
Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունը դեռևս պաշտոնապես որոշում չի կայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հումանիտար առաքելություն տեղակայելու վերաբերյալ:
«Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվան պարբերական շփումներ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
Դիվանագետի խոսքով՝ այդ առումով կօգտագործվի նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների առաջիկա նիստի հնարավորությունը: