«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրել աջակցություն՝ 144 մլրդ դրամի չափով: Նկատենք՝ այս իշխանությունների կողմից Արցախին օգնելու թեման մշտապես է ներկայացվել եւ հաճախ՝ մանիպուլատիվ փաստեր ներկայացնելով: Օրինակ՝ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը՝ հենց այդ ժամանակ էլ անելով մի շարք մանիպուլյատիվ պնդումներ։ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ չի եղել, քան այժմ է, եւ դա՝ շնորհիվ Հայաստանի կառավարության աջակցության։ Ըստ Փաշինյանի՝ 2021թ. Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին աննախադեպ է իր մեծությամբ. «Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած։ […] 2021 թվականին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը կազմել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ […] Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»։ Փաշինյանը հավելեց նաեւ, որ 2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, եւ որ 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն:
Նախ՝ ընդգծենք, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը, ըստ էության, ոչ թե աջակցություն է, այլ բյուջետային վարկ, պարզապես շատ ցածր (0.01%) տոկոսադրույքով։ Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը երբեք այսքան մեծ աջակցություն չի ցուցաբերել Արցախին, բացարձակ իմաստով ճիշտ է, սակայն տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը 2020-ի պատերազմից հետո նպատակ ունի մեղմել Արցախում պատերազմից հետո սկսված ծանր սոցիալական պայմանները, այլ կերպ ասած՝ պատերազմի հետեւանքները։ 2018 թվականին Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը կազմում էր 51,4 մլրդ դրամ, 2019-ին՝ 57,8 մլրդ դրամ, 2020 թվականին՝ 64,9 մլրդ դրամ։ 2021 թվականին Արցախի բյուջեով նախատեսված Հայաստանից ստացվելիք բյուջետային վարկը կազմում էր 64,7 մլրդ դրամ, այսինքն՝ ավելի քիչ, քան դրան նախորդող տարում էր։ Վարչապետի հնչեցրած թվերը ներառում են ինչպես բյուջետային վարկերը, այնպես էլ տարբեր սոցիալական խնդիրներին ուղղված գումարները (կոմունալ վարձավճարների, կեցության, աշխատավարձերի վճարման եւ այլնի տեսքով)։
Հետաքրքիր են նաեւ ոչ միայն բացարձակ թվերը, այլեւ Արցախի բյուջեի թեւ Հայաստանի աջակցության հարաբերակցության մասին Փաշինյանի համեմատությունը։ «2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, եւ 2021թ. Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն»։ Մինչ պատերազմն Արցախի բյուջեի մոտ կեսն էր տրամադրվում Հայաստանի կողմից։ Ինչպես նշեցինք, նախորդ տարի հատկացված գումարների մի մասը ոչ թե բյուջետային վարկի շրջանակներում են տրվել, այլ տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով։ Սա եւս ապացուցում է, որ պատերազմից հետո Հայաստանից տրամադրվող գումարների նման աճը կապված է բացառապես պատերազմի հետեւանքների վերացման հետ։
Հաջորդ տարվա համար դեռ միայն 144 մլրդ դրամի աջակցության մասին է խոսք գնում, որի մասին հիշատակված է հենց բյուջեի նախագծում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԵՄ ԱՌ ԴԵՄ
Էրդողան-Փաշինյան առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա այսօր Պրահայում: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը։
Նշվում է, որ արդեն համաձայնեցված է նաեւ ժամը. այն տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին:
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն. Գ. Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։
Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։
Այնուհետեւ պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետեւանքով տուժած ընտանիքներին։
ԵՌԱԿՈՂՄ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձեւաչափով հեռախոսազրույցի մասին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ Նեդ Փրայսի հաղորդագրությունը հետեւյալն է.
«Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձեւաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Պետքարտուղար Բլինկենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։
Մեկ շաբաթում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով՝ ներառյալ ականների պայթյունների հետեւանքով հայ զինվորների եւ ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ի նախարարների հանդիպումը՝ որպես կարեւոր առաջընթաց խաղաղ գործընթացում:
Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը եւ վերահաստատել հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով, եւ ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։
ՎՃԱՐՈՒՄ՝ ԲՅՈՒՋԵԻՑ
Սեպտեմբերի 20-25-ը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի ժամանակ, հյուրանոցային ծառայությունների համար ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից վճարել է 2 մլն 880 հազար դրամ: Պատվիրակությունը տեղակայվել է «Երեւան» հյուրանոցում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ա.Մ.Ջ.-111» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով 1 մլն 90 հազար դրամ էլ ծախսվել է նույն այցի շրջանակներում տրանսպորտային ծառայություններն իրականացնելու համար:
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսանի որդու դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան: Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ կրել ակոսափող ինքնաձիգ: Բացի այդ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին եւ Մելիք Բարսեղյանին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին:
ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կորյուն Բ.-ն, աշխատելով Երեւան քաղաքի 20 համարի երթուղային գծում՝ որպես միկրոավտոբուսի վարորդ, 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 2 հասցեի մոտ տեղակայված կանգառում կայանելու հարցի շուրջ վիճաբանել է 39 համարի երթուղային միկրոավտոբուսի վարորդ Թաթուլ Անիկի Գրիգորյանի հետ, որի ժամանակ նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այնուհետեւ վիճաբանությանը միջամտել է Հարություն Ք.-ն, որի ընթացքում Կորյուն Բ-ն աջ ձեռքի բռունքով մեկ անգամ հարվածել է Հարություն Ք-ի դեմքին, ինչի հետեւանքով հետո Հարություն Ք-ն վայր է ընկնել, գլխով համահարվածվել կոշտ մակերեւույթ ունեցող ասֆալտապատ գետնին ու բռունցքով հարվածի եւ հատակին համահարվածվելու հետեւանքով ստացել աջից գանգթաղի ոսկրերից՝ ծոծրակոսկրի, կողմնոսկրի, գագաթոսկրի, քունքոսկրի, աջ ականակապճի եւ հայմորյան խոռոչի ստորին պատերի եւ քթոսկրերի կոտրվածքների, աջից՝ վերկարծրենային եւ ստորկարծրենային, ենթաոստայնենային արյունահավաքների, գլխուղեղի փափուկ թաղանթների, արյունազեղումների, գլխուղեղի սալջարդի, գլխուղեղի աջ կիսագնդի կոնտուզիոն-հեմոռագիկ օջախների եւ գլխուղեղի աջ կիսագնդի փափկեցման օջախի ձեւով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, ինչից հետո Հարություն Ք-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, 2022 թվականի ապրիլի 17-ին մահացել է: