ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիշողության թարմացում. ինչ էր ենթադրում Արցախյան հարցի կարգավորման փաթեթային տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է նախկին իշխանությունների մասին եւ նրանց մեղադրում օրինակ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, այն բանակցություններով հանձնելու մեջ:

Նկատենք ՝1990- ականների վերջից մինչև 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրված են եղել Արցախյան հարցի կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք այս ընթացքում տարբեր անվանումներ են ստացել: ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի մինչեւ այս եղած սկզբունքներն ու հարցի կարգավորման տարբերակները., դրանց ձախողման պատճառները:

Այս անգամ խոսենք Արցախյան հարցի կարգավորման փաթեթային եւ փուլային տարբերակների մասին:  Արցախի հարցում փաթեթային տարբերակը նախատեսում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ նախկին ԼՂԻՄ -ի սահմաններով և լայն ինքնավարությամբ:

1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ամփոփիչ հռչակագրի 20 -րդ կետը պետք է վերաբերեր Ղարաբաղյան հակամարտությանը: Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան այդ կետի բովանդակության հարցում: Այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիևը պնդում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ներառվի պարբերությունում, Հայաստանը դեմ էր այդ ձևակերպմանը, և վետո կիրառեց:

Ի պատասխան Ադրբեջանը սպառնաց վետո դնել ողջ ամփոփիչ հռչակագրի վրա՝ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չընդգրկվի փաստաթղթում: Բանակցությունների արդյունքում՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պարբերությունն ընդհանրապես հանվեց հռչակագրի տեքստից:  Փաթեթային համաձայնագրով նախատեսվում էր, որ կողմերը պիտի ճանաչեին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է պետական և տարածքային կազմավորում լիներ Ադրբեջանի կազմում: Իսկ ինքնորոշումը պետք է կյանքի կոչվեր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կնքված համաձայնագրով, որը պետք է հավանության արժանանար Մինսկի համաժողովի կողմից, ապա՝ ներառվեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանադրություններում: Այս տարբերակին կտրականապես դեմ էր Արցախը, Հայաստանը՝ ոչ այնքան:

Այս ամենից հետո պարզ դարձավ, որ համանախագահները կողմերին առաջարկեցին հարցը լուծել փուլ առ փուլ: Այսինքն՝ կարգավիճակի հարցը թողնել ապագային, մինչ այդ կենտրոնանալով մյուս հարցերի վրա, որոնց վերաբերյալ տարաձայնությունները շատ չէին, դրանց թվում էին զորքերի դուրսբերումը Ղարաբաղի հարակից շրջաններից, բացառությամբ Լաչինի, բուֆերային ու բաժանարար գոտիների ստեղծումը, միջազգային խաղաղապահների տեղակայումը, տեղահանվածների վերադարձը, ապաշրջափակումն ու կոմունիկացիաների վերականգնումը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, որոշ վերապահումներով, բայց ընդունել էին այս տարբերակը որպես հիմք` հետագա բանակցությունների համար: Ստեփանակերտը կրկին մերժել էր: Հայաստանում լուրջ տարաձայնություններ կային Փուլային տարբերակի շուրջ, որոնք ի վերջո հանգեցրին ներքաղաքական ճգնաժամի և Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս