ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հունիսի 7-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել առանձնակի դաժանությամբ սպանության համար մեղադրվող Կ. Ք.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 15 մլն դրամը, որը 2022թ.-ի հունիսի 16-ին վճարվել էր, եւ ամբաստանյալը ազատվել է արգելանքից:

 

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թ.-ի հունվարի 15-ին որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ձախ ականջի ամպուտացիայով եւ աջ ականջի կտրած վերքով, ագոնալ վիճակում «Սպիտակի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 1978 թ.-ին ծնված Գ.Մ-ն, որը, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր Կ.Ք.-ն: Նախաքննության մարմնի` 2019 թ. հունվարի 18-ի որոշմամբ նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 7-ի որոշման դեմ մեղադրողի կողմից 2022թ.-ի հունիսի 24-ին բերվել է վերաքննիչ բողոք՝ փաստելով, որ՝

-չի նվազել ամբաստանյալ Կ.Ք.-ի կողմից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը,

-հանցանքի ծանրությունը եւ պատժի խստությունը կարող են անձին դրդել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը (Կ. Ք.-ին մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկման ձեւով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում),

-բացի այդ, մինչ օրս հանցագործության գործիք հանդիսացած ակոսափող ատրճանակն ու դանակը չեն հայտնաբերվել, հետեւապես որեւէ կերպ չի նվազել նաեւ ամբաստանյալի կողմից գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ռիսկը, ինչը ոչ իրավաչափորեն հաշվի չի առնվել առաջին ատյանի դատարանի կողմից:

Բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Կ. Ք.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը թերեւս հենց միայն կալանավորման մատնանշված հիմքերն անտեսելու առումով առերեւույթ հիմնավոր չէ:

Նշվածի համատեքստում, առանձին ուշադրություն է հրավիրվել նաեւ Կ. Ք.-ի անձի եւ նրան մեղսագրված արարքի ծանրության աստիճանի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար էական նշանակություն ունեցող հետեւյալ հանգամանքներին՝

-հանցանքը կատարվել է հրազենով եւ դանակով զինված խմբի կազմում, առանձին դաժանությամբ,

-հանցանքը կատարվել է հանրային նշանակության հաստատությունում՝ ապահովագրական ընկերության գրասենյակում,

-տուժողի նկատմամբ դրսեւորել է առանձին դաժանություն, մասնավորապես՝ դանակով կտրել է արդեն իսկ հրազենային վիրավորումներ ստացած եւ օգնություն աղերսող տուժողի ականջախեցիները, ընդ որում՝ ամպուտացնելով ձախ ականջախեցին եւ այլն:

Այսպիսով, ներկայացվել է, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, եւ նման պայմաններում փաստ է, որ միայն կալանավորման ձեւով նախատեսված խափանման միջոցով է հնարավոր վարույթի շրջանակներում ապահովել նրա պատշաճ վարքագիծը, իսկ այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, չեն կարող լինել պիտանի, ունենալ զսպող ազդեցություն եւ ի զորու չեն ամբաստանյալին հետ պահել ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելուց։

Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողի բողոքը, ամբողջությամբ համաձայնելով բերված բողոքի հիմնավորումներին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի թիվ ԼԴ2/0085/01/19 որոշումը` ամբաստանյալ Կ. Ք.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բեկանել, իսկ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը մերժել՝ ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչելով անթույլատրելի:

 

 

 

ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին,  Երեւանի Բագրատունյաց պողոտայում՝ Երեւանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. եղել են արգելափակված քաղաքացիներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կայանած Ford Transit մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով մինչ փրկարարների հասնելը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են:

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նուբարաշենի 41-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում առերեւույթ հանցագործություն կատարած 37-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նուբարաշենի 41-ամյա բնակչուհին կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է 37-ամյա իր ծանոթի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ 21.03.2022թ.-ին՝ ժամը 12:45-ին, գնալով «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի բակ, իր հետ նախապես տարած քիմիական լուծիչը լցնելով Արա Դալլաքյանին պատկանող «Կիա» մակնիշի 02ZM001 համարանիշի ավտոմեքենայի վրա, հրկիզել է այն եւ հեռացել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ տեղում հավաքված քաղաքացիների միջամտությամբ մարվել է բռնկված կրակը եւ ավտոմեքենայի այրման արդյունքում Ա. Դալլաքյանին պատճառվել է գույքային վնաս։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում 31-ամյա երիտասարդը համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին:

31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Հրազենը վերցվել է: Հանգամանքները պարզվում են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ  ՈՐՍ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապօրինի  որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացրել են  շրջայցեր։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի Քյարմամադի ձորի տարածքում  հայտնաբերվել է անհայտ անձի կողմից տեղադրված մետաղալարե, ինքնաշեն, արջ որսալու համար նախատեսված 2 թակարդ:

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները թակարդները հանել եւ առգրավվել են։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Խստացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։

 

 




Լրահոս