Երեք տարի առաջ՝ 2019թ.-ի նոյեմբերի 15-ին, Նոր Հաճն քաղաքում շմոլ գազի թունավորումից մահացան ընտանիքի հինգ անդամները՝ 77-ամյա ժաննա Սիմոնյանն ու նրա անչափահաս թոռնիկները՝ էդուարդ, Տիգրան, Սերինե եւ ժաննա Միրոնյուկները։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երեխաներից երկուսի դին հայտնաբերվել էր լոգարանում, երեքը եղել էին ննջարանում:
Ընտանիքի մահվան համար նախաքննական մարմինը մեղադրեց «ԷՅ-Ի-ՋԻԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի աշխատակից Ռոստոմ Հայրապետյանին։ Փականագործը վերջին անգամ բնակարան այցելել է 2019թ.-ի հունիսի 8-ին եւ, ըստ առաջադրված մեղադրանքի, չի հայտնաբերել առկա խախտումները, չի արձանագրել եւ խախտումները վերացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել։ «2019թ.-ի նոյեմբերի 15-ին բնակարանի բնակիչների կողմից խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչի շահագործման արդյունքում այրման արգասիքները մթնոլորտ դուրս չեն եկել, ամբողջովին լցվել են խոհանոց, այնուհետեւ՝ բնակարանի մյուս հատվածներ։ Առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր թույլատրելի սահմանաքանակը գերազանցող շմոլ գազի կոնցետրացիա, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է մահ»,- ասվում է մեղադրական եզրակացությունում։ Քրեական գործի դատաքննությունը սկսվել է 2020թ. հունիսի 15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Վարդան Ստեփանյանը քրեական գործը քննել է մեկ տարի, որից հետո, կենսաթոշակի անցնելու հիմքով, նրա լիազորությունները դադարեցվել են։ Գործը վերամակագրվել է դատավոր Գեղամ Մարգարյանին, որն էլ 2021թ. հունիսի 23-ին վերսկսել է դատաքննությունը։ Ընտանիքի ողբերգական մահվան պատմությունը ժամանակին ցնցեց հանրապետությունը, բայց զարմանալիորեն այս գործը դուրս է մնացել լրատվամիջոցների ուշադրությունից։ Երկու տարուց ավելի դատարանում քննվող գործի՝ հանրային ուշադրությունից դուրս մնալու միակ բացատրությունն այն կարող է լինել, որ դատաքննությունը սկսվելու մասին իրազեկում չի արվել։ Հետագայում պատերազմի մեջ ներքաշված Հայաստանում տիրող խառնակ վիճակը ու դրան հաջորդած հետագա իրադարձությունները մոռացության են մատնել ընտանիքի ողբերգական պատմությունը։ Գործով ամբաստանյալ ճանաչված «ԷՅ-Ի-ՋԻԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի աշխատակից Ռոստոմ Հայրապետյանի նկատմամբ ընտրվել է «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը։ Նրա փաստաբան Լուսինե Զեյնալյանը հայտնեց, որ դատաքննությունը հիմա լրացուցիչ միջնորդությունների փուլում է գտնվում, լրացուցիչ հարցաքննելու են փորձագետին եւ մասնագետին։ Նրանց պատասխանները եթե չգոհացնեն իրենց, նոր միջնորդություններ կներկայացնեն դատարանին։ Լուսինե Զեյնալյանի կարծիքով՝ ողբերգական դեպքը բաժանորդների ինքնագործունեության հետեւանքով է տեղի ունցել եւ ոչ թե անվտանգության տեսուչի անփութության կամ խախտումները չգրանցելու։ «Դեպքի վայրի զննության լուսանկարների մեջ ակնհայտ երեւում է, որ գազօջախի աչքի վրա շուռ տված թավա կա, նաեւ հարեւանների խոսակցություններից տեղեկացել ենք, որ գազօջախի փուռն են միացրել տաքանալու համար, դրանից կարող էր շմոլ գազն այդքան շատ լցվել»,- ասում է ամբաստանյալի պաշտպանը։ Վերջինս հայտնեց, որ դեպքից մեկ օր առաջ է տեսուչը գրանցել գազի սպառման ցուցանիշը, եւ պարզվել է, որ մեկ օրվա մեջ 16 խմ գազ են ծախսել։ Փաստաբանը պնդում է, որ քննություն պետք է կատարեին եւ պարզեին, թե 16 խմ-ն ինչպես է ծախսվել մեկ օրում, սակայն նախաքննական մարմինն այդ մասով փորձարարություն չի իրականացրել։ Անվտանգության սարքը մշտապես անջատված է եղել, եւ դա չի հերքում տուժողների իրավահաջորդը։ Դեպքի օրը նույնպես սարքն անջատված է եղել։ Տեսուչը 5 ամիս առաջ է այց կատարել բնակարան, այդ ժամանակ խախտում չի հայտնաբերվել։ Նաեւ փորձաքննությամբ դիակների օրգանիզմում շմոլ գազի քանակությունն են որոշել։ Պարզվել է, որ տղաների օրգանիզմում շմոլ գազի քանակն ավելի շատ է եղել, քան աղջիկ երեխաների ու տատիկի մոտ։ Փաստաբանը փոխանցեց բժիշկների բացատրությունը՝ ինչքան ստամոքսը դատարկ է եղել, այնքան շատ է լցվել։ Հետեւությունն այն է, որ տղաները սոված են եղել, եւ ստամոքսը լցվել է շմոլ գազով։ Ողբերգական պատահարի առաջին օրերին մամուլը գրեց, որ երեխաների հայրն ու մայրն ամուսնալուծված են եւ բնակվում են Ուկրաինայում։ Երեխաների խնամակալությունը ստանձնել էր տատիկը, նրանց աջակցել է նաեւ հորեղբայրը՝ Աշոտ Մարգարյանը: Վերջինս տուժողների իրավահաջորդ է ճանաչվել, բայց փաստաբան չի ներգրավել գործում։ Երեխաների հայրը՝ 47-ամյա Արման Մարգարյանը, մասնակցել է ընտանիքի հուղարկավորությանը, իսկ մայրը չէր ցանկացել վերջին հրաժեշտը տալ իր երեխաներին։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Լոռու 3 բուժհաստատություններում հայտնաբերվել են խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու դեպքեր:
Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն իրականացնելու շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար. հայտնում է դատախազությունը։
Ուսումնասիրությունների արդյունքում երեք բժշկական հաստատություններում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում, հայտնաբերվել են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ: Հատկացված պետական միջոցների, դրանց ծախսման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում 63 շահառուներ չեն անցել անհրաժեշտ հետազոտություններ, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում ՝ 36, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում՝ 22 շահառուներ, սակայն այդ անձանց անվամբ պետության կողմից նշված կենտրոնին փոխանցվել են գումարներ։ Մասնավորապես, ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու եւ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ կատարելու մասին վկայող տվյալներ:
Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի եւ Սպիտակի քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ։
Վերադաս դատախազի որոշմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Նախաքննությունը շարունակվում է:
ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Նուբարաշենում կնոջը սպանել է ամուսինը եւ վերցնելով նոր ծնված երեխային՝ փախուստի դիմել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա եկել է տուն, շատ վատ տեսարանի ականատես եղել եւ իր վիճակից դրդված՝ սպանել կնոջը: Այս պահին իրավապահները փնտրում են տղամարդուն:
Shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 6-ին սպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տեւական ժամանակ է՝ չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի թիվ 10-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի՝ արնաշաղախ վիճակում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13 անց 30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ. ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 07.35-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ գողացել են իր «ՎԱԶ-2106»-ը: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել էին, որ սեպտեմբերի 28-ի ժամը 23.00-ից սեպտեմբերի 29-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
Քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են մեքենան առեւանգողի ինքնությունը:
Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը հոկտեմբերի 5-ին հայտնաբերվել, ձերբակալվել եւ, փախցրած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին: