ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային եւ թեմատիկ տարածական տվյալների ցանկը եւ դրանց ստանդարտացման ուղեցույցները: Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

 

Կադաստրի կոմիտեի ղեկավարը նախ ներկայացրեց, թե ինչ են տարածական տվյալները եւ դրանց ենթակառուցվածքը. «Տարածական տվյալը այն համակարգն է, որտեղից հնարավոր է ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերեւույթի եւ ստորգետնյա կոմունիկացիաների վերաբերյալ, ինչպես նաեւ ստորգետնյա օբյեկտների վերաբերյալ: Տարածական տվյալների ենթակառուցվածքների առկայությունը եւ դրա փոխկապակցվածությունը տարբեր ոլորտային բաղադրիչների հետ օգնում է, որպեսզի կառավարման համակարգում հնարավորություն ստեղծվի որոշումներ կայացնել հավաստի, ճշգրիտ եւ առժամանակյա տվյալների հիման վրա»: Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ կառավարության որոշման նախագիծը բաղկացած է երեք հավելվածներից: Դրանք բազային եւ թեմատիկ շերտերի ցանկերն են, երկրորդը՝ բազային եւ տարածական տվյալներին վերաբերվող ստանդարտացման ուղեցույցներն են, եւ երրորդ՝ թեմատիկ տարածական տվյալներին վերաբերվող ստանդարտացման ուղեցույցներն են: Ըստ էության, բազային տարածական տվյալների շերտերի մեջ մտնում են այն շերտերը, որոնք հիմնականում վարվում են Կադաստրի կոմիտեի կողմից, եւ դրանք ներկայացնում են օրտոֆոտոհատակագծերը, կադաստրային խումբը եւ տեղագրական խումբը: Կադաստրային խումբն իր մեջ ներառում է հասցեներ, կադաստրի միավոր, հողի նպատակային գործառնական նշանակություն եւ այլն: Իսկ տեղագրական խումբը իր մեջ ներառում է ռելիեֆ, ճանապարհային ցանց, ջրագրություն եւ այլն: Թեմատիկ տարածական շերտերը այն շերտերն են, որոնք պետք է վարվեն ոլորտային պետական լիազոր մարմինների կողմից, օրինակ՝ գյուղատնտեսությունը, ճանապարհային ենթակառուցվածքները, երկրաբանությունը եւ այլն: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ համակարգի արդյունավետ կառավարումը հնարավոր է դառնում այն ժամանակ, երբ բոլոր տվյալները հապատասխանաբար ստանդարտացված են եւ համադրելի, այսինքն՝ ստեղծված են միեւնույն միջավայրում, կոորդինատային համակարգում եւ ունեն նույն բնութագրիչները: Եվ եթե, օրինակ, Կադաստրի կոմիտեի կողմից հայցվում է տեղեկատվություն ռելիեֆի, կադաստրի քարտեզի եւ հողի նպատակային գործառնական նշանակության մասին, դրանք պետք է լինեն համապատասխան այն միջավայրում ստեղծված, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի տեղեկատվությունը հնարավոր լինի համադրել Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հետ եւ որպես վերջնարդյունք կատարել վերլուծություն եւ եզրահանգման գալ, արդյունքում մշակել քաղաքականություն: Կադաստրի կոմիտեի կողմից արդեն իսկ գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը (ազգային գեոպորտալը), ինչպես նաեւ քարտեզագրական մոդուլը, որը իր մեջ ներառում է Կադաստրի կոմիտեի կողմից վարվող բոլոր շերտերը: Այս ստանդարտների հաստատումից հետո Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ է լինելու Կադաստրի կոմիտեում վարվող բազային շերտերի ստանդարտացմանը: Համակարգի ներդրումը կխթանի տնտեսության զարգացումը, որովհետեւ համապատասխան բիզնեսին կտրամադրվի առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արդեն բիզնեսը կպլանավորի իր հեռանկարային գործունեությունը:

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԵՆ ՏՎԵԼ

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ  հոկտեմբերի 5-ին  «Զորավոր համայնք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Մհեր Պապյանը թիվ 38 ընտրական հանձնաժողով է ներկայացրել Բերդ խոշորացված համայնքի ղեկավար, սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուների 63-հոգանոց  ցանկը գլխավորած, 2021 թվականի նոյեմբերի 9-ից անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, նույն դաշինքի թեկնածուների ցանկի 2-րդ համար, սեպտեմբերի 30-ից անազատության մեջ գտնվող Սամվել Հովսեփյանի եւ «Զորավոր համայնք»  դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի 10-րդ համար Սարգիս Մարգարյանի ինքնաբացարկի դիմումները։ Ավագանու թեկնածուների ինքնաբացարկ տալու ժամկետը ավարտվեց հոկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ին։

Հ. Մանուչարյանի եւ Ս. Հովսեփյանի կողմից ավագանու անդամությունից ինքնաբացարկ տալու  պատճառն այն է, որ  նորընտիր ավագանու առաջին նիստին նոյեմբերի 10-ին «Զորավոր համայնք» դաշինքը կարողանա նիստին ներկա գտնվող  ավագանու 11 անդամ ունենալ  եւ, որպես ընտրություններում հաղթած դաշինք,  իր կազմից  համայնքի ղեկավար  ընտրի, այլապես  ավագանու անդամներ Հ. Մանուչարյանի եւ Ս. Հովսեփյանի՝ անազատության մեջ գտնվելու պարագայում «Զորավոր համայնք» դաշինքը   չէր կարող իր կազմից  համայնքի ղեկավար ընտրել եւ ավագանու այդ նիստից 20 օր հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրային մեկին կնշանակեր համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար։ Բերդ համայնքի Պառավաքար գյուղի բնակիչ, ավագանու նախկին եւ նորընտիր   կազմերի անդամ  Սարգիս Մարգարյանի, նաեւ Հարություն Մանուչարյանի եւ Բերդ համայնքի Այգեպար  գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանի  նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավարություն է  ընթանում։ Նրանք մեղադրվում են Հ. Մանուչարյանի  դատավարության նիստերից  մեկի ժամանակ նախագահող  դատավոր Սամվել Մարդանյանին  վիրավորանք հասցելու համար։

Ս. Մարգարյանը  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը մտավախություն ուներ, որ  այդ գործով դատավարության հերթական՝ հոկտեմբերի 20-ի նիստում  կարող էին  իրեն  կալանավորելու որոշում կայացնել, եւ այդ դեպքում ինքը չէր կարողանա  մասնակցել նորընտիր ավագանու անդրանիկ  նիստին։ Որպես Բերդ  խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու շրջանառվում է 1999 թվականից Նավուր համայնքի ղեկավար, 2017թ.-ից Բերդ համայնքի Նավուր բնակավայրի վարչական ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի  5-րդ համար, այդ դաշինքի նախընտրական շտաբի պետ Արամ Նիգոյանի անունը։

Նա   1989 թվականից ԱԻՄ անփոփոխ անդամ է, Նիգոյանը   Բերդ համայնքում արժանի հեղինակություն է վայելում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴ

Կառավարությունն իր հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին», «Դեղերի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների փաթեթին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:

Արտաքին գովազդը չի կարող սպառնալիք հանդիսանալ բնակչության շրջանակներում, քանի որ դեղորայքի արտադրությունը եւ շրջանառությունը իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով, ուստի այստեղ լրացուցիչ ռիսկեր առկա չեն։

Կարեւոր է ընդգծել նաեւ այն փաստը, որ, համաձայն 2022 թվականի հետազոտությունների, Հայաստանում առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը, որը կազմում է բնակչության 27,8 %՝ հետեւում թողնելով համացանցը` 1,9 %, եւ արտաքին գովազդը (փողոցներում)՝ 1,4 %:

Նախագծի նպատակն է ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտի ապահովում եւ հնարավորություն առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման, գովազդի ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում, ինչպես նաեւ դեղերի ոլորտում իրազեկվածության բարձրացում այլ հարթակների ներգրավման միջոցով։

 

 

 

21 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ

Կառավարություն 508 միլիոն դրամ կհատկացնի 20 բնակավայրերում 21 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության հոկտեմբերի 6-ի հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախագիծը վերաբերում է համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար գումար տրամադրելուն: Այս նախագծով առաջարկվում ենք 508 միլիոն դրամ տրամադրել 20 բնակավայրերում 21 ծրագրերի համար: Ընդհանուր առմամբ, դա վերաբերում է 7 մարզերի. Արագածոտնի մարզի երեք ծրագրի համար 28 միլիոն դրամ կհատկացվի, Արարատի մարզի երկու ծրագրի համար՝ 31 միլիոն դրամ, Արմավիրի մարզի մեկ ծրագրի համար՝ 6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի յոթ ծրագրերի համար՝ 168 միլիոն դրամ, Լոռու մարզի հինգ ծրագրերի համար՝ 107 միլիոն դրամ, Կոտայքի մարզի երկու ծրագրի համար՝ 74 միլիոն դրամ, եւ Շիրակի մարզ մեկ ծրագիր՝ 32 միլիոն դրամ:




Լրահոս