Լուսանկարն արվել է Երեւանում
Դավիթաշեն կամրջի սկզբնամասում բախվել են Երեւանի բնակիչներ 29-ամյա Ա. Պապոյանի վարած Ford մակնիշի եւ 37-ամյա Դ. Թամամյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Տուժածներ չկան:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ կարող է ուսուցիչը դիմել տարակարգ ստանալու համար։
Հասմիկ Սիրեկանյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 3-ից, որով սահմանվել են փոփոխություններ նաեւ ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:
Համաձայն վերոգրյալ օրենքի պահանջների՝ մարտի 3-ից սկսած՝ տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է հետեւել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքէջին եւ տարակարգի շնորհման համար դիմում ներկայացնել ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունումից հետո։
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2021-2022 ուսումնական տարվանից հանրակրթական ուսումնական հաստատության պետական ավարտական փաստաթուղթը տրվելու է էլեկտրոնային եղանակով։ Ավարտական փաստաթղթի նմուշը հաստատվել է ՀՀ կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N320 որոշմամբ։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար:
Իվան Դանիելյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, այն է՝
հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում եւ բնակելի տներում, ինչպես նաեւ համապատասխան օբյեկտներ նախագծելիս եւ կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու եւ հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը
-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը
-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը
-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն ու տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (այսինքն` մեկ միլիոն դրամ):