«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 150 000 000 դոլար, եւ Հայաստանի համաֆինանսավորում՝ 86 681 000 ԱՄՆ դոլար:

Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+650-կմ 42+875) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարություն) արժեքը, ըստ հաստատված գնումների պլանի, կազմում է 247 290 000 դոլար (այդ թվում՝ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամ՝ 135 000 000 ԱՄՆ դոլար,  եւ ՀՀ համաֆինանսավորում՝ 112 290 000 ԱՄՆ դոլար):

Մանրամասն նախագծի կազմման համար հայտարարվել էր միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) եւ Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԶ ընկերությունը: 2019 թվականի հունիսի 11-ին կողմերի միջեւ ստորագրվել են համապատասխան պայմանագրեր՝ նախագծային աշխատանքների իրականացման եւ շինարարական աշխատանքների ընթացքում հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար:

Պայմանագրով նախատեսված նախագծման աշխատանքները ժամանակին մեկնարկել են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի՝ ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը, անհրաժեշտ է նախաձեռնել վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման գործընթաց՝ այն երկարաձգելով մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Թունելի երկարությունը 4750 մ է, եւ հյուսիսային ճակատամուտքը նախատեսված շինաշխատանքների համար դժվարհասանելի հատվածում է։

Խորհրդատուն նախապատրաստել է նախնական նախագիծ, որի համաձայն՝   լոտ 1 Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+700-կմ 42+800) 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարարության նախնական արժեքը կազմել է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ), ինչը շուրջ 85 մլն ԱՄՆ դոլարով գերազանցում է ծրագրի սկզբում հաստատված գնումների պլանով շինարարության համար նախատեսված ֆինանսական միջոցները:

Հաշվի առնելով նշված հանգամանքները եւ Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+700-կմ 42+800) հատվածի շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարության համար նախատեսված ֆինանսական միջոցների պակասուրդը (շուրջ 85 մլն ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ), անհրաժեշտ է նախաձեռնել վարկային համաձայնագրում:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում եւ ընթացակարգում փոփոխություններ են իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Ըստ այդմ՝ եթե արցախցին ձեռք բերի կամ կառուցի անհատական բնակելի տուն ՀՀ սահմանամերձ բնակավայրում, ապա պետության կողմից կստանա լրացուցիչ աջակցություն։ Արցախում, ՀՀ մարզերում եւ Երեւանում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման պայմաններում փոփոխություններ չեն իրականացվել։

Այսպիսով՝

-սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում կտրամադրվի աջակցություն հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչեւ 14 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 13%, հանրագումարային մինչեւ 11,085 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 152 հազար դրամ),

-սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրամադրվի աջակցություն հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչեւ 16 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 13%, հանրագումարային մինչեւ 12,668 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազար դրամ)։ Իրականացված փոփոխությունների շրջանակում կսուբսիդավորվի նաեւ ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։

 

 

 

ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ

Գյումրիում քաղաքացիական նախաձեռնությամբ մաքրվում են թաքստոցները: Այդ տարածքները տարիներ շարունակ այլ նպատակների են ծառայել. բազմաբնակարան շենքերում գտնվող թաքստոցները վերածվել են պահեստարանների, հասարակական կառույցների տակ գտնվողները՝ աղբանոցների: Գյումրեցի Աստղիկ Եդիգարյանը դեռ 44-օրյա պատերազմից հետո էր որոշել մաքրել թաքստոցների համար նախատեսված տարածքները: Ադրբեջանական վերջին հարձակումից հետո, գաղափարի շուրջ համախմբելով կամավորներին, նա անցավ գործի: «Հիմնականում մեծ տարածքների վրա ենք կենտրոնանում, որտեղ շատ մարդիկ կկարողանան թաքնվել: Մենք մաքրում ենք, Աստված տա` օգտագործելու կարիք չլինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աստղիկ Եդիգարյանը՝ տեղեկացնելով, որ թեեւ տարածքները հիմնականում մասնավոր են, բայց նախաձեռնող խումբը դեռ որեւէ խնդրի չի բախվել։ Գործի մի մասն արդեն կատարվել է, սակայն մաքրման աշխատանքներն ավարտին չեն հասցվել: Ինչպես նախաձեռնողներն են նկատում, նոր կամավորների օգնող ձեռքերն իրենց չեն խանգարի։ Մաքրման աշխատանքներից բացի, նախաձեռնող խումբը կփորձի նաեւ կահավորել տարածքները:

 

 




Լրահոս