ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետեւանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Պատրաստվել է նաեւ հատուկ փակ զեկույց։
Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող հայ զինծառայողների նկատմամբ ֆիզիկական բռնության, նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի եւ ծաղրանքի, այնպես էլ զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կադրերին, որոնք բուռն քաջալերման ու գովաբանման են արժանացել ադրբեջանական հազարավոր օգտատերերի կողմից։
Ներկայացվել են նաեւ Ադրբեջանի կողմից էթնիկ հայատյացության քաղաքականությանը բնորոշ այլ փաստեր։
Պաշտպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող տեսանյութերին, որոնք ակտիվ տարածվում էին ադրբեջանական սոցիալական կայքերում եւ տարբեր հարթակներում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ տեսանյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ կանանց նկատմամբ բռնությունը, նրանց մարմինների խոշտանգումը կատարվել են ոչ միայն ազգային, այլեւ գենդերային ատելության շարժառիթով։
Պաշպանը զեկույցում շեշտել է, որ հաճախակի բնույթ է կրել զոհված զինծառայողների մարմինների/մարմինների մասերի հրապարակումներին ուղեկցող «Լավագույն հայը մահացած հայն է» եւ «Լավագույն հայուհին մահացած հայուհին է» գրառումները։
Ատելության ու բռնության կոչեր հնչել են ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերի, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից։ Զեկույցում ներկայացվում է նաեւ, որ ատելության խոսքը քարոզվում ու վերատադրվում է դպրոցներից սկսված մինչեւ պետական պաշտոնյաների ելույթներով։ Վերլուծված են կոնկրետ օրինակներ։ Պաշտպանի փաստահավաք աշխատանքները եւ մեդիամոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնատար անձինք եւ հասարակական գործիչները ՀՀ իշխանությունների, զինված ուժերի եւ նույնիսկ քաղաքացիական անձանց գործողությունների մասին իրենց խոսքում օգտագործում են «հայկական ֆաշիզմ» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետության՝ «ֆաշիստական պետություն» լինելու գաղափարը բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի նախագահի կողմից եւ հիմնվում է վերջինիս կողմից արվող այն պնդման վրա, որ ՀՀ ներկայիս տարածքը «պատմական ադրբեջանական հողերի» վրա է կառուցված։ Զեկույցում ներկայացվում է նաեւ դեռեւս 2022թ. հուլիս-օգոստոս ամիսներին Պաշտպանի փաստահավաք առաքելության կողմից արձանագրված ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության ահաբեկման վերաբերյալ հավաստող փաստեր։
Հիմնավորվել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից խաղաղ բնակչության ահաբեկման ու վնասման գործողությունները՝ որպես էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողություններ, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները։ Հրապարակային զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվում մարդասիրական հարցերին, տեղահանված ու ռազմական ակտիվ գոտիներից չտարհանված առավել խոցելի անձանց, սպանված ու վիրավորված քաղաքացիական անձանց, կենսական ենթակառուցվածքներին, շրջական միջավայրին, ինչպես նաեւ զբոսաշրջությանն ու տնտեսությանը հասցված վնասներին։ Հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, զինծառայողների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ զոհված զինծառայողների կտտանքների փաստերը վերլուծված են երկրորդ ոչ հրապարակային զեկույցում եւ պատշաճ կարգով ներկայացվելու են միջազգային իրավասու կազմակերպություններին եւ դերակատարներին։
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇՆԵՐԻ ՎԱՐԺԵՑՈՒՄ
Ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները եւ հոգեմետ նյութերը կօգտագործվեն ծառայողական շների վարժեցման նպատակով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դրել է հանրային քննարկման։ Այս պահի դրությամբ նախագծին կողմ քվեարկել է 8, իսկ դեմ՝ 1 մարդ։ Նշենք, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից իր լիազորությունների շրջանակում ծառայողական շների վարժեցման նպատակով վարժեցման կուրսերի ուսուցման ժամանակ օգտագործվել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուսորների, ինչպես նաեւ զենք-զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի հոտային նմանակիչներ, որոնք եղել են արտադրված ԱՊՀ, եվրոպական երկրներում։ Ըստ ՊԵԿ-ի՝ 2010 թվականից մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ հոտային նմանակիչների օգտագործման արդյունավետությունն ուսումնական փուլերում բավականին ցածր է։ Դրանք ունեն հոտային նմանություններ առօրյայում հանդիպող տարբեր նյութերի հետ, օրինակ՝ կոսմետիկ նյութերի, սոսնձի, ինքնակպչուն ժապավենների, լատեքսային եւ այլ նյութերի հետ։
Այս նմանությունները դժվարացնում են ծառայողական շների աշխատանքը, այդ իսկ պատճառով ՊԵԿ-ն առաջարկում է թմրամիջոցները, հոգեմետ նյութերը եւ դրանց պրեկուրսորները, ինչպես նաեւ գործիքները եւ սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը բռնագրավում իրականացնող մարմինը ճանաչել է աննպատակահարմար, ավելին՝ եթե նյութերի օգտագործումը եզրափակիչ դատավարական ակտով մաքսային մարմնին է վերապահվել, ապա դրանք կարող են օգտագործվել օպերատիվ- հետախուզական միջոցառումների շրջանակում շների վարժեցման նպատակով։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ծառայողական շների վարժեցման համար այդ նյութերն օգտագործման հանձնվելու դեպքում մաքսային մարմինը պետք է ունենա պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված կլինեն ահազանգման եւ ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված պետք է լինեն չհրկիզվող պահարաններ եւ խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվելու են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից տեղափոխվել է հակակոռուպցիոն գործերով քրեական դատարան: 2012 թ.-ից Բերդ քաղաքային համայնքի, 2017թ.-ից Բերդի տարածաշրջանի բոլոր բնակավայրերը ներառող Բերդ խոշորացված համայնքի ղեկավար, 2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանիների ցանկի առաջին համար Հ. Մանուչարյանը 2021թ.-ի նոյեմբերի 9-ից անազատության մեջ է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այդ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հ. Մանուչարյանը չի ընդունում իրեն առաջադրված քրեական մեղադրանքները՝ դրանք համարելով շինծու։ Հոկտեմբերի 4-ին Ճամբարակ քաղաքում՝ Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացել է Հ. Մանուչարյանի վերաբերյալ դատավարության նիստ։ Մանուչարյանի պաշտպան, փաստաբան Արման Թամրազյանը հայտնեց, որ նիստում հարցաքննվել են քրեական գործով վկաներ, Տավուշի մարզպետարանի աշխատակից Վաղարշակ Գրիգորյանը եւ շինարար Մեսրոպ Մեսրոպյանը։ Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 6-ին, նախատեսվում այդ նիստում հարցաքննել քրեական գործով մնացած թվով 4 վկաներին։
ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Սեպտեմբերի 17-ից մեկնարկել է ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումների փուլը։ Տարբեր առարկաների գծով հայտ ներկայացրած հարյուրավոր ուսուցիչներ այդպես էլ չեն ներկայացել քննական կենտրոն։ Այս տարի ուղեցույցներում ներառված առաջադրանքները որոշակի մասով փոփոխվել են, եւ ուսուցիչները վախենում են քննություննից ձախողելով խայտառակվել իրենց կոլեգաների, աշակերտների եւ ծանոթների աչքում։ Տավուշի մարզի դպրոցներից հայտնում են, որ ատեստավորման գործընթաց սկսելով, այն արհեստականորեն բարդացնելով, ուսուցիչների մանկավարժական հմտությունները եւ ունակությունները չստուգող, այլ նրանց իմացությունը, հիշողությունը ստուգող հարցեր առաջադրելով՝ իշխանությունը վարկաբեկում է ուսուցիչներին՝ հանրությանը ցույց տալով, որ ուսուցիչները քիչ աշխատավարձ են ստանում, քանզի չեն ցանկանում իրենց որակավորումը բարձրացնել, ատեստավորվել, դրա արդյունքում իրենց աշխատավարձերը բարձրացնել։ Նույն քանակի դասաժամի համար նույն դպրոցի ատեստավորված ուսուցիչները ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան չատեստավորվածները, դրա հետեւանքով ատեստավորվածների հանդեպ այլ ուսուցիչների բացասական վերաբերմունք է առաջանալու, ինչը պատճառ է դառնալու հանրակրթական դպրոցներում անառողջ մթնոլորտի, ուսուցչանոցներում՝ բախումների։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ