Ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշտանգման հերթական դեպքը. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում հոկտեմբերի 11-ին տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշտանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել է վայրը, հաստատում ենք, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս փաստերն ի թիվս այլ ապացույցների՝ հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով: Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից։ Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն՝ պատժել:




Լրահոս