«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծ եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:
-Պարո՛ն Թամրազյան, օրերս ԿԳՄՍ նախարարությունը e-draft հարթակում հրապարակեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը: Արդյոք դուք ծանոթացե՞լ եք նախագծին և ի՞նչ կարծիք ունեք:
-Այո, օրենքի նախագծի այս տարբերակին ծանոթացել եմ: Պետք է նշեմ, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը քննարկվում է արդեն 7-8 տարի և այդ ընթացքում պատրաստվել են օրենքի նախագծի բազմաթիվ տարբերակներ, որոնցից այս մեկը՝ վերջինը, վատագույնն է:
-Կհիմնավորե՞ք:
Օրենքում բազմաթիվ են իրար հակասող դրույթները և տեխնիկական խնդիրները, որոնց չեմ ուզում անդրադառնալ, իսկ ժամկետներում այնպիսի խառնաշփոթ է ստեղծված և այնպիսի անիրատեսական ժամկետներ են սահմանված, որ օրենքի դրույթների իրագործումը դնում է լուրջ հարցականի տակ:
Այնուամենայնիվ սկսեմ ամենակարևորից՝ բուհերի ինքնավարության բազմաչարչար հարցից: Բուհի ինքնավարությունն ոչ միայն համընդհանուր նորմ է ներկայիս աշխարհում և անշրջելի գործընթաց, այլև ՀՀ Սահմանադրության դրույթ:
Չի կարելի օրենքի հիմնավորումը սկսել բուհերի ինքնավարության մեծացման անհրաժեշտությունից և օրենքի մի ամբողջ հոդված (հոդված 6) նվիրել ինքնավարությանը՝ սահմանելով բուհի գործունեության հիմնական ոլորտներում ինքնավարության պահանջերը, միևնույն ժամանակ օրենքի մի շարք այլ հոդվածներով սահմանափակել հատկապես հանրային (պետական) բուհերի առանց այն էլ խոցելի ինքնավարությունը: Մասնավորապես, եթե հիշում եք 2021 թ. Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքի այն կետը, որով լիազոր մարմնի ղեկավարը ռեկտորին նշանակում էր իր հայեցողությամբ: Ըստ էության, այս կետը պահպանվել է նաև օրենքի նոր նախագծում, որտեղ ասվում է, որ լիազոր մարմնի ղեկավարը խոշորացված 8 բուհում 5 տարի ժամկետով ժամանակավոր նշանակում է և՛ ռեկտորին, և՛ ձևավորում է կառավարման խորհուրդը, և՛ նշանակում խորհրդի նախագահին՝ առանց հենց նույն օրենքով ռեկտորի ընտության ու խորհրդի ձևավորման ընթացակարգերի կամ ռեկտորի նպատմամբ սահմանված պահանջների պահպանման: Օրինակ՝ ժամանակվոր ռեկտորին խորհուրդը չի կարող անվստահություն հայտնել:
Իբրև մեղմացուցիչ հանգամանք, բայց փաստացի իրական մտադրությունները քողարկելու համար, ավելացվել է «ժամանակավոր կառավարիչ-ռեկտոր» բառերը, սակայն հարց է առաջանում, եթե ռեկտորի պաշտոնավարման ժամկետը օրենքով 5 տարի է, ապա 5 տարով կառավարիչ-ռեկտոր նշանակելը ո՞նց կարող է համարվել ժամանակավոր: Փաստորեն, ԿԳՄՍՆ նախարարը 5 տարի ժամկետով, իր հայեցողությամբ նշանակում է ռեկտորին, կառավարման խորհրդի անդամներին ու նախագահին, ստեղծելով իր համար ուղղակի ազդեցության լծակ բուհի կառավարման բոլոր 3 մարմինների վրա, ընդ որում այդ ժամկետում էլ իրեն իրավունք է վերապահում, կրկին իր հայեցողությամբ, ռեկտորին երբ ցանկանում է վերանշանակել:
Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թ. օրենքի որոշ դրույթների հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման մեջ հատուկ անդրադարձ է կատարվել պետության անհարկի միջամտությանը և օրենսդրի հայեցողությանը բուհի ինքնավարության շրջանակի սահմանման ժամանակ, բայց կարծես թե այդ որոշումը նորից հաշվի չի առնվում:
Կարծում եմ, որ ավելի ազնիվ և ճիշտ կլինի օրենքից հանել բուհերի ինքավարության և ակադեմիական ազատությունների մասին դրույթները և վերադառնալ մինչև 2005 թ.-ի իրողությանը, երբ նախարարն էր նշանակում պետական բուհերի ռեկտորներին:
-Դուք նշեցիք, որ նախարարը կարող է ժամանակավոր ռեկտորին նշանակել իր հայեցողությամբ՝ առանց որևէ չափանիշի պահմանման: Միթե՞ ռեկտորներին ներկայացվող պահանջներ օրենքում նախատեսված չեն:
Իհարկե նախատեսված են, բայց նախ ասեմ, որ ռեկտորին ներկայացվող պահանջերն արդեն իսկ անընդունելի իջեցված են, մասնավորապես բուհի նման կարևոր և բազմնագործառութային գործունեություն իրականացնող կառույցը ղեկավարող անձի նկատմամբ կառավարման աշխատանքի փորձի ունենալու որևէ պահանջ ներկայումս սահմանված չէ: Օրենքի նախագծի ներկա տարբերակով ընդամենը սահմանված է, որ հանրային բուհի ռեկտորի պաշտոնի կարող է հավակնել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության ստաժ (հոդված 32)։ Սակայն, նախարարի կողմից նշանակվող «ժամանակավոր կառավարիչ-ռեկտորները» կարող են չհամապատասխանել անգամ այս չափանիշներին, ինչն ամրագրված է օրենքի նախագծի այս տարբերակում:
Բացի այդ, օրենքով սահմանված է, որ ռեկտորն ի պաշտոնե ակադեմիական խորհրդի նախագահն է: Փաստորեն ստացվում է, որ ակադեմիական հանրույթի հետ զրո առնչություն ունեցող անձը բավական չէ, որ կարող է նշանակվել ռեկտոր, դրան գումարած ղեկավարելու է նաև ակադեմիական խորհուրդը, այսինքն պրոֆեսորներին, դոցենտներին, ամբիոնի վարիչներին, իսկ լիազոր մարմինը 5 տարի շարունակ ուղղակի ազդեցություն է ունենալու ռեկտորի, ակադեմիական խորհրդի ու կառավարման խորհրդի վրա և սա բնութագրվում է որպես ինքնավարության ավելացում:
-Իսկ ակադեմիական հանրությունն ինչո՞ւ է լռում:
Գիտեք այս օրենքի նախագծի այնքան տարբերակներ հրապարակվեցին, քննարկվեցին, արտահայտվեցին հիմնավոր կարծիքներ, տրվեցին գրավոր առաջարկություններ, որոնք շատ դեպքերու հաշվի չառնվեցին, որ հանրությունը և մասնավորապես ակադեմիական համայնքը կարծես հետաքրքրությունը կորցրել է դրա նկատմամբ և արդեն լուրջ էլ չի վերաբերվում:
Ավելին, ակադեմիական հանրույթը վերջերս կրթության առնչվող հարցերին ծանոթանում է բացառապես համացանցից: Օրենքի նախագծի այս տարբերակում, որտեղ կան բազմաթիվ նոր կարգավորումներ, օրինակ՝ կապված նախահավատարմագրման գործընթացի, ինտեգրված ծրագրերի և այլ դրույթների հետ, չի քննարկվել ռեկտորների հետ:
Թեև, իմ խորը համոզմամբ, բարձրագույն կրթության օրենքի առաջին շահառուն բուհն է, իսկ օրենքն իրացնողը բարձրագույն կրթության պատասխանատուները: Ինչպե՞ս կարելի է օրենքի նախագիծը հրապարակել, առանց հիմնական շահառուների հետ շահագրգիռ քննարկումներ անցկացնելու: Նույնիսկ հասարակական խորհրդի հետ քննարկում անցկացրել են նախագիծը հրապարակելուց հետո, իսկ ռեկտորների հետ այս տարբերակը ընդհանրապես չի քննարկվել: Արդյունքում հրապարակվել է մասնագիտական, իրավական, ժամկետային, տեխնիկական խնդիրներով տարբերակ:
-Պարո՛ն Թամրազյան, այնուամենայնիվ, երբ Դուք ԿԳՄՍՆ փոխնախարարն էիք, օրենքի այլ տարբերակներ ևս քննարկվում էին, ինչու դրանք չընդունվեցին:
2020 թ. մենք երկար աշխատեցինք օրենքի վրա և բուհերի, շահագրգիռ այլ կողմերի հետ արդյունավետ քննարկումների, ստացված առաջարկությունների հիման վրա պատրաստեցինք գրեթե բոլորի համար ընդունելի նախագիծ, որն ուներ մի շարք առաջադիմական դրույթներ: Իհարկե Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար կազմն համաձայն չէր, քանի որ կորցնում էր վերահսկողությունը իրեն ենթակա գիտահետազոտական ինստիտուտների նկատմամբ, իսկ բուհերը դառնում էին հետազոտական կենտրոններ՝ կրթության և գիտության ինտեգրման համատեքստում:
Իսկ 90 էջանոց օրենքի նախագծի ներկայիս տարբերակը, ուղղակի կրթությանը և գիտությանը վերաբերող հոդվածների մեխնիկական հերթափոխ է՝ առանց դրանց ինտեգրման որևէ մեխանիզմի: Բացի այդ, բուհերի ինքնավարության ավելացման տեսանկյունից 2020 թ. տարբերակում առկա էին դրույթներ կապված բուհերի գնումների, տարածքների վարձակալության գործընթացներում բուհերի լիազորությունների մեծացման հետ: Սակայն, 2020 թ. կորոնավիրուսի հետևանքով հետաձգվեց օրենքի ընդունման գործընթացը, այնուհետև պատերազմ, իսկ դրանից հետո ես այլևս նախարարությունում չէի և չգիտեմ ինչու այդ տարբերակը հանվեց շրջանառությունից: Սակայն օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել պատասխանատուներին վերադառնալ 2020 թ. նախագծին:
-Պարո՛ն Թամրազյան, ի՞նչ կարծիք ունեք բուհերի խոշորացման մասին:
Ընդհանուր առմամբ գտնում են, որ բուհերի խոշորացում անհրաժեշտ է: Սակայն նախ անհրաժեշտ է մշակել միավորման հստակ սկզբունքներ և միավորվող բուհերի յուրաքանչյուր դեպքի համար առանձին ծրագիր: Գործընթացը պետք է բաց, թափանցիկ քննարկվի լայն հասարակության հետ, քանի որ այս հարցը, կարելի է ասել, վերաբերում է բոլորին։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը