«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի ութին (այդ օրն, ի դեպ, Շուշիի ազատագրման օրն է, ու հայ հասարակությունը դեռ եռատոն նշելու սիրտ ու տրամադրություն ուներ) այդ ժամանակ արդեն մեկ տարվա ստաժով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին, նորից, երիցս, հերթական անգամ ու առանց հոգնելու խոսում էր իր թերեւս ամենասիրելի թեմաներից մեկի՝ բանակում զինվորին «շապիկ, ներքնազգեստ» տալու մասին։ Փաստերից 13-րդը հետեւյալն էր. «Ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը»,- նշում էր նա։
Օրերս, երբ արդեն ոչ թե մի քանի տասնյակ լրատվամիջոցների ու լրագրողների, այլ սոսկ Հանրային հեռուստաընկերության հարցերին էր պատասխանում, պարոն Փաշինյանը երիցս պնդեց՝ բանակը որեւէ բանի կարիք չունի, բայց բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, բանակում մեր եղբայրները, զավակները, ընկերները, հայրերն ու հարազատներն են ծառայություն անցնում, որոնց հորդորով, խնդրանքով ու անգամ պարտադրանքով քլունգ էլ, բայ էլ, գուլպա ու շապիկ էլ մարդիկ ուղարկում են առաջնագիծ, դեռ չասած 2020-ի լայնամասշտաբ պատերազմի մասին, երբ զինվորական հոսպիտալներում անգամ լարանի, բինտի ու պինցետի խնդիր կար։ Փաշինյանի մեծամեծ պնդումները, թե բանակը որեւէ բանի պակաս չունի, ոչ այլ ինչ է, քան պարզագույն սուտ։
Ի դեպ, առավել քան զավեշտալի, տարօրինակ ու անտրամաբանական է Փաշինյանի այն հրահանգը ԶՈւ հակահետախուզությանը, որ պետք է ստուգեն, թե բանակի համար փողոցում բահեր ու շապիկներ հավաքագրողներն իրականում ինչ են անում հավաքագրած ապրանքը։ Բանակը, փաստորեն, ամեն խաղ խաղացել էր, հիմա էլ իր՝ առանց այն էլ քիչ աշխատավարձից գումար տնտեսող ու զինվորի համար գուլպա գնող տատիկ-պապիկներով ու դրանք հավաքագրող երիտասարդներով պետք է զբաղվի։
Ինչպես հայտնի է, Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ դելիմիտացիային նպաստելու համար. այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ Նկատենք՝ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունի այս պահին 11 երկրներում, այդ թվում՝ հարեւան Վրաստանում, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Սովորաբար պրակտիկա կա՝ առաքելության ժամանումը երկար չի տեւում՝ մոտ երկու շաբաթ։ Ընդգծենք՝ քաղաքացիական առաքելության անդամները չեն կարող իրենք հատել սահմանը եւ պետք է տեղակայված մնան, դիտարկումներ անցկացնեն միայն այդ վայրում։ Դիցուք, մեր պարագայում առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։
Նրանք զինված չեն, հետեւաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ, եւ նրանց առաքելությունը միայն միջնորդական է։ Օրինակ՝ եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա նրանք կարող են զանգել ադրբեջանական կողմին եւ փորձել ընդհանուր հայտարարի հասնել, կարող են հենց սահմանին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել երկու կողմերի միջեւ։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե ինքը կաշխատի առաքելության հետ այնքանով, որքանով կառնչվի Ադրբեջանին, չի խանգարելու աշխատանքին, քանի որ, այսպես, թե այնպես, նրանք տեղակայվելու են հենց ՀՀ սահմանին։
Առավոտից մինչեւ երեկո նրանք պետք է մշտադիտարկումներ անցկացնեն, եթե խախտումներ լինեն, արձանագրեն դրանք, ոչ ավելին։ Շատ կարեւոր հարց է, թե որտեղ պետք է կանգնեն այդ դիտորդները։ Հայաստանը պետք է պահանջի, որ նրանք տեղակայվեն այն տարածքներում, որը եղել է մինչեւ 2021 թվականի մայիսի 12-ը, երբ ադրբեջանական զորքերը մտան ինքնիշխան ՀՀ։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։