Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնացել է դրանք կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն։ Բացի այդ, նա ավելացրել է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձին դիտարկել։
«Ըստ սկզբունքային կետերի (դրանք հինգն են)՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը եւ այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Բաքվի եւ Երեւանի բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ չեն կարող միմյանցից անկախ ընթանալ։
Հիշեցնենք, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: