5 հոկտեմբերի, Երեւան-ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ, երեկ պաշտոնապես մեկնարկեց մի ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանին երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում:
«Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պատրավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման եւ դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից եւ իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ։
«Այս ծրագիրն առանցքային դեր կունենա Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացումը խթանելու գործում: Այն կարեւոր ներդրում է հողի կայուն կառավարման բարելավման եւ Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»,
– ասել է ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի առաջատար տեխնիկական մասնագետ Կարոլինա Սթարը:- Հողի կայուն կառավարման ապահովումը հիմք է հանդիսանում ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում եւ ավելի լավ միջավայր ապահովելու համար, ինչը հանգեցնում է ավելի լավ կյանքի»:
«Հայաստանում բնապահպանական կայուն զարգացման նպատակները կազմում են մեկ ամբողջություն: Ուրախ եմ արձանագրել, որ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների իրականացմամբ ակնկալվում է թիրախային տարածքներում գրանցել հողային ռեսուրսների կայուն կառավարման մեխանիզմների եւ հողային ռեսուրսների դեգրադացիան չեզոքացնող համալիր մի շարք արմատական աշխատանքներ», – նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը։ Հողերի դեգրադացումն ու անապատացումը Հայաստանում պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն (մարդածին) գործոններով: Բնությունն ինքն է նպաստում հողերի դեգրադացմանը՝ տեղումների բացակայության, երաշտների եւ ավազամրրիկների հետեւանքով, որոնք իրենց հերթին առաջանում են սեզոնային եւ տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխման, բնական աղակալման, ինչպես նաեւ անձրեւային շրջանում ջրհեղեղների եւ սողանքների պատճառով: Մարդու գործունեության հետեւանքով առաջացած դեգրադացման պատճառներից է գյուղատնտեսական անարդյունավետ գործելակերպը, ինչպիսիք են անբավարար ցանքաշրջանառությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ կիրառումը, արոտավայրերի գերարածեցումը եւ հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի գերօգտագործումը (արտեզյան հորեր), հողի աղտոտումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ Հողերի շարունակական դեգրադացմանը զուգընթաց ահագնանում են նաեւ գյուղատնտեսության ոլորտին կլիմայի փոփոխության հետեւանքով սպառնացող վտանգները։ Այս ծրագիրը լանդշաֆտային մոտեցում ունի, որը համահունչ է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսլականին, այն է՝ հողի դեգրադացումը չեզոքացնելու նպատակով խրախուսել կայուն ինտեգրացված լանդշաֆտների ընդլայնումը։ Լանդշաֆտի մակարդակում կատարվող աշխատանքները թույլ կտան բազմակողմանի մոտեցում ցուցաբերել խնդիրների լուծմանը՝ ներառելով այլ ոլորտներ, ներգրավելով շահագրգիռ կողմեր եւ աշխատելով տարբեր մակարդակներում, դիմագրավելով հողերի դեգրադացման եւ պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերների խորքային պատճառներին, այլ ոչ թե միայն դրանց դրսեւորումներին։ Աշխատաժողովին մասնակցում էին պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի հողերի դեգրադացմանի եւ կլիմայի փոփոխության շուրջ նախաձեռնությունների խթանման գործում, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, ծրագիրը ֆինանսավորող եւ իրականացնող գործակալությունները, քաղաքացիական հասարակության, կրթական կառույցների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
ՀԻՄՆԱՎՈՐՎԵՑ
Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։ Ըստ հիմնավորման՝ նախագիծն ուղղված է հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը: Օրինագծով սահմանվում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու եւ պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։ Նախագծով չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը։ Չեղարկվում է նաեւ ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը։ Նախագծով նախատեսվում է նաեւ ակոսափող զենք կրելու իրավունք տալ 18-ի փոխարեն 21 տարին լրացած անձանց:
ՏՈՒՐՔԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 2000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն առհասարակ հանել: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 64 կողմ ձայներով: Ավելի վաղ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել էր, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախատեսվում էր ուսումնասիրել շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն է՛լ ավելի իջեցնելու եւ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանել 2 հազար դրամ: Բաբկեն Թունյանի խոսքով՝ 2019 թվականին տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել է ներկրման տուրքի չափ, մրցակցությանը դիմանալու, չսնանկանալու համար, սակայն, այժմ, անգամ առանց տուրքի, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ. կառուցապատողները կանգնած են լուրջ խնդրի առջեւ: Օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման հաջորդ օրը: