«ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ՈՍԿԵ ՄԻՋԻՆԸ». Ռ. ԱՎԵՏԻՍՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծանր ժամանակներ ենք ապրում եւ, դրան զուգահեռ, ունենք ինֆորմացիայի ահռելի հոսք, ամեն ինչ հասանելի է այսօր սոցցանցերում, ինչն ինձ համար իհարկե անընդունելի է: Եթե նախկինում մարդիկ կարող էին ինչ-որ մի կերպ գլուխն ազատել եւ չտեղեկանալ, հիմա պարզապես անհնար է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը Հայաստանի Հանրապետության վրա, որի հետեւանքով ունենք զոհեր եւ անհետ կորածներ:

 

«Այս իրավիճակում ամենասարսափելին այն է, որ մենք դեռ մտածում ենք, որովհետեւ եթե ես սկսեմ մտածել, որպես կին, քաղաքացի, հայ, իրականում  որեւէ լուծում չեմ կարող գտնել եւ կխելագարվեմ՝ պատկերացնելով, որ այս պահին իմ ժողովուրդը, մեր կռվող զինվորները ամեն վայրկյան վտանգի մեջ են, եւ ես որեւէ օգուտ չեմ կարող տալ նրանց: Խելագարվում ես՝ հասկանալով, որ անմեղ մարդիկ են զոհվում եւ չգիտես, թե ինչու… Կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է փորձել շատ չմտածել, լինել ավելի շատ բանական եւ սառը, որպեսզի ինքնապաշտպանվես: Մեզ համար մի զինվորի մահը շատ ավելի մեծ է, քան եթե մի ինչ-որ իրադարձություն կատարվում է մեծ պետությունում: Մենք ինչ-որ ձեւով բոլորս կապված ենք իրար հետ, մենք քիչ ենք, եւ մեզանից յուրաքանչյուրի կյանքը շատ թանկ է մեզ համար»,- նշեց դերասանուհին:

Մեր զրուցակիցը լիահույս է, որ  Հայաստանում չկան բացարձակ անտարբեր մարդիկ, որոնց համար մեկ է, թե հայրենիքի սահմաններում ինչ է կատարվում. «Ես մեծ հույս ունեմ, որ մարդիկ բացարձակ անտարբերության չեն մատնված, դեռ նրանց ուղեղը չի բթացել, եւ նրանց հետաքրքրում է, թե ինչ ճակատագիր է սպասվում մեր երկրին: Ցանկացած պատերազմի ժամանակ էլ մարդիկ շարունակել են ապրել իրենց կյանքով, կենցաղով, նույնիսկ հաճախել են թատրոններ, բայց դա չի նշանակում, որ նրանք անտարբեր են, եւ եթե իրենց տանից կամ հարազատներից սահմանում մարդ չկա, ուրեմն իրենք երջանիկ եւ անհոգ ապրում են: Ցանկացած ծայրահեղ իրավիճակներում պետք է անպայմանորեն հաճախել այնպիսի վայրեր, որտեղ մարդը կարող է ցրվել, ժպտալ, կտրվել դառը իրականությունից եւ հոգեբանորեն տրամադրվել դեպի դրականը: Կարծում եմ՝ պետք է գտնել ոսկե միջինը ապրելու համար»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը եւ ստացել առաջին մրցանակ: Այս մասին  հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

Ցուցահանդեսը բացվել էր 2022թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Նիդերլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական հանձնաժողովի եւ առցանց բաց քվեարկության միջոցով։

Մրցանակաբաշխությանը ներկայացված էին նաեւ Նիդեռլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) եւ մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։ Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչեւ քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ եւ այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաեւ թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաեւ Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։

 

 

 

ԱՌԱՋՆԵԿԻ ԾՆՈՒՆԴԸ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս աշխարհ է եկել դերասան Բեն Ավետիսյանի առաջնեկը: Բեն Ավետիսյան եւ Դիաննա Տոնոյան զույգը դուստր է ունեցել: Այս մասին դերասանն իր հետեւորդներին հայտնել է՝ «Ինստագրամ»-ի սթորի բաժնում հրապարակելով լուսանկար: Ի դեպ, ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ դերասան Բեն Ավետիսյանը 44-օրյա պատերազմից հետո կնոջ՝ Դիանայի հետ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, ավելին՝ Բեն Ավետիսյանը հայրենիքից հեռու կրկին շարունակում է նկարահանվել հեռուստասերիալներում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՆԱՀԱՆՋԵԼ Է

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

ՖԻՖԱ հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին միայն 93-րդն է: Նախորդ ամսվա համեմատ՝ թիմը նահանջել է մեկ հորիզոնականով: Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետեւյալ տեսքը` Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Դանիա:

 

 

 

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

2022թ. գրականության նոբելյան մրցանակը ստացել է ֆրանսիացի գրող Աննի Էռնոն։ Այս մասին տեղեկացրել է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։ Գրողը մրցանակին արժանացել է «համարձակության եւ վիրաբուժական ճշգրտության համար, որոնցով նա բացահայտում է անձնական հիշողության ակունքները, օտարումն ու հավաքական շրջանակները»։ Էռնոն վերջին տարիների ընթացքում քանիցս եղել է մրցանակի ամենահավանական թեկնածուների շարքում։

 

 

 

ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Աստանայի Մաստերս մրցաշարում: ATP-500 Masters մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովը մրցեց խորվաթ Մարին Չիլիչի հետ եւ 2 ժամ 26 րոպե ձգված մրցախաղի արդյունքում առավելության հասավ երեք սեթերից հետո 6:2, 3:6, 3:6 հաշվով: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ, 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում,  ինչպես նաեւ 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ:

 

 

 




Լրահոս