ՀՀ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հերթական հոդվածն է հրապարակել, այս անգամ՝ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը. ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության» վերտառությամբ:

 

«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

Գործողությունների իմաստը հետեւյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը եւ Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ եւ օգտագործվել է նաեւ նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ եւ հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին…  Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել. Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։ Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը ավելի է մեծացել, եւ հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի եւ նավթի արտահանման հարթակ»,- նշվում է հոդվածում։

Առհասարակ, վերջին շրջանում ՀՀ իշխանությունների  քայլերի հաջորդականությունը հուշում է այն մասին, որ նպատակ է առկա ավելի խորացնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները:

Այդ տրամաբանությունն է առկա, երբ ուսումնասիրում եք ՀՀ պաշտոնյաների գործուղումների դինամիկան: Մասնավորապես, սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ պաշտոնյաները հենց ակտիվ են եղել ԱՄՆ մեկնելու առումով, եւ փոխադարձ այցեր եւս եղել են: Մասնավորապես, խոսքը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ, իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է:

Արմեն Գրիգորյանը, օրինակ, ԱՄՆ-ում է եղել սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 29-ը եւ մի քանի հանդիպումներ ունեցել, այդ թվում՝  ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Կարեւորվել է վերջին ագրեսիայի հետեւանքների վերացումը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս ԱՄՆ-ում է եղել եւ հանդիպումներ ունեցել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ում  նա այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն եւ հանդիպել Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ, նաեւ հանդիպել Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի հետ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ Նիկոլ Փաշինյանի հետ էր մեկնել ԱՄՆ եւ հանդիպել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, Իրանի նախարարին եւ այլք:  Սա եւս մեկ ապացույց, որ ՀՀ-ն խորացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:  Սեպտեմբերի 20-ին էլ Հայաստան էր այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի գլխավորած պատվիրակությունը:

Միայն սեպտեմբեր ամսվա փոխայցերը վկայում են, որ երկուստեք հետաքրքրություններ են առկա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹԻՆ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդումները խորապես մտահոգիչ են:

«Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն իրավիճակի»,- գրել է Ջոլին:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ եւ ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձեւաչափով արծարծելու երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ պարզաբանելով երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, թե իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել: Տ. Եսային տեղեկացրել է, որ Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձեւաչափով հանդիպումների շարունակությունը։

 

 

 

ԱՆՎԱՆԵԼ  Է ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ

Պեսկովը հիմարություն է անվանել հայկական պարբերականների հրապարակումներն այն մասին, թե Մոսկվան, իբր, ձգտում է հասնել նրան, որ Երեւանը անդամակցի Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանը։

«Ոչ, սա հերթական հիմարությունն է»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

 

 

 

 

ԵՌԱԲԼՈՒՐԻ ՄԻՋԱԴԵՊՈՎ

ՀՀ անկախության տոնի օրը Եռաբլուրում զոհված զինծառայողների՝ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված ծնողների միջադեպով հարուցվել է քրեական վարույթ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում ոստիկանության կարմիր եւ սեւ բերետավորներին, ինչպես նաեւ գրեթե ամեն օր հարցաքննվում են զոհված զինծառայողների ծնողները: Այս պահին քրեական վարույթով 6 ծնող տուժող է ճանաչվել: Ավելին, ArmLur.am-ին քրեական վարույթից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, թե ծնողները ինչ են պատմել իրավապահներին: Հարցաքննված ծնողները կոնկրետ մեկ բան են նշել, որ ոստիկանները իրենց որեւէ պահանջ չեն ներկայացրել եւ անհամաչափ ուժ են կիրառել: Տուժած ծնողները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, բայց փորձաքննության պատասխանը դեռեւս չկա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով, նրանց հեռացրեց տարածքից։ Այս դեպքով նաեւ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում է կատարվում ծառայողական քննություն: Հավելենք, որ միջադեպից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ եւ զոհված զինծառայողների ծնողներ պահանջեցին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը:

 

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ

ՀՀ ազգային ժողովը քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների հավելավճարի հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել 2 տոկոս հավելավճար: Առաջարկվում է այս փոփոխությունն ուժի մեջ դնել 2024 թվականի հուլիսի 1-ից: Հատուկ քննչական ծառայության լուծարման շրջանակներում նախկին աշխատակիցները տեղափոխվել են ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտե, այլ նաեւ դատախազություն կամ քննչական այլ մարմիններ: Եվ խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ նրանց աշխատանքային ստաժը չէր դիտարկվում հավելավճարի կոնտեքստում, ըստ այդմ՝ առաջարկվում է այս սոցիալական երաշխիքը եւս վերականգնել այդ աշխատակիցների համար, որոնք տեղափոխված կլինեն դատախազություն կամ Քննչական մարմին: Երրորդ փոփոխությունը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան ուժի մեջ է մտնել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը: Ըստ այդմ՝ առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով սահմանել, որ կոմիտեի նախագահի վարձատրության կտորները շատ ավելի շուտ են ուժի մեջ մտնում, եւ պաշտոնի նշանակման պահից մինչեւ օրենքի՝ ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում եւս վարձատրությունը համապատասխան կերպով հաշվարկվում է եւ վճարվում է  կոմիտեի նախագահին:

 

 

 




Լրահոս