«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել վերոնշյալ անձանց հետ ու պարզել՝ ինչ են քննարկել վարչապետի հետ:
Մեզ միայն Խզմալյանի հետ խոսել հաջողվեց, մյուսները, ըստ երեւույթին, ինչ-որ բանից վախենալով կամ կաշկանդվելով, խուսափեցին խոսել կամ կապի դուրս գալ: Շիրինյանը, օրինակ, լսելով, որ լրագրող է զանգահարողը, բավական անքաղաքավարի կերպով ցած դրեց հեռախոսը: ՍԴՀԿ-ից խոստացան՝ Աճեմյանն անպայման կկապվի ու կզրուցի մեզ հետ, Սամվել Բաբայանի կուսակցության ներկայացուցիչ Տերտերյանը կարդաց մեր՝ իրեն ուղղված հաղորդագրությունները, բայց ո՛չ Աճեմյանը, ո՛չ Տերտերյանը կապի դուրս չեկան մեզ հետ:
Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի ու Դավիթ Սանասարյանի հետ նույնպես կապ հաստատել չստացվեց: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի հետ, ըստ երեւույթին, մեծ սիրով հանդիպման գնացող քաղուժերը, որ հիմնականում պրոարեւմտյան կողմնորոշում ունեն, վախենում են շփվել լրագրողների հետ կամ էլ կաշկանդվում ու ամաչում են հանգամանքից, որ Փաշինյանի հետ են հանդիպում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում