ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ՝ ՏՏ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարբեր բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 29 ուսանող արժանացան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ վարչապետի կրթական մրցանակների:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու եւ  խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կրթական 6 մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների եւ աշակերտների համար նախատեսված մրցանակները շնորհվում են ամեն տարի: Այս տարի արդեն 18-րդ անգամ տեղի ունեցավ  ուսանողներին կրթական պարգեւների մրցանակաբաշխությունը։

«Ինձ համար պատիվ է այսօր վարչապետի անունից շնորհելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները: Գաղտնիք չէ, որ ՏՏ զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար մերօրյա իրականության մեջ: Մենք զարգացումը կարեւորում ենք ոչ միայն տնտեսական ոլորտի տեսանկյունից, այլ նաեւ դիտարկում ենք որպես բոլոր առանցքային եւ կենսական նշանակություն ունենք ոլորտների զարգացման շարժիչ ուժ, ի վերջո նաեւ մարդկային կապիտալի զարգացման շարժիչ ուժ»,-ասաց փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այդ ուսանողներն իրենց գիտելիքներով, ստեղծագործությամբ եւ հմտություններով ստեղծում են վաղվա Հայաստանը:

Ամեն անվանակարգի համար համալսարանները ներկայացնում են 10-ական ուսանողներ: Այս տարի հարցազրույցներին մասնակցել են 6 բուհերի 116 ուսանողներ: Մրցանակի արժանացավ 29-ը, գլխավոր մրցանակ 2022-ին չշնորհվեց: Հանձնվեցին լավագույն բակալավր, լավագույն մագիստրանտ եւ լավագույն ասպիրանտ անվանակարգերում 1-ին եւ 2-րդ կարգի մրցանակներ: Մրցանակակիրներից է  նաեւ Հայ-ռուսական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Գիսանե Խաչատրյանը, որը սովորում է Կենսաինժեներայի եւ կենսաինֆորմատիկայի բաժնում: «Մենք ուսումնասիրում ենք կենսաբանական տարբեր հիվանդություններ: Կոնկրետ ես զբաղվում եմ գենետիկական տարբեր հիվանդությունների ուսումնասիրմամբ՝ հենց համակարգչային նոր ծրագրավորման լեզուների օգնությամբ անալիզ անելով»,-ասաց ուսանողը:

Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցելու համար պահանջվում է, որ ուսանողն ունենա բարձր ՄՈԳ, տպագրված մի քանի հոդված, ակտիվ ուսանող լինի, որից հետո միայն կարող է անցնել հարցազրույցի փուլը: Ստացած գումարով նա պլանավորում է ծրագրավորման կուրսեր անցնել: Ըստ ուսանողի՝ Հայաստանում հիմա շատ հնարավորություններ կան զբաղվելու ՏՏ ոլորտով եւ կոնկրետ իր՝ կենսաինֆորմատիկայի՝ այս պահի դրությամբ ոչ այնքան հայտնի մասնագիտությամբ: «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունն են: ՀՆԱ-ում ՏՏ-ի տեսակարար կշիռը մոտ 5 տոկոս է կազմում: Հայաստանում այսօր գործում են շուրջ 3000 ՏՏ ընկերություններ, որոնցից շուրջ 2000-ը ստարտափներ են: «Գաղտնիք ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ այդ ընկերությունների հիմնական կորիզը կազմում են մեր տաղանդաշատ պատանիները, որոնցից շատերը նաեւ այս մրցանակաբաշխության միջոցով են բացահայտվել եւ խրախուսվել: Այս մրցանակաբաշխությունը կազմակերպելու մեր հիմնական խնդիրն այն էր, որ մենք մեր տաղանդաշատ պատանիներին ուղղորդենք դեպի գիտակրթական ոլորտ, դեպի տեխնոլոգիական ձեռներեցություն»,- ասաց Մուսայելյանը: Նա ընդգծեց, որ «Սինոփսիս»-ի համար շատ կարեւոր է երկրում IT ենթակառուցվածքների զարգացումը: Ընկերությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են ՏՏ ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում, դրանցից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է: Մրցանակաբաշխությունը «Սինոփսիս»-ը իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ: «Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին էլ հավելեց՝ բավականաչափ չի կարող ընդգծել ՏՏ ոլորտի կարեւորությունը երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ ազգային անվտանգության համար. «ՏՏ-ն դառնում է շատ ավելին, քան պարզապես լավ աշխատանքը. այն սկսում է փոխել մարդկանց կենսակերպը, մեր կյանքը: Սա ոլորտ է, որը ոչ միայն ֆինանսական առումով ձեզ կբավարարի, այլ մեծագույն բավարարվածությունը պետք է լինի այն, թե ինչպես եք դուք իսկապես փոխում մարդկանց, տնտեսության, երկրի հաղորդակցման ձեւերը»:

«Լավագույն մագիստրանտ» 1-ին եւ 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 750 եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

«Լավագույն բակալավր» 1-ին եւ 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 500 եւ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

«Լավագույն ասպիրանտ» 1-ին եւ 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 եւ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

 

 

 

ՃԱՆԱՉԵ՛Ք ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել.

 

«ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին

-Նկատի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը եւ դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին եւ այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան:

-Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որեւէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

-Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը եւ Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի՝ միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջեւ ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»»

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

«2022 թվականին Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում ականներով եւ չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մակերեսը կազմում է 18 310 000 քմ»,- հոկտեմբերի 7-ին ասաց Մարդասիրական ականազերծման փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարինե Հախնազարյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանի վերը նշված չորս մարզերը համարվում են ամենավտանգավորը չպայթած ականներով աղտոտվածության տեսանկյունից։

Ներկայացված տվյալները վերաբերում են սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիային նախորդող ժամանակաշրջանին։

Նա տեղեկացրեց, որ այս տարի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում ականներից եւ չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 55 000 քմ տարածք։

 

 

 

ՊԱՐԵՆԻ ԳՆԵՐԸ

Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ: Այդ մասին ասվում Է ՄԱԿ-ի պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրում:

«2022 թվականի սեպտեմբերին ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի (ՖՊԳԻ) միջին ցուցանիշը կազմել է 136,3 կետ, ինչը 1,5 կետով (1,1 տոկոս) ցածր է օգոստոսի ցուցանիշից. այսպիսով, դրա նվազումը շարունակվում Է վեցերորդ ամիսն անընդմեջ: Չնայած հետագա անկմանը՝ ՖՊԳԻ-ն 7,2 կետով (5,5 տոկոս) բարձր Է անցյալ  տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը նաեւ գրանցում Է ինդեքսների նվազում առանձին պարենային խմբերում: Այսպես, բուսական յուղի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 10,8 կետով կամ 6,6 տոկոսով՝ հասնելով 152,6 կետի, ինչն ամենացածր ցուցանիշն Է 2021 թվականի փետրվարից: Դա պայմանավորված Է արմավենու, սոյայի եւ արեւածաղկի յուղի գների նվազմամբ: Հացահատիկի գների ինդեքսը, սակայն, աճել է մինչեւ 147,8 կետ (2,2 կետով օգոստոսի նկատմամբ կամ 1,5 տոկոսով): ՖԱՕ-ն դա բացատրում է նոյեմբերից հետո սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շարունակվելու հետ կապված աճող անորոշությամբ: Շաքարի գների ինդեքսը սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,8 կետով կամ 0,7 տոկոսով՝ հասնելով 109,7 կետի: Այդ ցուցանիշը նվազում է հինգերորդ ամիսն անընդմեջ եւ հասել Է 2021 թվականի հուլիսից ի վեր ամենացածր ցուցանիշին: Կաթնամթերքի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,8 կետով կամ 0,6 տոկոսով՝ հասնելով 142,5 կետի: Կազմակերպությունը դա բացատրում Է դոլարի նկատմամբ եվրոյի թուլացմամբ: Մսի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,6 կետով կամ 0,5 տոկոսով՝ հասնելով 121,4 կետի: Ամենից շատ նվազել են ոչխարի եւ տավարի մսի գները. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 




Լրահոս