Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2020թ. օգոստոսին: Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ու քանդակագործ Արա Շիրազի հեղինակած հուշարձանի տարածքում 1980 թվականից մինչև օրս առաջին անգամ են իրականացվում հիմնանորոգման աշխատանքներ: Հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:
Արդյունքում հուշարձանի նախնական տեսքը փոփոխության չի ենթարկվել: Հաշվի առնելով հուշարձանի հետնապատի վթարայնությունը, որը մարդկանց կյանքի համար սպառնալիք կարող էր հանդիսանալ, ամբողջությամբ փոխվել և նույն՝ հայկական գրանիտե սալերով վերականգնվել է արձանի հետնապատը: Հիմնանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարարությունը: Իսկ Երևանի քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն:
Վարդանյան ընտանիքի միջոցներով է իրականացվել նաև հուշակոթողի նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմումն ու փորձաքննությունը: Հուշարձանի վերականգնման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 136 մլն. դրամ: