ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ի քաղաքականություն մշակողները Կոնգրեսում երկկուսակցական կայուն ճնշման ներքո քննարկում են Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայից եւ էթնիկ զտումներից պաշտպանվելու համար»։ Ադրբեջանական վերջին հարձակման օրերին Փաշինյանն էր խոսել պաշտպանական զենք ձեռք բերելու դժվարությունների մասին, թե փողը կա, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ սպառազինություն վաճառել Հայաստանին:

 

Այս եւ այլ հարցերի շուրջ Armlur.am-ի զրուցակիցն է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նեյլ Մակֆարլեյնը։

-Պարո՛ն Մակֆարլեյն, 1991 թվականի՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ ԱՄՆ քաղաքական գործիչները դիտարկում են սպառազինության վաճառքը Հայաստանին, որպեսզի օգնեն պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից։ Ի՞նչ եք կարծում, այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի՞։

-Չի բացառվում, որ ԱՄՆ-ն ի վերջո զենք վաճառի Հայաստանին, սակայն  երաշխավորված չէ։ Իհարկե, ԱՄՆ-ն ունի զգալի հետաքրքրություններ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, սակայն դրանք կան նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Եվ սա հատկապես հիմա՝ հաշվի առնելով Եվրոպայում գազի դեֆիցիտը։ Եթե անգամ նրանք նախկինում զենք են վաճառել, չեմ կարծում, թե դա եղել է այն մակարդակի վրա, որ ազդել է կոնֆլիկտի վրա։

-Ըստ Ձեզ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել կամ կարող է ունենալ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։

-Խոսնակ Փելոսին կոնգրեսական է Կալիֆորնիայից։ Գաղտնիք չէ, որ Կալիֆորնիան ունի հայկական մեծ համայնք։ Նա արեց այն, ինչ պետք էր ներքաղաքական պատճառներով։ Չեմ կարծում, թե այն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա կարող են էական ազդեցություն ունենալ։

-Դուք հետեւո՞ւմ եք Հայաստանում տիրող իրավիճակին։ Վերջին շրջանում ավելացել են հակառուսական տրամադրությունները։ Այդ ամենը օբյեկտիվ համարո՞ւմ եք։

-Ես մի փոքր հետեւում եմ։ Մի պատճառը կարող է լինել մեծ թվով ռուսների հաստատումը Հայաստանում։ Մյուս պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ վերջին ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանը լուրջ օգնություն չցուցաբերեց Հայաստանին։ Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանն ունի իր հետաքրքրությունը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ հարաբերություններում։ Նա ձգտում է պահել երկուսին եւ չնեղացնել նաեւ Թուրքիային։

-Ամեն դեպքում, Ռուսաստանն իրեն պահե՞լ է որպես ռազմավարական դաշնակից։

-Ոչ, նրանք խաղում են երկու կողմերում էլ։ Ռազմավարական դաշնակիցներն իրենց այդպես չեն պահում։

-Երեկ նոր կադրեր հրապարակվեցին, որոնք կրկին անգամ ապացուցում են Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին։ Նախկինում եւս այլ ապացույցներ կային։ Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում։

-Եթե Հայաստանը կարծում է՝ գործ ունենք Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների հետ, ապա կարելի է այն հասցնել Միջազգային քրեական դատարան, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմեական համաձայնագիրը, որը ստեղծել է Միջազգային քրեական դատարանը։ Եթե Հայասանը դիմի դատարան, ապա ես կարծում եմ, որ Ադրբեջանը հակընդդեմ հայց կներկայացնի արդեն Հայաստանի դեմ նույն մեղադրանքով։ Ի վերջո, մասսայական տեղահանումները միջազգային իրավունքի համաձայն եւս հանցագործություն է համարվում։ Ես կարծում եմ՝ Հայաստանը կարող է դիմել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, բայց այս դեպքում ելքն անկանխատեսելի կլինի։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.  «Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հետեւողականորեն հիմնավորել խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, Ադրբեջանը գործում է հերթական պատերազմական հանցագործությունները:

 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունները պետական մակարդակով հովանավորվող Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումներն են։ Պատերազմական այս հանցագործությունները ոտնահարում են բոլոր այն մեխանիզմները, միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջները, որոնց ջատագովն է միջազգային հանրությունը, եւ որոնցով որ պետությունները պարտավորվել են առաջնորդվել ժամանակակից միջազգային հարաբերություններում։

Ռազմագերիների կյանքի իրավունքի ոտնահարման այս հանցագործությունները ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնեւի կոնվենցիայով ամրագրված արգելքները՝ ոտնձգությունը կյանքի եւ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես՝ ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը եւ խոշտանգումները։

Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ նամակներ եմ ուղարկում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր միջազգային գործընկերներին՝ շտապ գործարկելու բոլոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ ի պաշտպանության միջազգային հանրության «մարդասիրական մանդատի» ներքո գտնվող հայ ռազմագերիների իրավունքների։

Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս հանցագործությունները միջազգային դատարանի եւ հանրության կողմից պետք է անհապաղ քննության առարկա դառնան դրանց քրեաիրավական որակման առումով, եւ հանցագործները շտապ ենթարկվեն պատասխանատվության»։

 

 

ԾԱԽՍԵՐԸ՝ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգարդությամբ՝ ԱԺ պատգամավորները կմեկնեն Ռուանդա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 9-15-ը Կիգալի՝ Ռուանդայի մայրաքաղաք կմեկնեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Էդուարդ Խանզրադյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը:

Կարգադրության մեջ նշվում է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուանդայում մասնակցելու է Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Հավելենք, որ գործուղման բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը հոգում է ՀՀ պետբյուջեն:

 

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանն ու Հակոբ Ասլանյանը ներկայացրել են փոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: ArmLur.am-ը նախագծից տեղեկանում է, որ սահմանվելու է այն հերթականությունը, որով տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվելու:

Ըստ այդմ, այն կունենա հետեւյալ հերթականությունը.

  1. հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը՝ բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզիայով գործող հանրային հեռարձակողների,
  2. հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
  3. մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
  4. մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
  5. սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հանրային հեռարձակողները,
  6. հեղինակազրկված հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:

Հիմնավորման մեջ նշվում է, թե նախաձեռնության նպատակն է սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի՝ եթեր հեռարձակման հերթականությունը:

 

 




Լրահոս