Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներն այդպես էլ իրենց պահանջները չկատարված հեռացան հավաքի վայրից:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանրահավաքը կշարունակվի վաղը՝ ժամը 19:00-ին։ Եւ վաղվա հանրահավաքին նախատեսվում է փակել նախագահական նստավայրի մուտքը։
Հիշեցնենք, որ մարդիկ պահանջում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում, սակայն չստացվեց։ Փոխարենը Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպեց քաղաքացիներին, տեղեկացրեց, որ նախագահը քաղաքում չէ, չի կարող հանդիպել, բայց ինքը պատրաստ է պատասխանելու հարցերին:
ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԺ նախագահի հետ հանդիպումից որոշ ժամանակ անց խմբված քաղաքացիները կամաց-կամաց հեռացան։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում հավաքված քաղաքացիները ցանկանում էին նախագահ Արայիկ Հարությունյանն իր հստակ դիրքորոշումը Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ արտահայտի:
Հավելենք, որ այդպես էլ հայտնի չդարձավ, թե ով էր կազմակերպել այդ ցույցը․ քաղաքացիներն այն անվանում էին ինքնաբուխ հավաք։ Սակայն Արցախում կա տեսակետ, որ Երևանից են ուղղորդում խժդժություններն Արցախի մայրաքաղաքում:
ArmLur.am-ը կփորձի պարզել, թե ով է կանգնած այս գործընթացի հետևում: