ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Շարմ Հոլդինգ» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրել-չցուցադրելուն առնչվող հարցին:

 

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում բազմապիսի քննարկումների թեմա է դարձել «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրել-չցուցադրելուն առնչվող հարցը։ Ֆիլմերի իրավատերը հանդիսացող «Շարմ Հոլդինգ» ընկերությունը հայտնում է, որ երբեւէ չի խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը որեւէ հեռուստաալիքով եւ ներկայումս նույնպես պատրաստ է ցուցադրման արտոնագիր տրամադրելու ցանկացած հեռուստաընկերության, որը կդիմի նման ցանկությամբ։

Ցանկանում ենք նշել, որ հայ մարդու համար հայրենասիրության ու ոգու արիության հիանալի օրինակ դարձած «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմերում  լավագույնս պատկերված պայքարի հաստատակամությունը հանուն հայրենիքի չափազանց անհրաժեշտ է մեր երկրի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ֆիլմերը լայն հանրության համար հասանելի են Kinodaran հավելվածում կամ kinodaran.com կայքում», – գրված է ընկերության ֆեյսբուքյան էջում:

ArmLur.am-ը հիշեցնում է, որ Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում մանրամասնել էր, թե ինչու չի ցուցադրում «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

«Հանրային հեռուստաընկերությունը, արձագանքելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի վերաբերյալ հարցումներին, թե ինչու, ֆիլմի հեղինակային իրավունքներն ունենալով հանդերձ, այն չի ցուցադրում, հայտնում է՝ թեեւ ֆիլմը նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության պատվերով եւ միջոցներով, եւ, ըստ տրամաբանության, հեղինակային իրավունքները պետք է պատկանեին Հանրայինին, փաստացի տնօրինվում են այլ ընկերության կողմից: Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն իրավական գործընթաց է սկսել՝ պարզելու ֆիլմի հեղինակային իրավունքներն այլ իրավատիրոջ փոխանցելու հանգամանքները, վերականգնելու իր իրավունքները, ինչպես նաեւ գնահատելու եւ փոխհատուցելու ընկերությանը հասցված վնասը: Հանրայինն այս խնդրի առնչությամբ դիմում է պատրաստվում ուղղել ՀՀ պետական վերահսկողական ծառայություն», – ասվում էր հայտարարության մեջ:

Ֆիլմի ռեժիսորը իր հերթին անդրադարձել էր ստեղծված իրավիճակին՝ գրելով. ««Կյանք ու կռիվ» ֆիլմի ստեղծագործական արժեքը (եթե ունի) դժվար վնասվի որեւէ մեկի կողմից:

Եթե հաղթանակած հայկական բանակի մասին ֆիլմը չցուցադրելու պատճառը ոչ թե քաղաքական է, այլ նրանում է, որ չունեք դրա իրավունքը, իրավունք ունեցողին գտնելը փոքր Հայաստանում, կարծում եմ, դժվար չի լինի: Այսօր 2022-ի սեպտեմբերի 30-նն է»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԳԱՐՈՒՆ Ա» ՖԻԼՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԳՐԱՆՑԵԼ

Արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա» գեղարվեստական ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել միջազգային կինոփառատոններում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Գարուն ա» ֆիլմի ինստագրամյան պաշտոնական էջից:

 

Ֆիլմը «Ֆոկուս» միջազգային կինոփառատոնի մրցույթային փուլում անցել է կիսաեզրափակիչ փուլ, միեւնույն ժամանակ «Ֆալկոն» միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի:

Հիշեցնենք, որ ֆիլմը էկրաններ էր բարձրացել 2022 թվականի մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը: Այն ֆիլմ է՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն  Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

4-ՐԴ ՏՈՒՐԻ ՊԱՐՏԻԱՆԵՐ

Երեւանում ընթացող ChessMood երկրորդ միջազգային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Էրիկ Չաքրյանը եւ այլք:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը մինչ այս բացարձակ արդյունք գրանցած Տիգրան Պետրոսյանն է, որը 4 հնարավորից հավաքել է 4 միավոր: 3,5-ական միավոր ունեն Հայկ Երիցյանը, Մանուէլ Պետրոսյանը, Իրանից Ամիրռեզա Բալան, Շանթ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ալեքսեյ Գոգանովը եւ Իրանից Մոհամեդ Ալիզադեհը:

ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից:

 

 

 

ՈՒԵՖԱ-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄ

Պորտուգալիայի Սեյշալ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայի խմբային փուլի H խմբի «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) հանդիպումը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Ատոմ Սեւգուլյանը. հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նույն օրը լեհական Լյուբին քաղաքում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայի Չեմպիոնների ուղու առաջին փուլի «Զագլեմբե Լյուբին» (Լեհաստան) – «Ռուխ Լվով» (Ուկրաինա) հանդիպումը։

Հանդիպման մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը, մրցավարի օգնականները՝ Սարգիս Հովհաննիսյանը եւ Գեւորգ Շախկալդյանը։

 

 

 

ՊԱՅՔԱՐ՝ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐՈՒՄ

Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի 3 մարզիկ եզրափակիչներում պայքարում է ոսկե մեդալների համար։

Եզրափակիչի ուղեգրեր են նվաճել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52  կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը:

Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել էր բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը՝ իռլանդացի Ջոն Հարթին, Երանոս Օհանյանը՝ Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։

 




Լրահոս