ՀՀ ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «Տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, եւ իրավապահների մտահոգությունը միայն «Տելեգրամը» չէ:
Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժինը, որը համալրվեց ոչ միայն օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, այլեւ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետ աշխատակիցներով, եւ արդյունքը երկար սպասել չտվեց: Օրերս բաժնի ծառայողների բազմակողմանի միջոցառումների արդյունքում բացահայտվեց հանցավոր խմբի կազմակերպած ապօրինի թմրաշրջանառության մի ողջ սխեմա: Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ սեպտեմբերի 20-ին Արամի փողոցում ձերբակալեցին հանցախմբի անդամներից մեկին եւ ներկայացրին վարույթն իրականացնող մարմին, որտեղ նա անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանական ցուցմունք տվեց: Հետագա օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվածը Երեւանի տարբեր վայրերից իրավապահներին ներկայացրեց Մարիխուանայով լցված 6 փաթեթ, որոնք ինքը տեղադրել էր թաքստոցներում:
Ձերբակալվածը մայրաքաղաքի Կարախանյան փողոցում բնակվող 22-ամյա երիտասարդ էր: Ի դեպ, համացանցային նմանատիպ հանցավոր սխեմաներ հիմնականում օգտագործում են նորագույն տեխնոլոգիաների տիրապետող անձինք: Այս դեպքում էլ ստեղծվել էր բավական լուրջ մեխանիզմ` նաեւ վերահսկողական ֆունկցիաներով: Բացել էին տելեգրամյան ալիք, որի միջոցով վերահսկում էին ալիքի շրջանակներում գործող էջերը: Օրինակ, եթե էջի կամ, այսպես ասած, «շոփի» օգտատերը թերանում էր թմրանյութի մատակարարման հարցում, կազմակերպվում էր օնլայն քննարկում, եւ օգտատերը, իր էջով հանդերձ, կարող էր արգելափակվել կամ վերացվել: Մեծ տեղ էր հատկացված նաեւ գաղտնիության ապահովմանը: Տելեգրամյան ալիքը կառավարում էր նաեւ համացանցի միջոցով իրացվող թմրանյութի դիմաց ստացած գումարը կոնկրետ վաճառողին փոխանցելու մեխանիզմը, ընդ որում՝ այն իրականացվում էր կրիպտոարժույթով: Սա էլ արվում էր ֆինանսական գաղտնիությունը պահելու նպատակով: Այս ամենը, սակայն, մեր իրավապահների համար բացահայտման խոչընդոտ չէր: Սեպտեմբերի 29-ի գիշերը սկսած միջոցառումն իրավապահները շարունակեցին: Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ մայրաքաղաքի Կարախանյան փողոցում հայտնաբերեցին եւ ձերբակալեցին հանցավոր խմբի եւս մեկ անդամի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց Մարիխուանայի զանգվածով չորս փաթեթ: Ձերբակալված 30-ամյա երիտասարդը նույնպես խոստովանեց, որ օգտագործելով տելեգրամյան էջերը` զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ կալանավորվել են:
Իսկ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության նորաստեղծ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժնի ծառայողները շարունակում են պայքարը չարիքի դեմ:
ՎԹԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով հարցաքննության են հրավիրվել եւ ցուցմունք են տվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները: Ասել է թե՝ հարցաքննվել են Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողները, որոնք այդ օրը եղել են Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաների մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում որոշում կկայացնի վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքով:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Քննչական կոմիտեի կողմից կրկնակի դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը ստացվել է, եւ շուտով նախաքննությունը կավարտվի, վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, կուղարկվեն դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկվել Սոնա Մնացականյանը: Վերջինիս ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։
Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի հետեւանքով մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին: Ըստ ամենայնի, նրանք կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը ու հեռացնել դեպքի վայրից: Քննչական կոմիտեն, սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ:
Հետագայում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով, եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցել: Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, սակայն նա ազատության մեջ է:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Հանրապետության հրապարակից 46-ամյա կնոջ են տարել ոստիկանության Կենտրոնի բաժին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ կինը Երեւանի բնակիչ է եւ ցանկացել է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԵՌԵՎՍ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն` քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` քանաքեռցի Տույի գործով մաս կա անջատված, որով ՀՀ քննչական կոմիտեում քննությունը շարունակվում է: Ասել է թե՝ քրեական հեղինակության սպանությունից անցել է գրեթե մեկ տարի, եւ իրավապահները դեռեւս փնտրում են մեկ անձի, որն այդ օրը եղել է Արտյուշ Սիմոնյանի տանը եւ նրա մտերիմներից է:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ քանաքեռցի Տույի, Աժ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի եւ եւս երկու անձանց սպանության դեպքով։ Եվ, ահա, քրեական գործը դատարանում է եւ այն մակագրվել է Երեւան քաղաքի դատավոր Մանվել Շահվերդյանին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երեւան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում կրակոցներ էին հնչել, սպանվել էր Արթուր Ղազարյանը, Արայիկ Խաչատրյանը, Արթուր Բորյանը եւ Աժ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը: Այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել նախկին պատգամավորի մյուս երկու որդիները եւ նրանց տանը գտնվող բարեկամներից մեկը` Արսեն Ալեքսանյանը. մյուս որդին ազատության մեջ է։ Մեկ անձ հետախուզման մեջ է:
ՊԱՅԹՅՈՒՆԻՑ 2 ԱՄԻՍ ԱՆՑ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունից անցել է մոտ 2 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը, իսկ մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել, սակայն ավելի ուշ փոխտնօրենը ազատ արձակվեց:
«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։
16 մարդու կյանք խլած դեպքից ավելի քան 2 ամիս անց քրեական գործում դեռեւս կարգավիճակ չունի «Սուրմալու»-ի սեփականատերը:
Ողբերգական դեպքից 24 օր անց հարցաքննվել է 110 քաղաքացի, 85 անձ ճանաչվել է տուժող:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ