ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի նախաձեռնությամբ ու համակարգմամբ, նամակով դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ կոչ անելով հանձնակատարի գրասենյակին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։

 

«Մենք պահանջում ենք փաստահավաք առաքելության տեղակայում Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքում իրականացրած երկօրյա հարձակման ընթացքում մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու նպատակով։ Ի հավելումն՝ մենք պահանջում ենք նաեւ երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին՝ որպես ուժի կիրառումը եւ մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելող միջոց»,- ասված է նամակում, որը ստորագրել են քաղհասարակության ավելի քան 2 տասնյակ կազմակերպություններ։

Նամակում քաղհասարակության կազմակերպությունները հիշեցրել են, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյետկները, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադարությունը եւ Ժնեւյան կոնվենցիաները։

«Կարեւոր է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիան չդիտարկվի որպես առանձին դեպք, այլ ընկալվի ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տարածաշրջանում նկատվում է ուժի կիրառման միջոցով որոշակի նպատակների հասնելու նոր միտում։ Սովորաբար ագրեսոր երկիրն ավելի մեծ եւ ավտորիտար պետություն է, որը հարձակում է գործում ժողովրդավար հարեւանի վրա։ Այս միտումը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ սովորական դարձնելով ուժի կիրառումը եւ թուլացնելով միջազգային ինստիտուտներն ու ձեւաչափերը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որոնք ստեղծվել են կարգավորելու եւ կանխելու հակամարտությունները։ Այս միտումն ավելի լայն համատեքստում խարխլում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Այս առումով համարժեք եւ անզիջում միջազգային արձագանքը չափազանց կարեւոր է իրավիճակի վատթարացումը եւ մարդու իրավունքների միջազգային ինստիտուտների հետագա խարխլումը կանխելու համար։ Պատերազմի ավարտից ի վեր մենք տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածության եւ ներկայության կոչ ենք արել` վերջ դնելու Բաքվի՝ հակամարտության «կարգավորման» թշնամական մոտեցմանը: Սա հիմա անհրաժեշտ է առավել, քան երբեւէ։ Մարդու իրավունքների խախտումներն արձանագրող փաստահավաք առաքելությունը վերջին ագրեսիայի համատեքստում կլինի միջազգային ներգրավածությունը վկայող հզոր միջոց: Մենք նաեւ կոչ ենք արել քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնել երկու երկրների սահմանի երկայնքով, եւ դա շարունակում է արդիական հարց մնալ ապատեղեկատվական արշավների եւ Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո:

Մենք անհանգստացած ենք, որ, առանց պատշաճ միջոցների, ստեղծված իրավիճակը ոչ միայն կվատթարացնի դրությունը Հայաստանում, այլ նաեւ կազդի ամբողջ տարածաշրջանի վրա: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական հակազդեցության արժանանա՝ կանխելու մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի հետագա հնարավոր խախտումները»,- ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում։

 

 

 

ԱՌՑԱՆՑ ՏԵԽԶՆՆՈՒՄ

Առանց զրոյական տեղեկանք ներկայացնելու հնարավոր կլինի իրականացնել ավտոմեքանայի տեխզննումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավտոմեքենայի տեխնիկական զննություն իրականացնելու համար այլեւս անհրաժեշտ չէ ներկայացնել գույքահարկի պարտավորության բացակայության վերաբերյալ տեղեկանք՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկատվությունը առցանց հասանելի է տեխզննման կայաններում: Տեղեկացնենք, որ ներկայումս տեխզննման կայաններն առցանց հասանելիություն ունեն փոխադրամիջոցի գույքահարկի համակարգին եւ առցանց կարող են ճշտել գույքահարկի վճարումը կատարած լինելու փաստը։

Այս մասին որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից: Գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նոր ներմուծված եւ ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ:

 

 

 

ԿՍԱՀՄԱՆՎԻ ՀՍՏԱԿ ԾԱՎԱԼ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի։ Այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Խոսքը խոշոր եղջերավոր կենդանիների թարմ եւ սառեցրած մսի, խոզի մսի, թռչնամսի, հնդկահավի մսի, կաթնային շիճուկի մասին է։ Օրինակ խոզի մսի քվոտան սահմանվել է 7500 տոննա, ընտանի թռչունների մասով՝ 39 հազար 100 տոննա։

Այսինքն՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը կթույլատրվի սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում, իսկ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին ճանաչվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նշենք, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվելու է հետեւյալ կերպ՝ պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը, իսկ այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՆԵՐ

Տավուշի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանից տեղեկացա, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 2500 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 155 տոննա՝  կիլոգրամը 150 դրամով, «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը՝ 465 տոննա՝ կիլոգրամը 120 դրամով, Կողբի «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ն՝ 100 տոննա՝ կիլոգրամը 160-200 դրամով։ Խաղողի բերքի ընդունման աշխատանքները շարունակվում են։ Վ. Սուքոյանը հայտնեց, որ  «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունած խաղողի դիմաց  մի քանի օրվա ընթացքում խաղողագործների  բանկային քարտերին փոխանցում է   գումարը, իսկ մնացած գործարանները գումարները փոխանցում են խաղողագործների հետ կնքած պայմանագրերում նշված ժամկետներին համապատասխան։ Նախկին տարիներին «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը խաղողագործներին  այդ  գումարները վճարել է տարեվերջին։

 

 

 

ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԵՏԵՎԱՆՔ

Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների ցանկի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի որոշմամբ  2 ամիս ժամկետով կալանավորվել է։ Նա մեղադրվում է Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի  մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին քարոզչության հարկադրելու մեջ։ Նույն մեղադրանքով կալանավորված են նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների ցանկի 36-րդ համար Հասմիկ Մելիքյանը եւ Ներքին  Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների ցանկի 44-րդ համար  Լեւոն Առաքելյանը։ Սամվել Հովսեփյանը  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա  հոկտեմբերի 1-ին հացադուլ է հայտարարել։  Հոկտեմբերի 3-ի առավոտյան Ս. Հովսեփյանի պաշտպան, փաստաբան Գոռ Սաղոյանը «Վանաձոր»  ՔԿՀ-ում  հանդիպել է Ս. Հովսեփյանի հետ: Գ. Սաղոյանը հայտնեց, որ Սամվել Հովսեփյանի առողջական վիճակը բավարար է,  տրամադրությունը տեղն է, նա գտնվում է բժիշկների  հսկողության տակ, հացադիմուլի դիմելով՝ Ս. Հովսեփյանը  բողոքում  է իր դեմ  իրականացվող քաղաքական հետապնդման դեմ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս