ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ սեպտեմբերի 20-ին`ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի խանութներից մեկի շրջակայքում մի խումբ երիտասարդ տղաներ վիճել են, ինչի արդյունքում  երիտասարդներից մեկը մահացել է, իսկ մյուսը հայտնվել հիվանդանոցում: Մասնակիցներից ոմանք էլ գտնվում են  հետախուզման մեջ:
Նախ հիշեցնեք, թե ինչ էր տեղի ունեցել այդ «ռազբորկայի» ժամանակ, եւ ովքեր են եղել այդ վեճի գլխավոր «հերոսներն» ու մասնակիցները: Մոտ 20 երիտասարդների միջեւ կեսգիշերին վիճաբանություն էր սկսվել մի աղջկա պատճառով, որի պատիվը պաշտպանողը եղել էր Դավիթ Օհանյանը, իսկ վերջինիս ընկեր 23-ամյա Հակոբ Բուդաղյանն էլ փորձել էր օգնել Դավիթին: Ի վերջո, կռվի  մասնակիցներից 24-ամյա Վարաժ Մանուկյանը դանակահարել էր Դավիթին եւ Հակոբին: Դավիթը տեղում մահացել էր, իսկ Հակոբին տեղափոխել էին հիվանդանոց:  
Դանակահարող Վարաժին ոստիկանությունը ձերբակալել էր: Նա  խոստովանել էր, թե հենց ինքն է դանակահարել Դավիթին եւ Հակոբին: Նշենք, որ այդ աղմկահարույց սպանությունից հետո Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներն էլեկտրոնային տարբերակով բաց նամակ էին գրել եւ կոնկրետ անուններով նշել, թե ովքեր են եղել   տեղի ունեցած ծեծկռտուքի եւ դանակահարության մեղավորները: Բնակիչներն իրենց նամակում նաեւ շեշտել էին, որ իրենք այդ «ջահելների» պատճառով արդեն քանի տարի է` ապրում են վախի մթնոլորտում: Ըստ նամակագիրների` «կռիվ սարքողը» հիմնականում Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն է եւ իր «ոհմակը»: «Բոլորը գիտեն Արտակ Ավետիսյանի տղաներին` Նարեկին եւ Տարոնին, ինչպես նաեւ եղբոր որդուն` Թադեւոսին: Իրենք դեպքի վայրում են եղել իրենց մեքենաներով»,-նշված է նամակում:
  Մենք տեղեկացրել էինք, որ Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը «Ժողովուրդ»-ին ասել էր, թե իրենք չեն թաքցնում, որ ԲՀԿ-ական Արտակ Ավետիսյանի որդիները եւս մասնակցել են այդ խուլիգանությանը: Նրանք  «փախած» են եւ գտնվում են հետախուզման մեջ: Ի դեպ, հավելենք, որ պարոն Օհանյանը վստահեցրել էր, որ վեճի մասնակիցները բոլորն էլ իրենց արժանի պատիժը կկրեն:
Երեկ փորձեցինք պարզել`  արդյոք տվյալ գործի հետ կապված եղել են պատժվողներ եւ ինչ փուլում են գտնվում հետախուզման աշխատանքները: Մեզ հետ զրույցում պարոն Օհանյանը նշեց, որ կան ձերբակալվածներ, եւ դեռ չորս հոգի էլ հետախուզման մեջ են գտնվում: Նաեւ տեղեկացրեց, որ ԲՀԿ-ական Արտակ Ավետիսյանի մի որդին հետախուզման մեջ է, իսկ մյուսին մեղադրանք են ներկայացրել. «Նա արդեն կալանավորված է, իսկ մյուս կողմից էլ մեղադրանք է ներկայացվել դանակահարվողին, որը կենդանի է մնացել: Էլի կան մեղադրվողներ, որոնք խուլիգանություն են կատարել, երկկողմանի խուլիգանություն է եղել, եւ երկու կողմից էլ կան հետախուզվողներ»:
Մեր զրուցակիցը նշեց, որ լայն թափով աշխատանքներ են կատարվում, եւ այդ գործն իրենց ուշադրությունից դուրս չի մնացել, սակայն չասաց, թե ԲՀԿ-ական Արտակ Ավետիսյանի որ որդուն են ձերբակալել` դա պատճառաբանելով  նախաքննության գաղտնիությամբ. «Մեկը ձերբակալված է, մյուսը հետախուզման մեջ է գտնվում, այսքանը»:
Մեր այն դիտարկմանանը,  թե պարոն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ իր որդիները հետախուզման մեջ չեն գտնվում եւ անգամ չեն էլ մասնակցել այդ դանակահարությանը, պարոն Օհանյանը պատասխանեց. «Եթե չեք հավատում եւ ուզում եք տեղեկանալ, կարող եք զանգահարել քննչականի պետին եւ փաստացի տեղեկանալ: Ինքը կարող է ժխտի,  որ չեն ձերբակալել,  կամ ինքը կարող է ժխտի, որ տղան հետախուզման մեջ է գտնվում, ես հո օդից չե՞մ ասում, որ ձերբակալված է: Ես հետախուզում եմ հայտարարել, եւ մեծ աշխատանքներ են կատարվում հայտնաբերելու ուղղությամբ»:
Նոր Նորքի ոստիկանության պետը հավելեց, որ այդ ծեծկռտուքին մասնակցել են Արտակ Ավետիսյանի  երկու տղաները, եղբոր տղան, իսկ դանակահարողն էլ եղել է Ավետիսյանի աներորդու տղան` Վարաժ Մանուկյանը, որը վաղուց է ձերբակալվել: Հավելենք, որ դանակահարված 23-ամյա Հակոբ Բուդաղյանին եւս մեղադրանք է ներկայացված 258 հոդվածի 3-րդ մասով` խուլիգանություն:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արտակ Ավետիսյանի հետ, սակայն վերջինս առանց մեր հարցը լսելու ասաց, թե ինքն ուրիշ բաներ է ասում, իսկ լրատվամիջոցները մեկ այլ բան են գրում, եւ անջատեց հեռախոսը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս