ԱՐԴԱՐ ՉԷ, ՈՐ ԼՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է  ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ: Սահմռկեցուցիչ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում:

 

Հայ գերիներին դաժանաբար գնդակահարելու տեսանյութին անդրադարձել են ոչ միայն հասարակական-քաղաքական գործիչները, այլ նաեւ աշխարհում հայտնի հայեր, որոնք դատապարտել են ադրբեջանցիներին եւ կոչ արել աշխարհին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Ստորեւ ArmLur.am-ը ներկայացնում է նրանց:

Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութին արձագանքել է ռուս փաստաբան, հասարակական-քաղաքական ակտիվիստ եւ երգչուհի Կատյա Գորդոնը:

«Որոշ աշխարհաքաղաքական պատճառներով կամ պարզապես քաղաքական պատճառներով Ռուսաստանը հստակ չի խոսում այս թեմայով… Եղբայրնե՛ր, հայե՛ր, ռազմագերիների մահապատիժը, որը հրապարակվում է, ցեղասպանություն է, դժոխք եւ ստորություն: Արդար չէ, որ ձեր պատերազմի մասին… լռում են: Ես շատ եմ սիրում Հայաստանը, տարիներ շարունակ ընկերներ եմ եղել հայերի հետ եւ հասկանում եմ նրանց։ Եթե իմ փոքր ձայնը որեւէ կերպ կարող է օգնել ձեզ, ես ձեզ հետ եմ: Ցավակցում եմ ձեզ իմ սրտի խորքից եւ բոլորիս խաղաղ երկինք եմ մաղթում»,- գրել է Գորդոնը:

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել եւ նշել՝ այն,  ինչ կատարվում է Հայաստանում, անընդունելի է:

«Նույն ընթացքում, երբ աշխարհը դեռեւս շարունակում է լռել, ես խոսելու եմ նրա մասին, որ այն, ինչ կատարվում Հայաստանում, այժմ անընդունելի է: Դա ցեղասպանություն է, ջարդ, որն իրականանում է ամեն օր, եւ ոչ մի կառավարություն Ադրբեջանի կառավարության եւ զինվորների նկատմամբ համապատասխան գործողություններ չի իրականացնում, իսկ Ալիեւը թույլ է տալիս այդ բարբարոսներին շարունակել սպանել հայ հերոսներին»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Հայաստանի սահմանի ողջ երկայնքով, որի հետեւանքով ունենք զոհեր եւ անհետ կորածներ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԵԶՐԱՓԱԿՎԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ

Գրքի հինգերորդ երեւանյան փառատոնը, որն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, եզրափակվել է գրական տոնի շրջանակում անցկացվող մրցանակաբաշխությամբ:

 

Փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով հաղթող են ճանաչվել Կարեն Անտաշյանը եւ Մարինե Պետրոսյանը, «Արձակ» անվանակարգում պարգեւատրվել է Տիգրան Պասկեւիչյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը:

«Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական եւ ժամանակակից գրականությունը հետեւողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:

Եռօրյա փառատոնը, որը նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին, մեկ հարկի տակ էր համախմբել հրատարակիչների, գրողների, ոլորտի այլ ներկայացուցիչների ու ընթերցասերների: Փառատոնի շրջանակում կազմակերպվել է վաթսուն միջոցառում, գործել է բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, անցկացվել են գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Հինգերորդ փառատոնն առանձնացել է միջազգային ընդգրկմամբ: Այն հյուրընկալել է անվանի գրողների Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են եղել Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը եւ տասնյակ ուրիշներ։ Մասնակցել է 35 հրատարակչություն, 165-ից ավելի գրող դիմել է գրական մրցույթին մասնակցելու համար:

Միջոցառումներ են անցկացվել ոչ միայն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այլեւ  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երեւանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էր:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է

Իտալիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի թիմը տղաների պայքարի ընդհանուր հաշվարկում գրավեց առաջին տեղը։

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե:

46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 52 կգ քաշային Էրիկ Առուստամյանը դարձան ոսկե մեդալակիրներ:

70 կգ քաշային Երանոս Օհանյանը նվաճեց արծաթե մեդալ. նա քթի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակիչ մենամարտին:

Բրոնզե մեդալակիրներ դարձան 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը:

 

 

 

ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՉԼ խմբային փուլում «Բարսելոնա»-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

Մեր մրցակիցն ուժեղ էր, եւ մենք ցանկություն ունեինք ապացուցելու նաեւ մեր ուժեղ լինելը՝ հաշվի առնելով վերջին հանդիպումները: Կարեւոր հաղթանակ տոնեցինք` ցույց տալով ներքին ուժ, լավագույն որակներ: Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի հանդիպումները: C խմբում Միլանի «Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ խաղին:

 

 

 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԷԿՐԱՆ

Ջենիֆեր Լոպեսը էկրաններ է վերադառնում նոր ֆիլմով, որը կոչվում է Shotgun Wedding (Հարսանիք որսորդական հրացանով): Ֆիլմի առաջին թրեյլերը հրապարակել է Prime Video սթրիմինգային ծառայությունը:

Սցենարի համաձայն՝ զույգը հարսանիքը կազմակերպում է հեռավոր կղզում, որտեղ էլ արարողության ընթացքում անհայտ անձինք  նրանց պատանդ են վերցնում, եւ զույգն անում է ամեն բան իրենց հարսանիքն իրականություն դարձնելու եւ հյուրերի անվտանգությունն ապահովելու համար:

Ֆիլմում նկարահանվել են Ջոշ Դյուամելը, Լենի Կրավիցը եւ Ջենիֆեր Քուլիջը: Ռեժիսորը Ջեյսոն Մուրն է:

Սկզբում գլխավոր հերոսին մարմնավորելու համար ընտրվել է Արմի Համերը, սակայն բռնության եւ ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից հետո դուրս է եկել նախագծից: Ֆիլմը էկրաններ կբարձրանա 2023 թվականի հունվարի 27-ին:




Լրահոս