Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:
Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Ավելին՝ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Մեկ այլ հանգամանք եւս. կարեւոր է հիշել՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, «Մադրիդյան սկզբունքներն» ու, ընդհարապես, ամեն ինչ դրեց մի կողմ եւ մեծախոսում էր՝ սկզբից ասելով, թե բանակցություններն իր՝ զրոյական կետից է սկսել, ապա հոխորտում էր՝ ինչ պետք է, դա էլ բանակցում ենք:
Նա հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Հոկտեմբերի 5-ին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խորհրդի նախագահ, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից պետք է ներկայացվեր տեսչական մարմնի ղեկավարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդի նախագահ-նախարարը նիստը սկսելուց հետո անգամ չի իմացել, թե ով է լինելու նոր ղեկավարը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ներկա խորհրդի անդամները երկար սպասելուց հետո, չգիտես՝ ինչու, փորձել են կառավարության աշխատակազմից պարզել, թե ով է թեկնածուն, որպեսզի հրավիրեն։ Աշխատակազմից տվյալները փոխանցելուց հետո միայն պարզվել է, որ թեկնածուն հայտնի հանրապետական շրջանակներից, Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն է, որը ներկայացել է նիստը սկսելուց 40 րոպե անց, քանի որ ինքն էլ չի իմացել, որ պետք է ներկայանա։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խայտառակ միջադեպի առիթով մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից։ Վերջինս նշեց. «Ինձ փոխանցեցին, որ, ըստ նախանշված ժամի, նիստը տեղի է ունեցել, տեսչականի ղեկավարն էլ մասնակցել է խորհրդի նիստին»։
Վարժական հավաքները լուրջ բարդությունների առջեւ են կանգնեցրել իրավապահներին: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք ստիպված են լինում ծանուցում ստացած, բայց հավաքներին մասնակցած անձանց բերման ենթարկել, որն ուղեկցվել է անգամ դանակահարությամբ: Լոռու մարզի Արծնիկ գյուղում իրավապահները գնացել են գյուղի 39 տարեկան բնակչի տուն՝ հասկանալու համար, թե ինչու չի ներկայացել զինկոմիսարիատ: Իրավապահներին քաղաքացին դիմավորել է հայհոյանքներով ու փորձել դանակով հարվածել: Ավելին՝ այս օրերին իրավապահները փորձում են զինկոմ ներկայանալ չցանկացող անձանց հարազատներից պարզել, թե ուր են, ինչու չեն կատարում զինկոմի պահանջը, ինչը իրավապահների մոտ բարդություններ է առաջացնում, եւ վերջիններս լուրջ վիճաբանությունների մեջ են մտնում քաղաքացիների հետ: Բացի այդ, ողջ գործընթացը ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախումներով, որի մասին ահազանգել է ՀԿ հատվածը, եւ երեկ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ խնդրին՝ քննադատելով ՊՆ-ի գործելաոճը: Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հերթական պլանային վարժական հավաքներն են անցկացվում։ Որոշումը կառավարությունն է ընդունել՝ հիմքում ունենալով Պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 2021 թվականին Գավառում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ գրություն է գրել կուսակցությանը, որ եթե չընտրվի Գավառ համայնքի ղեկավար, պատգամավորական մանդատից հրաժարվելու է: Նա չընտրվեց Գավառի համայնքապետ, սակայն ընտրություններից հետո շարունակեց մնալ պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու մանդատից չի հրաժարվում, ի վերջո գրություն է գրել, գրավոր խոստացել է: Ի պատասխան՝ Նարեկ Գրիգորյանը հերքեց. «Միանշանակ այդպիսի թուղթ չկա, ու ինձ համար զարմանալի բան է, քանի որ նման բան չի եղել: Ժողովուրդն է այդպես որոշել»: ՔՊ-ում, սակայն, խնամքով պահվում է այդ թուղթը: Հավելենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններում 51 տոկոս ձայն էր ստացել գործող համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ ՔՊ-ական թեկնածուն միայն երկրորդն էր: