ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 109

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին՝ խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով եւ հայտնել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ այդ օրը նա շատ խոսեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մասին։ «Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ»,- հայտարարեց Փաշինյանը։ Այս պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանն այն ներկայացնում է Օսկանյանի ընդհանուր մտքի համատեքստից կտրված։ Խոսքը 2001 թվականին Վարդան Օսկանյանի տված մի հարցազրույցի մասին է, որտեղ նա խոսում է Ղարաբաղյան հակամարտության եւ բանակցությունների մասին։ Նախ՝ Օսկանյանը հայտարարում է. «Հայաստանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում»։ Այսինքն՝ 2001 թվականին ԱԳ նախարարը բացառում էր որեւէ դեպքում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Այնուհետեւ Օսկանյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի՝ Հայաստանի համար ցանկալի լուծման դեպքում Ադրբեջանին կվերադարձվեն 7 շրջաններից 6-ը։ «Գիտեք, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ (Զանգելանի շրջանում,- խմբ.) բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի՝ մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն»,- հայտարարում է Օսկանյանը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ օկուպացված տարածքների մասին Օսկանյանի խոսքը վերաբերում է ոչ թե Ղարաբաղին ընդհանրապես, այլ նախկին ԼՂԻՄ-ի հարեւան 7 շրջաններին, որոնցից 6-ը հակամարտության լուծման դեպքում կվերադարձվեին Ադրբեջանին։ Եվ Փաշինյանի պնդումը, թե քանի որ Օսկանյանը խոսել է Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մասին, ապա դրանով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է։ Այսպիսով փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

Խորհրդավոր պայմաններում գլխավոր տնօրեն փոխած «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն՝ «Վիվա ՄՏՍ»-ը, ըստ «Սիվիլնեթ»-ի, վաճառքի է հանվել: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին «Վիվա ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անակնկալ կերպով հեռացավ պաշտոնից, լուրեր կան՝ նաեւ Հայաստանից, եւ տնօրեն նշանակվեց ներսից Արմեն Ավետիսյանը: Այս հեռացումն իհարկե շատ հարցեր է առաջացրել, որոնց կանդրադառնանք առաջիկայում, բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «ՄՏՍ Արմենիա» ընկերությունից պարզել, թե ինչու են վաճառում, որքան արժեն ընկերության բաժնետոմսերը, եւ ով է հավանական գնորդը, սակայն այդպես էլ պատասխան չստացանք. խոստացան այսօր մանրամասնել: Մինչ այս փորձագիտական հանրույթը այս վաճառքի մասին տեղեկությունը համարում է որպես օդի մեջ եղած խոսակցություն այն պարզ պատճառով, որ իրականում վաճառքը, եթե նույնիսկ լինի, արհեստական մի գործընթաց է լինելու: Հիշեցնենք, որ «Վիվա ՄՏՍ»-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ Մյուս 80 տոկոսի (սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության ավելի քան 42 տոկոսի) բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է Լյուքսեմբուրգում գրանցված Allegrato Holding SARL ընկերության միջոցով։  Քանի որ Եվտուշենկովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի պատժամիջոցների տակ, ինչպես նաեւ հեռացվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակից, ուստի փորձում է կեղծ վաճառքի միջոցով ազատվել պատժամիջոցներից։ Ամեն դեպքում, մենք դեռ սպասելու ենք «Վիվա ՄՏՍ» ընկերության պարզաբանումներին:

 

 

 

Հոկտեմբերի 7-ին՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի՝ մի քանի ժամում ԲԴԽ նախագահ նշանակվելուց հետո, խորհրդում  լարված խոսակցություններ են սկսվել անդամների  միջեւ, որից  3 օր անց  ազատման դիմում գրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: «Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ եւ խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաեւ վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլեւս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով»,- գրեց Բարձրագույն դատական խորհրդից հեռացող Բեքմեզյանը: Ակնհայտ  է, որ  Գրիգոր  Բեքմեզյանը իր հայտարարությամբ  փաստեց, որ  ԲԴԽ-ն անկախ  մարմին չէ, եւ  ինքը չի ցանկանում մաս դառնալ այն գործընթացների, որոնք սպասվում են դատական համակարգում: ԲԴԽ-ում  այսքանով  ազատումները  չեն ավարտվելու: «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ ԲԴԽ անդամներից, ամենայն հավանականությամբ, երկու հոգի եւս կգնան Բեքմեզյանի ճանապարհով  եւ  ազատման դիմում կգրեն: Ստացվում է՝ ողջ խորհուրդը կդառնա իշխանական ՔՊ-ի կցորդը, այլ ոչ անկախ դատական համակարգի երաշխավորը:

 

 

 

Հայկական աղի արտադրությունը զգալի նվազել է, պաշտոնական տվյալներով՝ 40.2 տոկոսով: Պատճառը ներմուծման ծավալների ավելացումն է: Նշենք, որ աղ Հայաստան մտնում է հարեւան Իրանից եւ ավելի էժան է, քան տեղականը: Ըստ «Աղի կոմբինատ»-ի տվյալների՝ մեր հանրապետություն մտնում է իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ, որը իրացվում է որպես կերակրի աղ: Անգամ առեւտրի որոշ կետերում անարգել վաճառվում են հայկական աղի փաթեթավորման նման տուփով իրանական աղ՝ սրանով սպառողին մոլորեցնելով: «Աղի կոմբինատ»-ի գործադիր տնօրեն Արմեն Վասիլյանի խոսքով՝ ներկրված տեխնիկական աղն ամբողջովին օգտագործվում է հացի, երշիկի, ձկնեղենի պահածոների արտադրություններում: Նրա խոսքով՝ սահմանին ներկրվածի քիմիական բաղադրությունը չի ստուգվում եւ այն մաքսազերծվում է ծիծաղելի գներով: Բացի այս, պարկերի վրա սննդի մեջ չօգտագործելու վերաբերյալ գրառումները բացակայում են, մինչդեռ պետք է նշված լինի «արգելված է օգտագործել սննդի մեջ» պարտադիր գրությունը: Ընդգծենք, որ տեխնիկական աղը սննդի համար նախատեսված չէ. այն օգտագործվում է ձյուն-սառույց հալեցնելու, գործարաններում՝ ջրի փափկեցման, գյուղատնտեսությունում՝ կենդանիների կերակրման համար: Դա նույնն է, որ, օրինակ, մեքենայի մեջ լցվող յուղով ձվածեղ պատրաստեն։

 




Լրահոս