ՀԱՎԱՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 26-ի որոշմամբ հայտարարել է մինչեւ 3680 քաղաքացու մասնակցությամբ պահեստազորայինների վարժական հավաքներ 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 22-ը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն այս օրերին շարունակ ստանում է բազմաբնույթ բողոքներ՝ գործընթացի հետ կապված, այդ թվում՝

 

l վարժական հավաքին ենթակա պահեստազորայինները զրկված են լիարժեք բժշկական ստուգում անցնելու իրավունքից: Քաղաքացիները, մասնավորապես, նշում են, որ իրենց ծանուցելու եւ զինկոմիսարիատից վարժական հավաքների վայր տեղափոխելու գործընթացը կազմակերպվում է բավականին արագ՝ նույնիսկ նույն օրը, եւ արդյունքում իրենք չեն կարողանում լիարժեքորեն իրացնել համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելու իրենց իրավունքը, որը ամրագրված է օրենքով:

l Քաղաքացիներից շատերը զինկոմիսարիատի աշխատակիցներին հայտնել են, որ իրենց անձնական գործերում եղել են բոլոր այն բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում իրենց ժամանակին տրվել է տարկետում։ Այս կերպ քաղաքացիները ուշադրություն են հրավիրել իրենց առողջական խնդիրներին, որոնք կարող են բարդանալ հավաքներին ներգրավման դեպքում, սակայն ի պատասխան` ստացել են տեղեկություն, որ անձնական գործերում ժամանակին դրված բժշկական փաստաթղթերը որոշակի ժամանակ անց ոչնչացվել են:

l Վարժական հավաքների համար քաղաքացիներին տրամադրվող գումարը մի քանի անգամ զիջում է նրանց ամսական աշխատավարձի չափին, եւ այդ պատճառով ընտանիքը հայտնվում է կենցաղը սպասարկելու, վարկերի մարման լրջագույն խնդրի առջեւ. մարդիկ, իրենց աշխատավարձի չափը հաշվի առնելով, պլանավորել էին իրենց ծախսերը, վարկեր վերցրել, սակայն վարժական հավաքներում ներգրավվելով՝ կանգնում եմ լրջագույն ֆինանսական խնդրի առջեւ։

l Վարժական հավաքներին ներգրավվելու ծանուցագիր են ստանում մարդիկ, որոնք մասնագետ չեն եւ չեն կարող պիտանի լինել ոչ մասնագիտական գործունեություն ծավալելիս, բայց դա հաշվի չի առնվում շատ դեպքերում:

Ընդունելով վարժական հավաքների անհրաժեշտությունը հատկապես նման ծանրագույն պայմաններում գտնվող մեր պետության համար՝ հայտարարում եմ.

l վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինները պետք է նախապես անցնեն պատշաճ բուժհետազոտություններ, նախկինում առկա առողջական խնդիրները պետք է ենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության, եւ կատարվեն մասնագիտական եզրահանգումներ, իսկ գործընթացը չպետք է արհեստականորեն արագացվի մարդու իրավունքների տեսանկյունից այն անընդունելի նպատակով, որ չբացահայտվեն մարդկանց առողջական խնդիրներն ու հավաքներին ընդգրկվելու անհամատեղելիության հանգամանքները:

l ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես իրավասու գերատեսչություն, պետք է մշակի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս կկարգավորեն հավաքներում ընդգրկվող անձանց վարձատրության խնդրահարույց հարցերը, իսկ կառավարությունը պետք է հրատապ քննարկի հավաքներում ներգրավման արդյունքում ֆինանսապես տուժող քաղաքացիներին համապատասխան երաշխիքներ տրամադրելու, գուցե հավաքներում ներգրավման ժամանակահատվածում պահեստազորայինների վարկային պարտավորությունների սառեցման հարցում բանկերի հետ համագործակցելու հնարավորությունները։

l Ինչպես նաեւ պետք է, որ յուրաքանչյուր մարդ, ըստ մասնագիտացման, ներգրավվի վարժական հավաքներում:

l Նախկինում էլ եմ հայտարարել, հիմա էլ կոչ եմ անում մեր քաղաքացիներին վարժական հավաքներում ներգրավմանն առնչվող բոլոր խնդրահարույց հարցերի դեպքում կապ հաստատել մեզ հետ 011513230, 041888842 հեռախոսահամարներով։

 

 

 

 

ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ

ՌԴ-ի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին եւ Ադրբեջանին: Այս մասին երեկվա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ճեպազրույցի ժամանակ Զախարովան անդրադարձավ ՀԱՊԿ գործունեությանը: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։ «Կարճ ժամանակահատվածում կազմակերպությունն անցել է արժանապատիվ ճանապարհ։ Համատեղ ջանքերով ստեղծվել է անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաեւ առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության ոլորտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասել է նա:

 

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԱՅՑԻՑ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակների այցին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, դրա հետեւանքներին: Շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

 

 

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ

Եվրոպական խորհրդարանի անդամ, բելգիացի քաղաքական գործիչ եւ գործարար Թոմ Վանդենդրիշեն «Ֆեյսբուք»-ում գրել է. «Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը գազ է խնդրել ադրբեջանցիներից»։ «Մեր ինքնությունը եւ ժողովրդավարությունը» խմբակցության պատվիրակության հետ նրանք աջակցությունն են հայտնում Հայաստանին՝ Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիա իրականացնելով։

 

 

 

 

ԳՆԱՃ

Այլուրի գինը բարձրացել է. այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 15.9 տոկոսով, իսկ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, այն թանկացել 0.6 տոկոսով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ թանկացել է նաեւ բրինձը, նախաճաշի համար շիլաները։ Օրինակ՝ բրնձի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 11.1 տոկոսով։ Առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը թանկացել է 19.7 տոկոսով։ Կարագի, շոկոլադի եւ հրուշակեղենի գներն էլ են բարձրացել։ Օրինակ՝ կարագի մեկ կիլոգրամը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, թանկացել է 0.1 տոկոսով, բայց մեկ տարվա ընթացքում այն թանկացել է 3.2 տոկոսով։ Նշենք, որ հրուշակեղենը թանկացել է 1.5 տոկոսով։

Պարենային մթերքի շուկայում սեպտեմբերին թանկացել է ամեն ինչ։ Միայն պանրի շուկայում մեկ տարվա ընթացքում 23.9 տոկոսի չափով գնաճ է արձանագրվել, իսկ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 1.6 տոկոս: Կաթի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 14.8 տոկոսով։

Ցիտրուսային մրգերը եւս թանկացել են. այս շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 7.6 տոկոս գնաճ։ Շաքարավազը, հակառակը, էժանացել է մեկ ամսվա ընթացքում 0.6 տոկոսով։ Ձվի գինը եւս նվազել է 0.9%-ով, իսկ արեւածաղկի ձեթն էժանացել է 2.5 տոկոսով:

Մակարոնեղենի գները մեկ տարվա ընթացքում բարձրացել են 31.5 տոկոսով, իսկ բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.8 տոկոս:

 

 

 

 

ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ՝ ԱԺ-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ՝ 31 մլն դրամ կհատկացվի ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգմանը։ Հարցը չզեկուցվողների թվում էր։

Գործադիրն ԱԺ-ին թույլ է տվել աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնելու ընթացակարգով, «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի եւ գնման այլ ձեւերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:

Գումարը կհատկացվի ԱԺ-ի բյուջեից:

Նախատեսվում է ճաշարանի վերազինման համար ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային եւ հասարակական սննդի սարքավորումներ, ինչպես նաեւ օդափոխման համակարգ, կահույք ու սպասք ձեռք բերել։

Հաշվի է առնվել նաեւ, որ ճաշարանի պատերի եւ առաստաղի ներկը ճաքճքված է եւ գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված։

 

 

 




Լրահոս