ՊԵՏՔ Է ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ համացանցում հայ ռազմագերիների մասնակցությամբ հերթական տեսանյութը հայտնվեց։ Այս անգամվանը, սակայն, հայ հասարակությանը ցնցել էր բառիս բոլոր իմաստներով։ Մինչեւ այժմ հակառակորդի վայրագությունների մասին միայն լսածները կամ դրանք ոչ այդքան լուրջ ընդունողներն անգամ տեսել ու քար էին կտրել՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները սպանում հայ ռազմագերիներին, մասնատում, ծվատում ու, առհասարակ, առանձնակի դաժանորեն վարվում նրանց հետ։ Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ։

 

-Պարո՛ն Բաքոյան, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, միջազգային Ձեր գործընկերներին ինչպե՞ս եք ներկայացնում ադրբեջանական բանակի վայրագությունները, երբ, օրինակ, Ռուսաստանն ասում է, թե կողմերը պետք է քննեն տեսանյութերն ու երկուստեք գնահատական տան։

– Ցավն այն է, որ մենք բարեկամներ ունենք, որ իրադարձությունները չեն մեկնաբանում այնպես, ինչպես այն գոյություն ունի: Ավելին՝ փաստացի իրողությունները այլ ֆոնի ներքո են փորձում ներկայացնել, բայց ես՝ որպես խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իմ աշխատանքով ու խողովակներով փորձում եմ եղելությունն ու իրականությունը ներկայացնել միջազգային կառույցներին, կազմակերպություններին, մեր գործընկերերին: Նրանց կողմից, այո, կա արձագանք, բայց, կարծում եմ, ավելին պետք է լինի: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այն, ինչ տեսնում ենք Ձեր կողմից նշվող տեսանյութում, ռազմական հանցագործություն է, դրա համար պետք է պատասխանատվություն կրեն այդ ամենն իրականացնողներն ու այն մարդիկ, որ նման ոճրագործություն իրականացնելու հանձնարարություն են տվել:

-Մի կողմից ընդգծում եք, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություն է իրականացնում, մյուս կողմից շեշտում եք, թե ադրբեջանցիների հետ խաղաղության գնալն առաջնահերթություն է։ Ընդունեք, որ հայ հասարակության մոտ կարող է եւ առաջանում է տրամաբանական հարցը, թե ինչպես կարող է մեր եղբայրներին, հայրերին ու որդիներին տանջամահ անողը մեզ հետ խաղաղ ապրել։ Ինչպե՞ս կբացատրեք։

-Շատ պարզ: Մեդիադաշտում փորձում են այլ կերպ կամ շատ խառը ներկայացնել «խաղաղության պայմանագիրը» ու այն, թե ինչ է երկարաժամկետ խաղաղությունը։ Նախ՝ շեշտեմ, որ դա մեզ համար պարզապես անհրաժեշտություն է: Մենք, մի կողմից, ասում ենք, թե սահմանին լարված է, մարտեր են ընթանում, կամ լայնածավալ էսկալացիայի ռիսկեր կան, մյուս կողմից ասում ենք՝ ինչպես կարող ենք այս պայմաններում խաղաղության գնալ: Խաղաղությունը հենց դրա համար է պետք, որ է՛լ մարտեր չլինեն, ու հենց սահմանի վրա խաղաղ լինի: Խաղաղություն ասվածը հաղորդակցային ցանցերի ապաշրջափակումն է, ինչից հետո մեր պետությունն ավելի արագ տեմպերով զարգանալու հնարավորություն կունենա, ինչպես նաեւ վերազինված, ավելի ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ կունենանք: Այո, սահմանին խաղաղություն ունենալուց հետո կամ դրան զուգահեռ խաղաղության պահպանման համար պետք է երաշխիքներ ձեռք բերել։ Մենք չենք ասում, թե անպայման պետք է բարեկամանալ հարեւանների հետ կամ նրանց մեջ ապրել, ասում ենք՝ «խաղաղության պայմանագիր» պետք է կնքվի սահմանին կիրակոց ու զոհեր չունենալու պարագայում միայն: Սա՛ է մեր ասածի մեխը:

-Ո՞րն է երաշխիքը, որ հակառակորդը խաղաղ կապրի, ամեն անգամ նոր սադրանք չի հրահրի։

– Երաշխիքը բանակն ու զինված ուժերը ժամանակակից սպառազինությունով համալրելն է ու պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. այ սա՛ կլինի ամենամեծ երաշխիքը: Դրա համար, այո, ժամանակ է պետք, բայց վստահ եմ, որ կունենանք այդ ամենը: Իսկ այս ամենը՝ պրոֆեսիոնալ ու վերազինված բանակ ունենալու համար պետք է խաղաղություն ունենանք։ Եվ ինչպես տեսնում եք, մեկը մյուսի հետ փոխկապակցված է։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Եվ ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում է լինում, երեք կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրություններում էական տարբերություններ կան:

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է. «…զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»:

Հետաքրքիր է, որ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տարածած հաղորդագրությունում որեւէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին. «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը երեկ եռակողմ ձեւաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Պետքարտուղար Բլինքենը մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ ականների պայթյունների հետեւանքով հայ զինվորների եւ ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարեւոր առաջընթաց խաղաղ գործընթացում:

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը եւ վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, եւ ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։

Իսկ, ահա, Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է. «Նախարարը  նաեւ նշել է, որ հետհակամարտային շրջանում աշխատանքները կշարունակվեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

1 ՕՐՈՒՄ՝ 20 ՕՐԵՆՔ

Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ին մեկնարկած նստաշրջանը երեկ արդեն ավարտվեց։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ մի քանի ժամվա ընթացքում, հասցրել է քննարկել 20 օրենսդրական նախաձեռնություն՝ պետական տուրքի, փաստաբանության, քրեական, աշխատանքային, ոստիկանության, զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ այլ օրենքների վերաբերյալ: Ընդ որում, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաեւ  զենքի շրջանառության կարգավորում ենթադրղ օրենքը,  2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարացվեց եւ այլն: Երեկ՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան, ԱԺ նիստը տեւեց ընդամենը 10 րոպե, ընդունեցին բոլոր օրենքներն ու ավարտեցին աշխատանքները, արդեն օրվա երկրորդ կեսին կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին, եւ պարզվեց, որ ՔՊ-ականները ընդամենը չորս հարց ունեն:

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՐՑ

Պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում իշխանություններն առաջնային են համարում լուծել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի աշխատավարձի հարցը: Բանն այն է, որ կառավարությունը փոփոխություն էր առաջարկում, որով նախատեսվում է կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատավարձի հարցը։ «Առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով սահմանել, որ կոմիտեի նախագահի վարձրատրության կտորները շատ ավելի շուտ են ուժի մեջ մտնում, եւ պաշտոնի նշանակման պահից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում եւս վարձրատրությունը համապատասխան կերպով հաշվարկվում է ու վճարվում կոմիտեի նախագահին»,- ասաց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ Սասուն Խաչատրյանի վարձատրությունը կկազմի շուրջ 1,1 մլն դրամ։ Ընդ որում՝ հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հասցրեց քննարկել 20 նախագիծ ու անցկացնել դրանք, որոնցից մեկն էլ հենց այս հարցն էր:

 

 

 

ԸՆՏՐՎԵՑԻՆ

ԱԺ-ն հոկտեմբերի 6-ին հրապարակեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Թափուր պաշտոնների համար երկու թեկնածու կար՝ Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը։ Այդ թեկնածուներին առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են պատգամավորների միաձայն աջակցությունը։ Նրանց օգտին քվեարկել է 67 խորհրդարանական։ Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, գաղտնի քվեարկությանը, ինչպես եւ քննարկումներին չի մասնակցել։ Այն շարունակում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկու թեկնածուներն էլ երդում տվեցին։

 

 

 




Լրահոս