1990- ականների վերջից մինչև 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրված են եղել Արցախյան հարցի կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք այս ընթացքում տարբեր անվանումներ են ստացել: ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի մինչեւ այս եղած սկզբունքներն ու հարցի կարգավորման տարբերակները, դրանց ձախողման պատճառները:
Փաթեթային եւ Փուլային տարբերակները մերժելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկեցին 1998- ի նոյեմբերին նոր տարբերակ: Նոր՝ Ընդհանուր պետության տարբերակում Ղարաբաղի Կարգավիճակի մասին ասվում էր՝ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Այս տարբերակով եւս հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից, բացառությամբ` Լաչինի: Փաստաթղթում առանձին կետերով նշվում էր, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Շուշի, հայերը՝ Շահումյան։
Սակայն Ադրբեջանը ընդհանուր պետության գաղափարը մերժում է: Հայաստանն ու Ղարաբաղը լուրջ վերապահումներով ընդունում են միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը` որպես բանակցությունների հիմք: Շատ է քննարկվում նաեւ Քի-ուեսթյան տարբերակը, որը դեռ գաղտնազերծված չէ: Ըստ առկա տեղեկատվության, այս տարբերակով Ղարաբաղը Լաչինի միջանցքով պետք է միացվեր Հայաստանին, իսկ Ադրբեջանը Մեղրիի միջանցքով՝ Նախիջևանին:
Քի-ուեսթյան բանակցություններից սկսած Ղարաբաղը որպես կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից, իսկ բանակցությունների ժամանակ՝ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը:
Հետագայում արդեն բանակցությունների ընթացքում միջնորդները Հայաստանին ու Բաքվին ներկայացնում են Մադրիդյան սկզբունքները:
Ն. Հ.