Թեղինիսի գեղադիր լանջերին ծվարած Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հավակնում է վերականգնել երբեմնի սպորտային մեծ համբավը` դառնալով տարածաշրջանային գլխավոր մարզահամալիրը:
Հոկտեմբերի 7-ին Մարզաբազայի ղեկավարության հրավերով երկօրյա այցով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները, որոնց կազմում են մի շարք օլիմպիական չեմպիոններ և այլ սպորտսմեններ ու տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ։ Հյուրերին հայկական ավանդական հյուրասիրությամբ՝ աղ ու հացով, դիմավորեցին Ծաղկաձորի գլխավոր մազահամալիրում։
Այցի նպատակն էր` ուսումնասիրել մարզահամալիրի առկա հնարավորությունները, քննարկել զարգացման հեռանկարները, դրանց վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ ըստ առանձին սպորտաձևերի, որոնք էլ կներառվեն մարզաբազայի զարգացման ծրագրում։
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հայ մեծ բարերար Ալբերտ Բոյաջյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հյուրերին վստահեցրին՝ ներդրումները կնպաստեն, որպեսզի Ծաղկաձորի սպորտբազան դառնա ոչ միայն հանրապետական, այլև տարածաշրջանային նշանակության կենտրոն՝ ավելի ընդլայնված հնարավորություններով։ Այստեղ մշտապես մարզվել ու մարզվում են բազմաթիվ, այդ թվում` տիտղոսակիր մարզիկներ։
Հյուրերը շրջեցին բազայի տարածքում, ծանոթացան մարզահամալիրի հնարավորություններին։ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը փաստեց, որ մարզաբազան հայ գործընկերների շնորհիվ վերակառուցվում է, առաջիկայում այն կդառնա առավել հարմարավետ, և ամենատարբեր մարզաձևերոով զբաղվող ռուսաստանցի մարզիկները կհյուրընկալվեն բազայում:
«Այստեղ մեծ էներգետիկա կա, ինչն օգնում է վերականգնվել և պատրաստվել մարզումներին: Հուսով եմ, որ մեր երկրների գործակցության արդյունքում կվերականգնվի այն ընտանիքը, որը եղել է անցած տարիներին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ մարզաբազայում մարզումների արդյունքում ձեռք բերված մարզավիճակը թույլ կտա բազմաթիվ մեդալներ նվաճել:
Օլեգ Մատիցինն առաջարկեց 2023 թվականին բազայի շահագործման 55-ամյակին նվիրված ֆորում անցկացնել, որին կմասնակցեն տարբեր տարիների Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու պարալիմպիկ մարզիկներ: Բազայի ղեկավարությունը ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դրա պատշաճ իրականացմանը։
«Ծաղկաձորի մարզաբազայում հարյուրավոր օլիմպիական չեմպիոններ են մարզվել, հետո նվաճել տիտղոսներ: Մենք ցանկանում ենք, որ միջոցառումը նաև միջազգային մասշտաբ ունենա։ Ուստի ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, այլ նաև մյուս երկրների օլիմպիական չեմպիոնների ենք հրավիրելու: Հայաստանի կառավարությունը` հանձին ԿԳՄՍ նախարարության, կմիանա նախաձեռնությանը: Կանենք ամեն ինչ ֆորումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նա կարևորեց մարզաբազայի ենթակառուցվածքների վերականգնումը և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:
«Մարզաբազայի ղեկավարության ջանքերով ու ներդրումով արդեն շինարարական մեծ աշխատանքներ են ծավալված: Գալիք տարի մայիսին կավարտվենք այդ աշխատանքները, պատրաստ կլինի մարզահամալիրի աթլետիկական մանեժը, որը շատ լավ հնարավորություն կտա նաև մեր մարզիկներին, իսկ դահուկորդների համար անվաչմուշկներով մարզվելու ասֆալտապատ ուղի կգործի` 6.8 կմ երկարությամբ: Գույքն ամբողջությամբ կթարմացվի, բռնցքամարտի դահլիճում համապատասխան գույք կլինի: Այս ամենը կբերի արդյունքների աճի և մենք այլևս ստիպված չենք լինի գնալ այլ երկրներ: Մեր մրցակիցները կգան այստեղ և նրանց հետ միասին մարզումներ կանցկացնենք»,- հավելեց Գիլոյանը:
Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկն ուրախությամբ ընդունեց 2023 թվականին բազայում միջոցառումներ անցկացնելու ծրագրերն ու նշեց, որ Ծաղկաձորի մարզաբազայում նաև բելառուս մարզիկներ են մարզվել, որոնք օլիմպիական չեմպիոններ են:
«Ես առաջին անգամ եմ Ծաղկաձորի մարզաբազայում, և այն հրաշալի է: Բազայի պատմությունը, ավանդույթները, կլիման, յուրօրինակությունը, ամեն ինչ ստեղծված է մարզվելու համար»,- ասաց նա:
Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական 4-ակի չեմպիոն Ելենա Վյալբեն ևս ողջունեց մտահաղացումը, մանավորապես, անվաչմուշկներով մարզվելու համար կառուցվող ասֆալտապատ ուղին և հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է վերանորոգել մարզահամալիր տանող ճանապարհը։ Ի պատասխան Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ քաղաքի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ սկսված են։
Պատվիրակության կազմում էր նաև Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը, որը հետաքրքրվեց բազայում հաշմանդամային սպորտի մարզաձևեր անցկացնելու հնարավորություններով։ Նրան վստահեցրին, որ բազան ունի բոլոր հնարավորությունները պարալիմպիկ մարզվումներ անցկացնելու համար, քանի որ այստեղ մեր մերզիկները ևս մարզվում են պարալիմպիկ խաղերին պատրաստվելիս։
«Այժմ էլ այդ ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում»,- ասաց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի արդիականացման նախագծի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը։
Հանդիպման ընթացքում Օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լողորդ Վլադիմիր Սալինկովը և թենիսի՝ Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը հիշեցին, որ բազմաթիվ մեդալներ նվաճել են հենց Ծաղկաձորում մարզվելուց հետո:
Հյուրերը եղան նաև միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի կորտերում, որոնց շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի օգոստոսի 17-ին և կավարտվի 2023_ի սկզբին:
«Այստեղ գործելու են թենիսի 9 գրունտային և երկու փակ կորտեր` հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայով, հանդերձարաններով և բացօթյա սրճարանով: Նախատեսվում է անցկացնել միջազգային երիտասարդական մրցաշար, որին մասնակցելու են տարբեր երկրներից երիտասարդական թիմեր»,- ասաց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի արդիականացման ծրագրի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը: