ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի անվան հուշամեդալ. Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործով քննիչը պարգեւատրվել է. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ Քննչական կոմիտեն քննչական կոմիտեի ծառայողների օրվա կապակցությամբ մի շարք քննիչների պարգեւներ շնորհեց: Նկատենք, որ ՀՀ վարչապետի անվան հուշամեդալ ստացավ  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Նիկոլ Փաշինյանի, Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով քննիչ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:

Ի դեպ գրել էինք, որ այս տարի լրացավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման գործով 4-րդ տարին:

Դեռևս մեկ տարի առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայոթյան հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր:

Այս գործով երեքն էլ որպես տուժող են ճանաչվել ու հարցաքննվել: Նկատենք, սակայն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել էին 1.5 տարի առաջ: Ըստ էության, 4 տարվա ընթացքում իրավապահներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել գաղտնալսման դեպքն ու պարզել, թե ի վերջո, ով էր կազմակերպել, իրականացրել, այնուհետև հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցը:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց՝ 2020 թվականի հունիսի 10-ին, քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ և սպասում են պատասխաններին, սակայն պատասխանները այդպես էլ չեկան:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին և խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Այլ ուժային կառույցներից էլ են «գործին խառնվել», բայց դարձյալ սայլը տեղից չի շարժվել»։

Քնար Մանուկյան




Լրահոս