ԻՆՉՈ՞Ւ Է ԿՐՃԱՏՎԵԼ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գրադարանների թիվը զգալի կրճատվել է: Նախորդ տարվա տվյալների համաձայն՝ հաշվառված է եղել 649 գրադարան, որից 12-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության պետական գրադարաններ են, 629-ը՝ համայնքային: Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ համայնքային գրադարանների թիվը դարձել է 370: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:

 

Գրադարանների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է համայնքների խոշորացմամբ: Վերջին շրջանում մի քանի փուլով իրականացվեց համայնքների խոշորացում, եւ դրան զուգահեռ որոշ գրադարաններ փակվեցին: Սա շատ լուրջ խնդիր է, եւ մենք փորձում ենք ինչ-որ ձեւով աջակցել համայնքային գրադարաններին:

Համայնքային գրադարաններն հենց համայնքների հոգածության ներքո են գործում: Եվ քանի որ համայնքները ֆինանսապես ապահովված չեն, հետեւաբար չեն կարողանում պահպանել գրադարանի բնականոն գործունեությունը: Համայնքային գրադարանների մի մասը իրենց գրքերի հավաքածուները հանձնում են դպրոցներին, մի մասը դեռ պահում են, մինչեւ խնդրին լուծում կտրվի:

Խոսելով գրադարանների առջեւ ծառացած մարտահրավերներից՝ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը նշեց, որ ամենակարեւորը ժամանակակից տեխնոլոգիաներով համալրումն է, որպեսզի կարողանան ժամանակին համահունչ բավարարել ընթերցողների պահանջարկը: Դրանից բացի, առաջնային է նոր գրականությամբ համալրումը:

Թյուր կարծիք է, որ գրադարաններում այցելությունների թիվը կրճատվել է: Գրադարաններն ամեն ինչ անում են, որ ընթերցողներին ներգրավեն: Միջոցառումները բազմազան են՝ գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, բանավեճեր, քննարկումներ: Այսօր նաեւ մեր խնդիրն է գրապահոցները համալրել նոր, ժամանակակից գրականությամբ:

Գրադարանները գրքերով համալրելու խնդիրը բարձրաձայնեց նաեւ Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ  Ամիրյանը: Նա տեղեկացրեց, որ պետության կողմից սուբսիդավորման գումարը կրկնապատկվել է, ինչը որոշակի խնդիրը լուծում է, սակայն դիմում են նաեւ այլ միջոցներին՝ բարեգործություն, նվիրատվություն:

Այստեղ հրատարակիչներն էլ անելիք ունեն: Պետք է հրատարակեն այնպիսի գրականություն, որ իսկապես հետաքրքրիր է ընթերցողներին, եւ այն, ինչ պահանջված է: Կոնկրետ կրթական ծրագրերին վերաբերող գրականություն չենք կարողանում գրախանութներում ճարել, վաճառքում չկան մասնագիտական գրքեր:

Խոսելով համալրումների խնդրից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը տեղեկացրեց, որ նախարարության ենթակայության տակ գործող մարզային գրադարաններին տարեկան 2 մլն դրամ է հատկացվում նոր գրականություն ձեռք բերելու համար: Տարբեր ծրագրերի շրջանակում փորձում են աջակցել նաեւ համայնքային գրադարաններին:

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դիրիժոր Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբն ու երգչախումբը հոկտեմբերի 14-17-ը առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ:

Կոլեկտիվի հայաստանյան հյուրախաղերը տեղի են ունենում Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ:

Նախագծի կազմակերպիչը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահն են:

Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Ծրագիր՝

Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի),

Իտալական կապրիչո,

«Ռոմեո եւ Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիա (ըստ Շեքսպիրի):

Շրջագայության ծրագրի գագաթնակետն է հոկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19։30-ին կայանալիք Ալֆրեդ Շնիտկեի Երգչախմբային կոնցերտի  կատարումը:

 

 

 

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Արքայազն Հարրին եւ երգիչ Էլթոն Ջոնը դատի են տվել բրիտանական Associated Newspapers հրատարակչությանը (որը թողարկում է Daily Mail թերթը) անձնական կյանք ներխուժելու համար։

Հայցեր են ներկայացրել նաեւ դերասանուհիներ Էլիզաբեթ Հերլին եւ Սադի Ֆրոստը, ինչպես նաեւ ակտիվիստ բարոնուհի Դորին Լոուրենսը։

Hamlins իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Հարրի եւ Ֆրոսթի շահերը: Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք «զարհուրելի հանցավոր գործունեության եւ գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումների զոհ են դարձել»:

Gunnercooke-ը, որը ներկայացնում է Ջոնին, Հերլին եւ Լոուրենսին, նույնպես երեք առանձին հայց է ներկայացրել հրատարակչության դեմ «անձնական տեղեկատվության չարաշահման համար»:

Ըստ Variety-ի՝ Associated Newspapers-ը, իբր, վարձել է մարդկանց՝ հայտնի անձանց մեքենաներում եւ տներում գաղտնալսող սարք տեղադրելու, նրանց հեռախոսային խոսակցությունները լսելու եւ որոշ իրավապահների վճարելու՝ նրանց մասին տեղեկություններ տրամադրելու համար:

Նաեւ, ըստ հայցվորների փաստաբանների, հրատարակչության կողմից աշխատանքի ընդունված անձինք, իբր, «ապօրինի միջոցներով» մուտք են գործել բանկային հաշիվներ։

 

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՈՂԱՐԿՎԻ

Ռոբ Շնայդերը հայտարարել է 2001 թվականի «Կենդանին» գիտաֆանտաստիկ կատակերգության շարունակության մասին։

Շարունակությունը կթողարկվի Tubi հոսքային ծառայությունում։ Շնայդերը կկրկնի ոստիկան Մարվին Մանգեի դերը, ում կենդանիների տարբեր օրգաններ են փոխպատվաստել։ Նա նաեւ կգրի սցենարը եւ հանդես կգա որպես նախագծի պրոդյուսեր եւ ռեժիսոր:

Սիքվելում Մարվինը կանցնի թոշակի, բայց նա եւս մեկ անգամ պետք է օգտագործի իր հին հմտությունները, երբ հանդիպի մի կենդանու, որը գերազանցում է իր կարողությունները։

 

 

 

 

 

ՀԱՆՎԵԼ ԵՆ ԵԹԵՐԻՑ

Ռուսաստանում ռադիոկայանների եթերից հանվել են Ուկրաինային հրապարակայնորեն աջակցած կատարողների ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այժմ ռուսները տեղական ռադիոյով չեն լսի Ալլա Պուգաչովայի երգերը, որն իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից անմիջապես հետո մեկնել է Իսրայել եւ դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը։

Մոսկվայի ռադիոկայաններից մեկի խմբագիրը, որը ցանկացել է անհայտ մնալ, նշել է, որ Կոնստանտին եւ Վալերի Մելաձեների ստեղծագործությունները հանվել են եթերից։ Արգելքի տակ են նաեւ Պոլինա Գագարինայի, «Վիա Գրա» խմբի եւ մոտ մեկ տասնյակ այլ երաժիշտների երգերը, որոնք համագործակցում էին Մելաձե եղբայրների հետ։

«Սեւ ցուցակում» են ընդգրկվել նաեւ ամերիկացի աստղերը, մասնավորապես՝ Մադոննան ու Լեդի Գագան այլեւս չեն հնչի ռուսական ռադիոկայանների եթերում, քանի որ երգչուհիները հրապարակավ դատապարտել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, իսկ Լեդի Գագան նույնիսկ համերգի ժամանակ ռուսներին հիմար է անվանել։

 

 

 

 

 

ԾՆԿԻ ՎՆԱՍՎԱԾՔ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ծնկի վնասվածք է ստացել պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում (1:1)։

Այդ խաղում Մեսին դարձել էր գոլի հեղինակ։ Նա փոխարինվել էր 81-րդ րոպեին։ Մեսին էր խնդրել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեին փոխարինել իրեն։

Վնասվածքը ծանր չէ, սակայն Մեսին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։




Լրահոս