Վիտամինների և չարգելված սպորտային սննդի ձեռքբերման համար մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 40 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն (WADA) գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` տեղեկացնելով, որ Լոզանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան պաշտոնապես հայտարարել է` հակադոպինգային պայքարում կարելի է օրինակ վերցնել ՀՀ կառավարությունից:

«Մենք համագործակցում ենք WADA-ի հետ և ամեն ինչ անում ենք, որ խնդիր չունենանք և ապահովենք մարզիկների սպորտով զբաղվելը՝ առանց դոպինգի գործածության: Մենք մաքուր սպորտի կողմնակիցն ենք և ուզում ենք հաղթանակների հասնել ազնիվ ճանապարհով»,- շեշտել է Կարեն Գիլոյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի` Վիթոլդ Բանկան մոտ ժամանակներս կժամանի Հայաստան. «WADA-ի պահանջների շուրջ 97 տոկոսը կատարել ենք: Միակ խնդիրը մարզաձևերի բազմազանությունն է: Կան մարզաձևեր, որոնք Հայաստանում զարգացած չեն, և կարիք չկա այդ մարզաձևերում դոպինգ ստուգումներ իրականացնել: WADA-ի պահանջը բազմազանություն ու քանակ ապահովելն է. կփորձենք գտնել համարժեք լուծում»:

2023 թվականին էականորեն բարձրացել է Հայաստանի հակադոպինգային գործակալության բյուջեն: Կարեն Գիլոյանի խոսքով` Հայաստանի դոպինգ ստուգում իրականացնող մասնագետները բարձրակարգ են և վստահություն ներշնչող:

«Շատ հաճախ տարածաշրջանների այլ երկրներից ևս նրանց հրավիրում են՝ դոպինգ ստուգումներ անցկացնելու: Շատ ուրախ եմ, որ մեզ վստահում են»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Ինչ վերաբերում է վիտամինիզացիային և սպորտային սննդով ապահովմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ այդ նպատակով այս տարի 40 մլն դրամ է հատկացվել մարզական ֆեդերացիաներին, որով նախատեսվում է ձեռք բերել վիտամիններ և չարգելված սպորտային սնունդ:

«Առայժմ ցանկալի որակ չի ապահովվում, քանի որ ոչ բոլոր հավաքականներն ունեն բժիշկներ, որոնք կարող են վստահաբար ասել, թե ինչ է պետք տվյալ մարզաձևի մարզիկների համար: Փնտրում ենք ճանապարհներ այդ խնդիրները լուծելու համար: Վստահ եմ՝ շուտով որևէ խնդիր չենք ունենա, և մարզիկները կստանան անհրաժեշտ վիտամինները»,- խոսքն ամփոփել է Կարեն Գիլոյանը:




Լրահոս