Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Ես պատրաստ եմ նաեւ շատ ուղիղ ու բաց տեքստով ներկայացնել մեր ժողովրդին. ինչու դա չեմ անում՝ որովհետեւ դիվանագիտական կոռեկտությունն ու էթիկան թույլ չեն տալիս, որ բաց նստեմ ու բոլոր մանրամասները ներկայացնեմ: Նաեւ փորձագիտական հանրության բավականին լայն շրջանակին եմ տեղյակ պահում, մարդկանց լայն շրջանակ է տեղյակ դրանից»: Այսինքն՝ նա բաց տեքստով ասում է, որ ժողովրդի հետ չի խոսելու եւ ոչինչ չի ներկայացնելու. փորձագետներին ինչ պետք է, իրենց խողովակներով իմանում են: Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում: Նա հայտարարում էր. «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք, ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել»: Ստացվում է՝ չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր ժողովրդի առջեւ անկեղծ խոսել եւ ներկայացնել, իսկ հիմա խուսափում է: Իրականությունն այն է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։
Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, եւ երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին: Այդպես նաեւ Ռուբեն Վարդանյանի քաղաքացիության հարցը կկարգավորվի, քանի որ այսօրվա դրությամբ չի կարող որեւէ ընտրովի պաշտոն զբաղեցնել Արցախում: Մեր խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն իրականում մտադիր է Արցախի իշխանությունը փաթեթով հանձնել Վարդանյանին եւ հեռանալ, պարզապես այս ընթացքում պիտի Վարդանյանը կարողանա իրեն արդարացնել եւ ապացուցել, որ արժանի փոխարինող է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը բացառիկ պարկեշտ պաշտոնյաներից է, անգործ չի մնա. նրան Արցախի կառավարական կաբինետում բարձր եւ պատասխանատու պաշտոն կվստահվի: Մինչ այդ նրանք բոլորով պետք է օգնեն Վարդանյանին դիրքավորվել Արցախում եւ կառավարման ճկունություն հանդես բերել: Կարճ ասած, Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախի Հանրապետությունում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով քրեական վարույթով հարցաքննվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, բոլոր ականատեսները, բացի Նիկոլ Փաշինյանից: Նա մինչ օրս չի հարցաքննվել: Դեռեւս 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են։)»։ Հետաքրքիր է՝ ինչու Նիկոլ Փաշինյանը այս դեպքով նույն խանդավառությունը չցուցաբերեց, ինչը անում էր նախկինում՝ ցույց տալու համար, թե ինքը անձեռնմխելի չէ: Միգուցե նա հասկացել է, որ այս դեպքով հարցաքննվելու դեպքում այլ հանգամանքներ ի հայտ կգան, որ իր դեմ կօգտագործվեն: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի էր ենթարկվել Սոնա Մնացականյանը, որը հղի էր: Ավտոշարասյանն ուղեկցող որեւէ ավտոմեքենա չէր կանգնել, կնոջը չէր օգնել: Նրանք արագ սլացել ու հեռացել էին դեպքի վայրից:
ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հատկապես վերջերս նրանց հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ Դումանյանը բացեիբաց ոչ միայն ցույց է տալիս իր վերաբերմունքը Անդրեասյանի նկատմամբ, այլ նաեւ նրան առնչվող աշխատանքները հանձնարարում է այլ աշխատակիցների՝ անտեսելով վերջինիս: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Անդրեասյանն էլ իր հերթին նախարարին շատ հարցեր չի զեկուցում, այլ ուղիղ կառավարության հետ է աշխատում: Պատճառը, ըստ ArmLur.am-ի վստահելի աղբյուրների, այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ինչ-ինչ տրամադրությունններ են փոխվել, ու չի բացառվում, որ Դումանյանին փոխարինի ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը, այլ հենց Ժաննա Անդրեասյանը: Ու թեեւ այս խոսակցությունները դեռ միս ու արյուն չեն դարձել, ամեն դեպքում, ԿԳՄՍ նախարարության ներսում մթնոլորտը խիստ լարված է: Հաճախ աշխատակիցները չգիտեն՝ նախարար-փոխնախարար լարվածության պայմաններում ինչպես դրսեւորել իրենց: Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի տիկին Ժաննա Անդրեասյանը, ունենալով ամուր կապեր գործադիրում, խնդիր է դրել իր առջեւ ազատվել Դումանյանից, որին համարում է ոչ նորարար գաղափարների կրող: ArmLur.am-ը մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը հակիրճ ասաց. «Ձեր տեղեկությունները ոչ մի ձեւ իրականությանը չեն համապատասխանում, եւ ավելացնելու որեւէ բան չունեմ»: Նախարար Դումանյանն էլ իր հերթին չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել թեման: