ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ՝ ԿԸՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրապարկել է, թե ում է առաջադրում ԿԸՀ նախագահի ու ԿԸՀ անդամների պաշտոններում:

 

Այսպես, ԿԸՀ նախագահի պաշտոնում քաղաքական իշխանությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

ԿԸՀ անդամների պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Նունե Հովհաննիսյանի, Ժիրայր Կարապետյանի, Արուսյակ Տերչանյանի, Արմեն Սմբատյանի, Աննա Գրիգորյանի եւ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները:

Նունե Հովհաննիսյանը ԿԸՀ-ում աշխատելու երկարամյա փորձ ունի, համակարգում 2006-ից է: 2014-ից առ այսօր երկու անգամ ԿԸՀ անդամ է ընտրվել:

Արմեն Սմբատյանը համակարգում 2007-ից է: Սկզբնապես թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եղել, ապա Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով (2011-ին) նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի քարտուղար: Սմբատյանն առ այսօր ԿՀԸ քարտուղարն է:

ԿԸՀ-ի հնաբանկներից է նաեւ Սիլվա Մարկոսյանը: 2007- 2011-ը եղել է ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ: 2011-ին ու 2016-ին սկզբում՝ նախագահի հրամանագրով, ապա ԱԺ-ի որոշմամբ ընտրվել ԿԸՀ անդամ:

Արուսյակ Տերչանյանը,  Աննա Գրիգորյանն ու Ժիրայր Կարապետյանը ԿԸՀ-ի հետ մինչեւ այս պահն առնչություն անուղղակի կերպով են ունեցել: ArmLur.am-ի տեղեկացմամբ՝ Տերչանյանն ու Կարապետյանը համագործակցել են ԿԸՀ-ի հետ, դասընթացներ են անցկացրել, դասախոսություններ կարդացել: Այդ մասին Արուսյակ Տերչանյանի Facebook-ի անձնական էջում հրապարակված լուսանկարներն էլ են վկայում: Նշենք, որ Տերչանյանը IFES Armenia ընկերությունում է այժմ աշխատում, նախկինում եւս մջազգային տարբեր կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հետ է համագործակցել:

Մեր տեղեկություններով՝ Ժիրայր Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է, այժմ Ճանապարային ոստիկանությունում է աշխատում:

Աննա Գրիգորյանը, որն այժմ ՊԵԿ-ում է աշխատում, մոտ մեկ տարի առաջ ԱԺ-ում էր. աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի տեղակալն էր:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԻՍՊԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոյի գրառումը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ:

«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են:

Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու եւ մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- գրել է պատգամավորը:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԽԱԲԵՑ

Ադրբեջանը խոստացել էր մինչեւ սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:

Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ Է

Արթուր Ասոյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունների կատարումը կվերապահվի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանին:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը շաբաթներ առաջ էր գրել, որ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ազատման դիմում է գրել: Տեղեկությունը անձամբ մեզ հետ զրույցում հաստատեց նա` նշելով, որ կա նման բան: Մեր այն հարցին՝ ինչն է պատճառը, հայտնեց, որ պաշտոնից հեռանալը այլ աշխատանքի անցնելու հետ է կապված:

 

 

 

ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

ՀՀ Ազգային Ժողովի նախագայ Ալեն Սիմոնյանն օրերս Մոսկվա կմեկնի։ Հրավիրողը Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի այցը տեղի կունենա հոկտեմբերի 9-12-ը։

Տեղեկացանք նաեւ, որ, ըստ երեւույթին, ԱԺ նախագահ Սիմոնյանի հետ Մոսկվա կմեկնեն ԱԺ հայ-ռուսական բարեկամական խմբի անդամները։

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆԱԿՆԿԱԼԻ ԵՆ ԵԿԵԼ

Երեկ  Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է Ադրբեջանի 5 պահանջները:

  1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
  2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով,
  3. միջանցք՝ Հայաստանի տարածքով,
  4. սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թթ. քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը),
  5. անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում (հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով):

ArmLur.am-ի տեղեկություններով՝ անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում են անակնկալի եկել այս հոդվածից, քանի որ վարչապետ Փաշինյանը երբեք այսքան պարզ եւ դետալային չի խոսել իր թիմի հետ: Իհարկե, վերջին՝ սեպտեմբերի 28-ի երեք ժամանոց ՔՊ-ի նիստի ժամանակ Փաշինյանը ասել է, թե իրավիճակը վատ է, բայց այս հոդվածն ավելի շատ է վախեր սերմանել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող ՔՊ-ն որոշել է համագումար իրականացնել մինչեւ այս ամսվա վերջ, սակայն դեռ վերջնական որոշում չեն կայացրել իրավիճակի անկայուն եւ ոչ պարզ լինելու պատճառով:

 

 

 

ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ Է ԴՆՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը։ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւ դադարեցված է։ Տեղեկացնեմ նաեւ, որ այսօր նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 20-ին էր գրել, որ իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես իրենով կանի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը:

 

 

 

 




Լրահոս