ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 108

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը։ Փաշինյանը բազմաթիվ խոստումների թվում ասում է. «Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է, այսինքն՝ մենք թեւակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան: Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետեւ հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում»: Տնտեսական հեղափոխություն, իհարկե, տեղի չունեցավ: 2022 թվականին արդեն այս խոստումը լիովին տապալած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է. «Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը Քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջեւում չի սպասվում»: Այսինքն՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ելույթ ունենալով եւ խոստումներ տալով՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  հոկտեմբերի 12-ին Սիսիանում տեղի է ունենալու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հենց այդ նիստի ժամանակ պետք է նորընտիր ավագանին ընտրի համայնքի ղեկավար: Մենք տեղեկացանք, որ այդ օրը համայնքի ղեկավար չի ընտրվի: Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։ Ընդհանուր առմամբ, ավագանին ունենալու է 21 մանդատ, իսկ համայնքի ղեկավար ընտրելու համար պետք է 11 ձայն, ըստ այդմ՝ ՔՊ-ն ունի 8 մանդատ, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5 մանդատ, Արթուր Ղազինյանի կուսակցությունը՝ 2 մանդատ, եւս 2 մանդատ ունի Արման Բաբաջանյանի ուժը։ «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ ունի 4 մանդատ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ առաջին նիստի ժամանակ ոչ ոք չի ընտրվի համայնքի ղեկավար, եւ ավագանու անդամները կգնան երկրորդ անգամ ընտրության: Մեր տեղեկություններով՝ նախնական որոշվել է, որ այդ օրը 4 ՔՊ-ական իր ձայնը տալու է «Աշխատանք եւ արդարություն» ուժի թեկնածու Հայկ Առաքելյանին: Բանն այն է, որ այդ ուժը Արթուր Ղազինյանի կուսակցության հետ միասին ունի 7 մանդատ, այսինքն՝ ընդդիմությունը ներկայացված է յոթ մանդատով, եւ եթե ՔՊ-ն 4 ձայն տա Հայկ Առաքելյանին, ապա հենց նա էլ կդառնա համայնքի ղեկավար: Հավելենք, որ Հայկ Առաքելյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերն ու թեկնածուն է, եւ նրան է սատարում նաեւ Արթուր Ղազինյանը։

 

 

Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ, կարկառուն ՀՀԿ-ական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը: Այդ օրը, սակայն, ArmLur.am-ի տեղեկություններով, ընտրություններն այնքան էլ հարթ չեն անցել: Ուշագրավ է, որ մինչ այս ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որպեսզի հենց իրենց թեկնածուն՝ վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանն ընտրվեր: Քարոզարշավին անգամ Չարենցավան էին այցելել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Եվ չնայած բուն ընտրությունների օրը պատգամավորներն այնտեղ երեւացող հատվածներում չէին, սակայն բավական ակտիվ էր հենց Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Ականատեսներն ArmLur.am-ին պատմեցին, որ ընտրությունների օրը նա բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: ArmLur.am-ը մի քանի օր շարունակ փորձում է հենց Ավետ Կոնջորյանից հասկանալ՝ ինչու է նման պահվածք դրսեւորել ընտրությունների օրը,  վերջինս, սակայն, հակված չէ պատասխանել մեր հարցերին: Նախկին իշխանություններին մերժված բարքերի համար մեղադրող երիտհեղափոխականներն ու նրանց հարազատներն իրենց վարքով չեն տարբերվում նախկիններից, պարզապես նրանց պաշտոնն ու իշխանությունն էր անհասանելի:

 

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեծագույն խանդավառությամբ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: Բոլորի աչքի առաջ ու առանց ավելորդ համեստությունների ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեւանցիների հետ հանդիպումների անվան տակ բացահայտ քարոզարշավ է իրականացնում կամ փորձում շոշափել մարդկանց տրամադրվածությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ՔՊ-ում արդեն անգամ Ավինյանի նախընտրական շտաբի պետի հավանական թեկնածուին են քննարկում: Մեր տեղեկություններով՝ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է: Թեեւ ՔՊ-ի ներսում ոչ բոլորն են ընդունում հանգամանքը, որ հենց Թորոսյանը պետք է ղեկավարի Ավինյանի շտաբը, բայց կարծես համակերպվել են այդ մտքի հետ: Եվ, առհասարակ, թեեւ մեկ տարի ժամանակ կա Երեւանի ավագանու ընտրություններին, բայց իշխանականները մի քանի թեւի ու թիմի են բաժանվել եւ ներքին պայքար են տանում, թե ում խոսքը պետք է վերջինը լինի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի՝ վերին էշելոնի դեմքերն անում են հնարավորը, որ կարողանան իրենց ցանկալի անձանց ներառել ավագանու համամասնական ցուցակում: Այս օրերին, երբ հասարակությունը, շունչը պահած, ամեն պահի սպասում է, որ հակառակորդի հաջորդ արկը կարող է Երեւանի վրա ընկնել, իշխանականները քաղաքապետի ընտրության են պատրաստվում: Ի~նչ էլ սիրտ ունեն…

 




Լրահոս