Մեր թերթի 179-րդ համարում տեղեկացրել էինք, որ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» շատ կարճ ժամանակով է դուրս եկել, այնուհետեւ ցնցումների մեջ է ընկել եւ արդեն 15 օր է` չի արթնանում:
Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակչուհի 19-ամյա Սաթենիկ Միրզոյանն այժմ գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` անգիտակից վիճակում: Աղջիկը հանգստացնող դեղերի ազդեցության տակ է, միացված արհեստական շնչառության սարքին: Մենք զրուցել էինք նաեւ Սաթենիկի մորաքրոջ հետ, վերջինս նշել էր, որ իրենք եւս չեն հասկանում, թե աղջկա հետ ինչ է կատարվում: Մորաքույրը վստահեցրել էր, որ 19-ամյա Սաթենիկը երբեւիցե որեւէ խնդիր չի ունեցել եւ վիրահատությունից հետո հանկարծակի նման վիճակում է հայտնվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի հետ` պարզելու համար, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Սաթենիկը: Պարոն Մանգոյանը տեղեկացրեց, որ աղջկա առողջական վիճակի հետ կապված որեւէ փոփոխություն չկա. «Առայժմ որեւէ փոփոխություն չկա, դրա համար էլ որեւէ առանձնահատուկ նորություն էլ չունենք»: Քանի որ վերջին անգամ պարոն Մանգոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ Մոսկվայից բժիշկներ են հրավիրել, մենք հետաքրքրվեցինք, թե Սաթենիկի վիճակի հետ կապված ինչ եզրակացության են հանգել այդ բժիշկները. «Առաջատար մասնագետներ եկան, սակայն ոչ մի նորություն, ոչ ասենք առանձնահատուկ պատճառների մասին… բուժումները լրիվ համաձայնեցված… բայց առանձնակի փոփոխություններ չեղան: Կիսվեցին իրենց կողմից, թե էլ ինչ կարելի է փորձել: Աշխարհով մեկ ընդունված սկզբունքներ կան, հնարավոր չէ մի տեղ լրիվ ուրիշ բան անեն, մեկ այլ տեղ` ուրիշ: Նույն պրոցեսն է, ինչ արտասահմանում, որեւէ փոփոխություն չկա, հրավիրված մասնագետները եւս նույն կարծիքին են, ինչ մենք, եւ համաձայն են նրան, ինչ մենք են անում»:
Մեր այն հարցին, թե իր պրակտիկայում կամ Հայաստանում երբեւէ նման դեպք գրանցվել է, եւ հնարավոր է արդյոք նշել գոնե մոտավոր ժամկետ, թե երբ աղջիկը կարող է գիտակցության գալ, պարոն Մանգոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, եւ ոչ ոք չի կարող ասել. սկսած մի քանի շաբաթից` վերջացրած տարիներով… եթե կարողանային ասել` կասեին, թե ուղեղն ինչպես է աշխատում, ինչպես պետք է բուժեն: Իսկ նման դեպքեր եղել են, սա առաջին դեպքը չէ, մեզ մոտ էլի է եղել»:
Պարոն Մանգոյանը հավելեց, որ աղջիկը գտնվում է հակացնցումային դեղորայքի եւ քնաբերի ազդեցության տակ, եւ եթե իրենք զգում են, որ նա գրգռված է` կրկին ներարկումներ են կատարում: Հուսանք, որ 19-ամյա Սաթենիկը անգիտակից վիճակից շուտով դուրս կգա:
ԱՂՋԻԿԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ