Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում ուշագրավ բացահայտումներ տեղի ունեցան: Մասնավորապես, այդ օրը պարզ դարձավ, որ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արման Անտոնյանը նույն ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի դեմ բողոք է ներկայացրել, ոչ ավել, ոչ պակաս, իր դեմ մահափորձ կազմակերպելու համար:
ArmLur.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանը նկատում է՝ նման հայտարարությունների պատճառը պարզապես ավագանու նախավերջին նիստն է եղել, որտեղ ընդամենը վիճաբանություն է եղել իր եւ Արման Անտոնյանի միջեւ: «Նա գնացել եւ ասել է, թե ինչ-որ կապ ունենք այդ դեպքերի հետ: Գնացինք Քննչական կոմիտե, մի քանի ժամ մնացինք եւ վերադարձանք Երեւան: Էլի եմ ասում՝ նիստի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունը կապ չունի ոչ մի բանի հետ: Տվյալ անձնավորության մասով սպասելի էր, եւ ես չզարմացա: Գրեթե ամեն նիստին մի քանի անգամ են նման վիճաբանություններ լինում: Եվ մեր հնչեցրած արտահայտությունները եւս աղերս չունեն իրականության հետ: Նույնիսկ այդ գործում կան արդեն մարդիկ, որոնք որոնման տակ են, եւ գրեթե հայտնի են մարդիկ», – ընդգծեց նա:
Իսկ ի՞նչ պատմության մասին է խոսքը. 2021 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ անձինք մահակներով եւ դանակներով ներխուժել էին Արման Անտոնյանի տուն։ Նրան դաժան ծեծի էին ենթարկել եւ դանակի 11 հարված հասցրել։ Հանցագործները փախչելիս հարվածներ էին հասցրել նաեւ Անտոնյանի 87-ամյա հորը։ Եվ, փաստորեն, նա տվել է նաեւ ավագանու անդամների անունները:
Խաչատրյանը նաեւ իրավապահ մարմիններին, քաղաքապետարանի անվտանգության ուշադրությունը հրավիրել էր, հորդորել դիտել Երեւանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի տեսագրությունը, քանի որ հստակ երեւում է՝ ավագանու նույն անդամը գալիս է նիստերին զենքով: «Ես բարձրաձայնեցի, որ կարծես թե զենք էր, վստահ չասեմ, տպավորությունն էր այդպիսին, սակայն դա պետական պահպանության տակ գտնվող տարածք է, եւ նա այնքան վախեցած է, որ զենքով է գալիս: Միգուցե հենց ինձնից կամ տիկին Վարդանյանից է վախենում, բայց ծիծաղելի է: Ես ասացի՝ կարող են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները փակվել եւ պաշտպանել նման մարդկանց իրավունքները: Մենք շատ ավելի ուժեղ ենք, եւ դա փաստ է: Ես ինձ ավելի ուժեղ եմ պատկերացնում, քան նման մարդիկ», – նշում է նա:
Սակայն նրա խոսքերին արձագանք չի եղել: «Հենց ամբողջ խնդիրն այն է, որ իշխանական ավագանու անդամը, երբ անհեթեթ մեղադրանք էր հնչեցրել, մեզ հրատապ կանչեցին: Սակայն արդեն տասն օր է անցել իմ հնչեցրած խոսքերից հետո, շուտով նորից ավագանու նիստ է, եւ նորմալ չէ, որ Երեւանի գլխավոր դահլիճ գան զենքով, եթե անգամ դա օրինական է: Այստեղ ես խնդիր եմ տեսնում, եւ ոստիկանությունը որեւէ կերպ չի արձագանքում: Դա նորմալ չէ», – նշում է նա:
Անի Խաչատրյանը նշում է, որ ՔՊ ավագանու անդամ Արման Անտոնյանի հետ հարաբերությունները բավականին լարված են: «Ի դեպ, իր մահափորձի օրը ես ամենից շատ անհանգստացած անդամներից էի, շատ էի անհանգստացել: Հիմա հարաբերություններ չկան առհասարակ, եւ երբ անգամ իրար կողք ենք կանգնում, ինձ տհաճ է իր կողքին կանգնելը, եւ ես փորձում եմ հեռու կանգնել նրանից»,- եզրափակում է Անի Խաչատրյանը՝ ասելով, թե կրկին պատրաստվում է դիմել ոստիկանություն եւ հասկանալ, թե ինչ է արվել իր դիմումի մասով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՑԱՆԿԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԿՏՐԵԼ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ նշանակվել դատախազի տեղակալ:
Այս հանգամանքը խիստ զայրացրել է Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից, եւ նա խիստ վրդովվել է, թե ինչպես է գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Իսկ ո՞վ է եղել Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն, որին նա չի կարողացել տեղափոխել դատախազություն:
Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել եւ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։
Գեւորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել է քննությունից։ Ասել է թե՝ դատախազությունում եղել է կոնկրետ անձ, որը Աննա Վարդապետյանին հակադրվել է, իսկ թե ով է նա, մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ: Թե ինչ կլինի հետո, կհետեւենք զարգացումներին:
Ի դեպ, գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուն` Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանը, 2019-ին մարդ էր գցել մեքենայի տակ Բժշկական ինստիտուտի մոտ, սակայն այդպես էլ մութ մնաց, թե ինչ պատասխանատվություն կրեց այդ դեպքով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ
ArmLur.am-ի տեղեկություների համաձայն` հոկտեմբերի 1-ին 42 տարեկան տղամարդը զանգահարել է իրավապահներին եւ հայտնել, որ 20 օր առաջ Կենտրոնական բաժնում իր երեխային տեսակցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, սակայն որեւէ գործողություն չեն իրականացրել. եթե իր խնդիրը չկարգավորվի, ապա գնդակահարելու է Կենտրոնական բաժնի ծառայողներին, որից հետո ինքնասպանություն է գործելու: Իրավապահները փորձել են հանգստացնել քաղաքացուն՝ վստահեցնելով, որ ամեն բան անում են նրան օգնելու համար, սակայն հոկտեմբերի 2-ին տղամարդը կրկին զանգահարել է իրավապահներին եւ հայտնել, որ Պիոներ պալատի մոտ երակները կտրելով կատարել է ինքնասպանության փորձ, բուժօգնություն ստանալուց հետո նա հեռացել է:
ԿԱԶՄՎԵԼ Է ԱՄՓՈՓԱԳԻՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանին հրավիրել են Գլխավոր դատախազություն:
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Սաշա Ժորայի Հակոբյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23:55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի գազալցականի մոտից շտապօգնության խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ» «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա տղամարդու, որն այնուհետեւ տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից հայտնում են, որ, ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէր հաղորդում տալու:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բերքաշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է 46-ամյա տանտերը: Նա հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Բերքաշատ գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է. տեղեկացնում է ոստիկանությունը։