ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 106

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ.-ի հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), ՀՀ ղեկավարումը ստանձնած անձը մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու գնացել հարցաքննության: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել: Ի դեպ, ինձ երեկ էլ հրավիրել են ՀՔԾ, եւ հարցաքննվել եմ նաեւ այնտեղ»,- ասում էր Փաշինյանը: Այսօր, սակայն, իր իսկ բառերով ասած՝ իրավիճակ է փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի քրեական գործով մի շարք անձինք ու մասնակիցներ են հարցաքննվել, բայց լիազոր մարմինը Փաշինյանին հարցաքննության այդպես էլ չի հրավիրել: Փաշինյանը, որ գլուխ էր գովում, թե պատմության մեջ ինքն իրավապահ համակարգի հետ անկաշկանդ շփվող միակ ու «անկրկնելի» պաշտոնյան է, այժմ, ըստ էության, այդ նույն համակարգը կաշկանդում է իրավապահ մարմնի տարբեր օղակներին, ու նրանք երկրի ղեկավարին հարցաքննության չեն հրավիրում: Նմանատիպ «փաստով» Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է:

 

 

Փաշինյան-Էրդողան այսօր կայանալիք հանդիպման լուրը (այդ մասին դեռ երեկ թուրքական լրատվամիջոցներն էին գրել), ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «հավաստի աղբյուր»-ով հոդվածաշարերը հայ հասարակությանը տագնապի հերթական չափաբաժինն են ներարկել. Չլինի թե «հեղափոխականները» Ռուսաստանին ցտեսություն անելու ցանկություն ունեն: Մտահոգություններն իրականում տեղին են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ զրույցներում ներկայացնում է թեզեր, թե Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում, հետեըաբար մենք նրան ցտեսություն պետք է ասենք ու Եվրոպայի, Ամերիկայի կողմ թեքվենք: Հակառուսական տրամադրություններն այս օրերին իշխանական հատվածում պարզապես թեւածում են: Փաշինյանի հակառուսական քարոզից իրականության զգացումը կորցրած ՔՊ-ականներն արդեն չեն էլ թաքցնում, որ կամաց-կամաց պետք է խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերն ու իրենց սերը եվրոպացիներին եւ ամերիկացիներին հայտնեն: Իշխանականները, սակայն, պարզ մի հարց իրենց չեն տալիս՝ ինչպե՞ս են Ռուսաստանին հրաժեշտ ուզում տալ, եթե մեր տնտեսության մեծ մասը ՌԴ-ի ձեռքում է, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի հսկողությունն էլ ՌԴ սահմանապահներն են իրականացնում եւ այլն, եւ այլն: Իհարկե, բալանսավորված քաղաքականությունն ու աշխարհի գերտերությունների մոտ սեփական շահն առաջ տանելը ֆանտաստիկ բան է, բայց դրա համար նախ խելք ու հմտություն է պետք:

 

 

 

Ուշագրավ իրավիճակ՝ Սիսիանում: Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։ Առավել շատ ձայն է ստացել ՔՊ-ն՝ 4 հազար 93, «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը՝ 2 հազար 693, «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։ Նկատենք՝ ընդհանուր առմամբ ավագանին ունենալու է 21 մանդատ, իսկ համայնքի ղեկավար ընտրելու համար պետք է 11 ձայն, ըստ այդմ՝ ՔՊ-ն կստանա 8 մանդատ, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5 մանդատ, Ղազինյանի կուսակցությունը՝ 2 մանդատ, եւս 2 մանդատ ունի Բաբաջանյանի ուժը։ Վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ոչ ոքի չմիանալ եւ ավագանու առաջին նիստի ժամանակ, երբ պետք է առաջադրվեն համայնքի ղեկավարի թեկնածուները, նրանք կառաջադրեն հենց իրենց ցուցակը գլխավորող Արա Զաքարյանի թեկնածությունը: Ստացվում է՝ այս պահի դրությամբ ՔՊ-ն սահմանամերձ Սիսիանում ունի 8 մանդատ, եթե անգամ Բաբաջանյանի ուժի երկու ավագանիներն իրենց ձայնը տան ՔՊ թեկնածուին, միեւնույնն է, այդ ձայները բավարար չեն համայնքի ղեկավար ընտրելու համար: ՔՊ-ն հայտնվել է ծուղակում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները հայտնվել են ծանր դրության առջեւ: Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) պետք է գործուղվի նաեւ նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարծես համարվում էր հարցը փակված: Նրանց առաջադրել է հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ: Հիմա ՔՊ-ականները նրա հետ միասին պետք է փորձեն հակառակն ապացուցել: Բանն այն է, որ նրա աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար: Նրա կենսագրության մեջ նշված է, թե աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից: Երանուհի Թումանյանցն աշխատել է ՄԻՊ-ում 2006-2016թթ. որպես ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհի, իսկ քարտուղարուհու աշխատանքը մասնագիտական ստաժ չի կարող համարվել: Փոխնախարարի մասնագիտական գործունեությունը պետք է հաշվարկել միայն 2008 թվականից: Օրենքում հստակ ասվում է. «Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»: Այսպիսով, նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում այս չափանիշներին. նա ոչ միայն հեղինակավոր իրավաբան չէ, այլեւ չունի 15 տարվա փորձ: Հավելենք, որ ԲԴԽ անդամների ընտրության հարցը կքննարկվի այսօր:

 




Լրահոս