժամանակ արդեն Փաշինյանը հայտարարում էր. «Դա այն հարցերից է, որ մեր ամենօրյա աշխատանքի թեմաներից է: Ես նաեւ նախկին փորձից գիտեմ. օրինակ՝ երբ ես Վլադիվոստոկում էի, գերիներից հարց տվեցին, ասացի՝ թույլ տվեք՝ ոչինչ չասեմ։ Հաջորդ օրը հինգ գերի վերադարձավ, ես գիտեի, բայց եթե հայտարարեի, գուցե բարդություն առաջանար: Ես ոչ թե բան չունեմ ասելու այս թեմայով, ասված ցանկացած բան շատ տեղեկատվություն կտա հանրությանը, բայց ոչ մի օգուտ չի տա մեր գործին, մեծ հավանականությամբ, վնաս կտա»: Նա, փաստորեն, գերիների մասին հակասական հայտարարություններ է արել. մեկ ասում է՝ նրանք մեր անկախության համար են պայքարում, հետո գերադասում է լռել, որ չվնասի: Սա նշանակում է, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

 

 

 

Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 16-ին, նշել էր. «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաեւ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ շրջափակումների մեջ: Սպասում ենք՝ պաշարները վերջանան, եւ ինքնուրույն հետ գնան»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար՝ այդ խումբը գնաց, թե ոչ, սակայն մեզ պատասխան այդպես էլ չտվեցին։ Փորձեցինք անգամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից պատասխան ստանալ, սակայն դա էլ չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան: Ի վերջո, կարող էինք նրանց եւս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն:

 

 

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում: «Ժողովուրդ»  օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տեւական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, եւ քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է: Ավելին՝ դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում պատկեր է ստեղծել, թե քաղաքական իշխանություններն իր թիկունքում են, սակայն Աննա Վարդապետյանի նշանակումով իրավիճակը փոխվել է: Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին հասկացրել են, որ նա, լինելով «բարձրակարգ իրավաբան», ձախողեց Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը, քանի որ ՍԴ-Ն այն հակասահմանադրական ճանաչեց:  Գեւորգ Բաղդասարյանի եւ Աննա Վարդապետյանի ներքին հակադրությունները սկսվել են սեպտեմբերի 2-ից հետո: Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել եւ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։ Գեւորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն քննությունը ընթացել է լարված մթնոլորտում, եւ Հակոբյանին սեպտեմբերի 29-ին քննությունից կտրել են: Պարզվում է՝ հանձնաժողովի նախագահը եղել է նախկին դատախազ Արթուր Դավթյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Գեւորգ Բաղդասարյանը, որին չի ներվի հանդգնությունը: Հավելենք, որ Գեւորգ Բաղդասարյանի պաշտոնազրկման գործընթացի ծիլերը արդեն դատախազությունում նկատելի են, նրա ամենամտերիմներից մեկին Երեւան քաղաքի դատախազությունից տեղափոխել են մարզ՝ հասկացնելով, որ նախկին բարքերը ավարտվել են:

 

 

Երեկ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել եւ հաստատել այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգը։ Արդեն դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության  պատգամավորներն էին հավաքվել՝ քննարկելու այսօր կայանալիք նիստերի օրակարգը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստի ժամանակ առանձնահատուկ որեւէ բան չի քննարկվել, խոսել են օրակարգի մասին եւ հեռացել։ Հետաքրքիր է, որ սովորաբար նրանց այս նիստերին մասնակցում էր անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս անգամ նա բացակա էր։ Ավելին՝ ՔՊ-ականները  զարմացած էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում եղած հրապարակումից, որի մեջ նշվել են Ադրբեջանի հինգ պահանջները։ Այս թեման երեկ նրանք արծարծել են միմյանց հետ խոսելիս՝ հասկանալով, որ իրավիճակը իսկապես լուրջ է, սակայն ՔՊ նիստի ժամանակ այլ հարցերի անդրադարձ չի եղել, բացի օրակարգի մի քանի թեմաներից։

 




Լրահոս