Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը (EUBC Junior EBC – MONTESILVANO 2022) 52 կգ քաշային կարգում արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Արցախի ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պատանի չեմպիոնին և մարզչին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ մեծ շուքով դիմավորել են ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի գերատեսչության անդամները, ընկերներն ու հարազատները:
Էրիկ Առստամյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ՀՀ հավաքականի կազմում: Պատանի բռնցքամարտիկը առաջնությունը մեկնարկել էր թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով, ապա առավելության հասնելով Բուլղարիան եւ Իռլանդիան ներկայացնող մարզիկների նկատմամբ՝ անցել եզրափակիչ։ Եզրափակչում 52 կգ քաշային կարգում պարտության մատնելով անգլիացի Լեյթոն Բիրչոլին, նվաճել է Հայաստանի հավաքականի 2-րդ ոսկե մեդալը:
«Ասում են ՝ եթե հասել ես եզրափակիչ՝ արդեն չեմպիոն ես, իսկ եթե ձեռքդ են բարձրացրել՝ բացարձակ չեմպիոն ես: Էրիկ Առստամյանը դարձել է Եվրոպայի առաջնության բացարձակ չեմպիոն՝ 33 երկրների լավագույն մարզիկների շարքում»- ասում է Էրիկ Առստամյանի մարզիչ, Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱՀ վաստակավոր մարզիչ Նարեկ Աբրահամյանը:
Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու պատանի բռնցքամարտիկի բանաձևը պարզ է. «Երևի բոլորից շատ էի ուզում հաղթել, դրա համար կարողացա դառնալ Եվրոպայի չեմպիոն: Մինչև մենամարտը ես իմ մեջ կարողացա հաղթահարել վախը, լարվածությունը, ինչի շնորհիվ էլ հաղթանակով ավարտեցի բոլոր մենամարտերը»:
Օրվա հերոսները մոտ 10 տարի առաջ նույնիսկ ՀՀ առաջնություններում հաղթանակի մասին էին վերապահումով խոսում: Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ այսօր Եվրոպայի առաջնության հաղթանակն են տոնում:
«Այս հաղթանակը առաջին հերթին նվիրվում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել, որ Արցախն ապրի: Շնորհակալամ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեզ հետ էին, հավատում էին մեզ: Սա ընդամենը մի փուլ է: Մենք այս հաղթանակով չենք բավարարվում ու սահմանափակվում»,- ասում է Նարեկ Աբրահամյանը:
Բռնցքամարտիկների հաջորդ նշաձողը աշխարհի առաջնությունն ու օլիմպիական խաղերն են