ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնը՝ խրամատ. յուրաքանչյուրն իր տեղում իր աշխատանքով ու արվեստով պետք է պայքարի հանուն առաջընթացի. այսպես են կարծում թատերական ոլորտի ներկայացուցիչները՝ վստահեցնելով, որ հատկապես ծանր, պատերազմական օրերին թատրոնները պետք է կանգ չառնեն, նոր ներկայացումներով, նոր խոսքով ու ասելիքով լցնեն մարդկանց հոգիներն ու սրտերը:

 

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն առաջնորդվում են այդ սկզբունքներով՝ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում անգամ չդադարեցնելով աշխատանքը:

«Խաղացինք մանկական ներկայացումներ, քանի որ երեխաները մեղավոր չեն նրանում, ինչ տեղի է ունենում մեր դաժան աշխարհում, դաժան իրականությունում, եւ պարտավոր չեն զգալ այդ ամենի ծանրությունը: Իսկ այսօր նաեւ խաղում ենք մեծահասակների համար: Օրերս խաղացինք «Պեպո» բեմադրությունը»,-նշում է Մկրտչյանը:

Ըստ նրա՝ հասարակությունն ամենից շատ գոտեպնդվելու, ներշնչվելու, ուժ ստանալու կարիք ունի: «Մենք հաճախ ենք մեզ այս հարցը տալիս, թե իբրեւ մշակութային գործիչներ որն է մեր դերը նման իրադրություններում՝ մնա՞լ ծանր հոգեվիճակում, թե՞ փորձել հակազդել այդ ամենին: Մենք փորձում ենք հաղթահարել ցավն ու դրան հակակշռող մի բան առաջարկել, իսկ դա մեր աշխատանքն է, մեր ամենօրյա աշխատանքն է: Սա էլ մեր խրամատն է, մեր բաժին կռիվն է»,-շեշտում է մայր թատրոնի տնօրենը:

Առաջիկայում Սունդուկյանի թատրոնի փոքր բեմ կբարձրանա Ալբերտ Սաֆարյանի բեմադրությամբ «Կուկարաչա» ներկայացումը, կլինի նաեւ մանկական բեմադրություն: Պատրաստվում են մասնակցել միջազգային փառատոնի:

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը հիշեցնում է, որ Սոս Սարգսյանը Համազգայինը հիմնադրել է պատերազմի տարիներին: Այն հոգեւոր սնունդ էր հանդիսատեսի համար:

«Մարդիկ գալիս էին թատրոն, այստեղ տաքանում էին, ներկայացում դիտում: Մենք անգամ վավերագրական կադրեր ունենք, թե ինչպես են  դերասանները վառարանի մոտ նստած փորձ անում, երբեմն սոված, բայց այդ ժամանակ թատրոնն իր մեծ դերն է կատարել: Հիմա եւս պատերազմ է, եւ թատրոնը սովորել է, որ նման իրավիճակներում պետք է ավելի շատ տեր կանգնի իր ժողովրդին»,-հավաստիացնում է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրենց թատրոնի ներկայացումները հոգին լույսով, ապրելու ցանկությամբ ու բարությամբ են լցնում, ինչը միշտ եղել է Սոս Սարգսյանի ուղերձը հանդիսատեսին:

Սեպտեմբերին թատրոնում չեն խաղացել միայն «Վեներան մուշտակով» ներկայացումը, մյուս բեմադրությունները պահպանվել են, իսկ դահլիճները լեփ-լեցուն են եղել:

«Միշտ եղել է հարցադրումը՝ խաղա՞լ  այսօր: Ես ասում էի, որ խաղում ենք, քանի որ հիշում էի, թե ինչի համար է ստեղծվել այս թատրոնը: Հավատացեք՝ եթե նույնիսկ այդ օրն ընդամենը 70 տոմս էր վաճառված, մինչեւ  ներկայացման սկիզբը բոլոր տոմսերը վաճառվում էին, ու հանդիսատեսը ներկայացումից հետո շնորհակալություն էր հայտնում, որ խաղացինք: Ասում էին, որ հոգիները լցվել են, եւ ապրելու ուժ, ավելին անելու լույս է եկել բեմից»,-ասում է գեղարվեստական ղեկավարը:

Նա խոստովանում է՝ամեն ներկայացում խաղալը հաղթանակ է  դարձել, քանի որ բեմի մեքենավարները սահման են մեկնել, դերասանները կորոնավիրուսով են վարակվում, սակայն հասկանում են, որ իրենց կետում իրենց գործն են անում  եւ դրանով իսկ օգնում: «Ոմանց համար դու փարոս ես, ուղենիշ ես: Մեր կյանքը չի կանգնել. ես ապրում եմ, դու ուզում ես՝ ես չապրե՞մ. ես ավելին եմ ապրելու: Ես այդպես եմ որոշել»,-ընդգծում է Նարինե Գրիգորյանը:

Օրերս Համազգային թատրոնը Գյումրու թատրոնի հետ համատեղ Գյումրիում խաղացել է Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ «Հրաշագործը» ներկայացումը, որը հոկտեմբերին կխաղան նաեւ Երեւանում, բեմ են բարձրացրել ռեժիսոր Արման Նշանյանի «Մոլորված Նյու Յորքում» ներկայացումը, շուտով կլինի նաեւ Իլյա Մոշչիցկու «Երեք գույն. ծիրանագույն» ներկայացման առաջնախաղը:

«Ես չեմ ուզում զոհերի մասին պատմել, ուզում եմ՝ մեր գենի մեջ մտնի հաղթանակը կիսատ չթողնելու գաղափարը: Մինչեւ վերջ պետք է տանել բռնած գործը, չկոտրվել կեսից, համբերություն ունենալ, դիմացկուն լինել, սիրել, չկորցնել նպատակը, ինչը մեզ հիմա շատ պետք է, որովհետեւ մինչեւ վերջ համբերողն է  հաղթում: Պատերազմի ժամանակ թեւաթափ ես լինում ու չգիտես՝ գուցե քո թշնամին ավելի վատ վիճակում է, ուստի համբերությունն ամենամեծ զենքն է»,- շեշտում է Նարինեն եւ հավելում, որ այս օրերին մենք ծարավ ենք կյանքի, հանդիսատեսը է՛լ ավելի ուժեղ է զգում, ավելի ուժեղ է արձագանքում, ավելի շատ սիրում իրենց, իրենք էլ՝ նրանց:

 

 

 

«ԶՈՒԼԱԼԻ» ՖԻԼՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում մրցանակի է արժանացել. մրցանակը ստացել է դերասանուհի Մարինե Պետրոսյանը՝ արժանանալով լավագույն դերասանուհու կոչմանը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

 

«Մարինե Պետրոսյանը` լավագույն դերասանուհի. «Զուլալիի» հաղթարշավը շարունակվում է: «Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը ք. Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն եւ կինո» («խՌՑպՐՈՑցՐՈ Ռ ՍՌվՏ») XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը»,- գրված է հրապարակմանը կից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցանակի էր արժանացել ֆիլմում Զուլալիին մարմնավորող Հերմինե Ստեփանյանը՝ Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի դերակատարման համար ստանալով լավագույն դերասանուհի մրցանակը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնել էր՝ ֆիլմի երաժշտությունը գրել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, եւ հենց  «Զուլալիի» առանձնահատկություններից է այն, որ Տիգրան Մանսուրյանը ավելի քան 30 տարվա դադարից հետո կինոերաժշտություն է գրել հենց այս ֆիլմի համար։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացումը: Նկատենք՝ Հայկ Մարությանը, երկրի իրավիճակով պայմանավորված, հետաձգել էր սեպտեմբեր ամսվա ներկայացումները: ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ներկայացումից:

Ուշագրավ է, որ ներկայացման ամենասկզբում դահլիճում տեղադրված է եղել Հայկ Մարությանի լուսանկարը, վերջինս մոտեցել է, նայել լուսանկարին եւ ասել՝ անասուն: Նրա այս հայտարարությունից հետո դահլիճում ծափողջույններ են եղել:

Նրա խոստացված «voice»-ները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հրապարակվել են, սակայն տեքստային ֆորմատով. դրանք հիմնականում նվիրված են եղել ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանին: Առհասարակ իր ամբողջ ներկայացման ընթացքում նա ամենից շատ անդրադարձել է հենց Սիմոնյանին, նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին եւ ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Ընդ որում՝ բոլորի վերաբերյալ նա օգտագործել է վիրավորական արտահայտություններ:

Կարելի է արձանագրել՝ ըստ էության, Մարությանը տվեց քարոզարշավի մեկնարկը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

Forbes-Ի 1-ԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Tesla-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական։

Մասկի կարողությունը մեկ տարում ավելացել է ավելի քան 60 միլիարդ դոլարով՝ հասնելով 251 միլիարդ դոլարի:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ցուցակի անցյալ տարվա առաջատարը՝ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 151 միլիարդ դոլարով: Լավագույն եռյակը եզրափակել է Բիլ Գեյթսը՝ 106 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդ տեղում  Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնն է (101 միլիարդ դոլար), հինգերորդը՝ ներդրող Ուորեն Բաֆեթը (97 միլիարդ դոլար):

 

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՎԱՐՏՎԻ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Դիոգու Մեյրելեշ Կոշտայի ծառայություններով։

2023թ. հունիսին կավարտվի 31-ամյա իսպանացի Դավիդ Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա դարպասապահը համարվում է հավասարազոր փոխարինող Դե Խեային։

Կոշտան ծնվել է Շվեյցարիայում, սակայն ընտրել է Պորտուգալիայի հավաքականը։ Նա «Պորտուի» սան է։

Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։

 




Լրահոս