2021 թվականի հունվարի 1-ից հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժներն ու սովորողներն օգտվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումից:
2021 թ. փոխհատուցման կարգից օգտվել են 5030 մանկավարժ եւ 2769 դպրոցահասակ սովորող, փոխհատուցվող տրանսպորտային ծառայությունների ծախսը կազմել է 401 մլն 578 հազար ՀՀ դրամ: 2022 թ. մեկ կիսամյակում կարգից օգտվել են 5096 մանկավարժ եւ 2492 սովորող, ծախսը կազմում է 188 մլն 365 հազար ՀՀ դրամ: Այսինքն` պետական աջակցության այս ծրագրից տարեկան միջին հաշվով օգտվում է շուրջ 7500 քաղաքացի: Հիշեցնենք, որ մանկավարժների եւ սովորողների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են՝
-փոխհատուցվում է սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջեւ հեռավորությունն առնվազն 3 կմ էր:
-Մանկավարժները (այդ թվում` դասավանդող նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 եւ ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաեւ տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
-Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի եւ դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:
-Միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղի լինելու դեպքում փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:
-Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, եւ տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների եւ ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:
Նշենք, որ 2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները ստանում են նաեւ ուսուցչի օգնականները եւ հատուկ մանկավարժները:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել՝ վերստուգման արդյունքների հիմքով: Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։
Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։ Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, եւ ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ, տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ Կարգադրագրի 12 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։ Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի հունիսի 23-ը։
Տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 22-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 22-25-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։ Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, եւ խախտումները չեն վերացվել։ Նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական եւ ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ք. Երեւան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները»։
Նշենք, որ երեկ «Փեթակ»-ի աշխատակիցները սովորականի պես գնացել են աշխատանքի եւ անակնկալի եկել՝ տեսնելով, որ այն փակ է: Նրանք բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ:
ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին ծնվածների թիվը պակասել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի 8 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 23 հազար 478, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 22 հազար 964:
Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 324-ից հասնելով 292-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել, քիչ ամուսնանալ: ՀՀ վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2981, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 90-ով, իսկ, ահա, ամուսնությունները 2020-ի հունվար- օգոստոս ամիսներին կազմել են 7716, 2020-ին՝ 11262, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 10 880:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՐԻԿԱՄԻ ՎԱՃԱՌՔ
Բերդ խոշորացված համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված Համբարձում Օրդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վազաշեն գյուղին հարակից տարածքի անտառամիջյան հատվածում, նախկինում ունեցած 640 000 ՀՀ դրամ պարտքը վերադարձնելուն որպես այլընտրանք, Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ Խաչատուր Սուլյանի կողմից իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու կամ երեխայի երիկամներից մեկը վաճառելու շուրջ մտածելու առաջարկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ փայտով հարվածել է Խաչատուր Սուլյանի գլխի ձախ հատվածում, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել եւ գլորվել առվի մեջ: Այնուհետեւ Համբարձում Օրդյանը փորձել է օգնել Խաչատուր Սուլյանին դուրս գալ առվից, սակայն վերջինս, սեռական հայհոյանքներ տալով, ձեռքի դանակը թափահարել է, սպառնացել է ոչնչացնել Հ. Օրդյանին, այնուհետեւ փայտով հարվածել է վերջինիս ձախ դաստակին, որից հետո Հ. Օրդյանը կրկին փայտով հարվածել է Խաչատուր Սուլյանի գլխին, որի հետեւանքով վերջինս բերանքսիվայր ընկել է առվի մեջ, իսկ Հ. Օրդյանը առվից քար է վերցրել եւ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դրանով հարվածել է Խաչատուր Սուլյանի գլխի ծոծրակային հատվածում: Տեսնելով, որ վերջինս անշարժացավ, դիմել է փախուստի։ 7-ամյա կրթությամբ, խնամքին մեկ անչափահաս երեխա ունեցող Համբարձում Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, մանկության ընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում գնահատանքի եւ բարեմաղթանքներ է հղել ուսուցիչներին, ուր այսպիսի խոսքեր կան. «Գաղտնիք չէ, որ հենց ուսուցչին է վերապահված մեր հայրենիքի վաղվա օրվա ձեւավորման առաքելությունը, ինչը դուք կատարում եք պատվով, անտրտունջ, երբեմն նույնիսկ՝ ոչ դյուրին պայմաններում»: Ուսուցիչներն իսկապես անտրտունջ են աշխատում, տարիներ շարունակ նրանց ցածր աշխատավարձերը չեն բարձրացնում, իսկ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները, իրենց բարձր աշխատավարձից զատ, այս տարի պետական բյուջեից 88 միլիոն 92 հազար 700 դրամ պարգեւավճար են ստանալու։ Սահմանամերձ Բերդավանի, Ոսկեվանի, Արծվաբերդի, Սարիգյուղի եւ բազում այլ դպրոցների շենքերը նորոգման կարիք ունեն, սակայն այդ նպատակով գումարներ չեն հատկացվում, պետական բյուջեն մսխվում է պաշտոնյաներին պարգեւավճարներ բաժանելու վրա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ