Լուսանկարն արված է Արթիկում
Քաղաքացին իր ընկերոջը բջջային հեռախոս փոխանցելու նպատակով Արթիկի գաղութի արգելված գոտու կողմից գաղութի տարածք է մոտեցնում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն), որին ամրացված է եղել հեռախոսը, սակայն նրան չի հաջողվել նպատակը իրականացնել:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր օբյեկտներն են ենթակա լիցենզավորման:
Մարինե Դանիելյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լիցենզավորման ենթակա օբյեկտներն են բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները պետք է կատարվեն տնտեսական եղանակով, առանց լիցենզավորված կապալառուի եւ շինարարության որակի տեխնիկական հսկիչի ներգրավման:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ լիցենզավորման մասին օրենքով սահմանվել եւ լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծողը ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին:
Գրիգոր Վարդանյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար,
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին:
Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու եւ քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաեւ սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներմուծված խմիչքները ենթակա են պարտադիր դրոշմավորման, թե ոչ, պետք է ղեկավարվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով եւ ՀՀ կառավարության 26.10.1999թ. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N662 որոշմամբ: